HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խախտումներ են հայտնաբերվել Խաչատուր Քոքոբելյանի որդու հէկի շինարարության ժամանակ․ քրեական գործ է հարուցվել

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդուն պատկանող հիդրոէլեկտրակայանի գլխամասային հանգույցը խախտումներով է կառուցվել։ Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խախտումների համար ակտ է կազմել, որը չի ընդունում հէկը շահագործող ընկերությունը։ Ավելին, դատական կարգով այժմ վիճարկում է տեսչական մարմնի կազմած ակտը։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները 2019 թ․-ին հողերի օգտագործման խախտումներ են հայտնաբերել Տավուշի մարզի Լուսաձոր և Խաշթառակ համայնքներում։ Այս համայնքների վարչական տարածքները բաժանվում են Աղստև գետով։ Լուսաձոր համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ փոքր հէկի ջրահավաք ավազանը կառուցելու նպատակով համայնքի ղեկավար Սուրեն Քոչարյանը 2013 թ․-ին գրությամբ դիմել է Տավուշի մարզպետին, որպեսզի նա էլ իր համայնքի ջրային հողերից հողահատկացման նպատակով միջնորդություն ներկայացնի Ջրային տնտեսության կոմիտե: Կոմիտեն տվել է համաձայնություն, և «Դավսեր» ՍՊԸ-ին պետական սեփականություն համարվող ջրային հողերից հողահատկացում է կատարվել՝ կառուցապատման իրավունքով։ Պետական գրանցում է կատարվել 420 քմ ջրային հողի նկատմամբ, սակայն ընկերությանը տրամադրված տարածքը, որը չափագրվել և հետագայում տեղադրվել է կադաստրային քարտեզում, համայնքային սեփականության գյուղատնտեսական նպատակային նշանակության գյուղատնտեսական այլ հողամաս է։

Հետագայում «Դավսեր» ՍՊԸ-ն կառուցապատման իրավունքը վաճառել է «Կոկ սիստեմ» ՍՊԸ-ին, որին էլ 2016 թ․-ի մարտի 2-ին տրամադրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք, իսկ մեկ ամիս անց՝ շինարարական թույլտվություն։ 2017 թ․-ին էլ «Կոկ» փհէկին տրվել է գլխամասային հանգույցի ավարտական ակտը։

«Սակայն տեղազննումից և ՋԻՊԻԷՍ/GPS կայանով տեղագրական հանույթից պարզվեց, որ շինությունը 0.143 հա է, կառուցված է ոչ հատկացված և ոչ էլ պետական գրանցում ստացված վայրում, այլ 11.5-14 մետր շեղումով։ Շինությունը միաժամանակ գտնվում է Լուսաձոր և Խաշթառակ համայքներում»,- ասված է տեսչական մարմնի աշխատակիցների կազմած ակտում։ Այսինքն՝ կառուցապատման իրավունք են ունեցել 420 քմ գրային հողի վրա, սակայն կառուցել են 1430 քմ շինություն՝ թույլատրելիից 1010 քմ ավել։

Այս ակտի հիմքով էլ 2019 թ․-ին 150 հազար դրամ վարչական պատասխանատվության է ենթարկվել Լուսաձոր համայնքի գործող ղեկավար Վարդան Սարսարյանը։

Համայնքի ղեկավարի պարզաբանումը

2017 թ․-ին «Կոկ» փհէկին տրվել է գլխամասային հանգույցի ավարտական ակտը։ Այդ ժամանակ ավարտական ակտը հաստատողը (ավարտական ակտի հաստատման լիազորությունները տրված է համայնքի ղեկավարին) համայնքի ներկայիս ղեկավար Վարդան Սարդարյանն է եղել։

Լուսաձոր համայնքը 18 տարի ղեկավարած (1991-2005, 2016-ից մինչ օրս) Վարդան Սարդարյանը նշեց, որ իրեն ներկայացրել են արդեն 4-5 նախարարությունների կողմից հաստատված փաստաթղթեր, և ինքը մասնագետ չէ, որպեսզի նկատեր շինության համար նախատեսված տարածքի չափի խախտումը։

«Քաղաքաշինական կոմիտե, ճարտարապետանախագծային հաշվարկ, հողօգտագործման իրավունք, էդ բոլորը արած, պրծած, եթե կա ավարտական ակտ, ու բոլորն էդ ակտում ստորագրել են, դու չես կարա լոգիկայով մտածես՝ չափենք, կարո՞ղ ա էս մարդն էս շենքը 400-ի տեղը 1400 սարքած լինի։ Էդ բոլոր կառույցները մեղավոր չեն, վերջում մի գյուղապետ, էդքան պեչատներից հետո մեղավո՞ր ա։ Շինարարությունը ավարտած, մարդիկ էլ աշխատում են արդեն, դու ո՞նց կարաս ասես՝ չեմ ստորագրում։ Ես նախկին համայնքապետին էլ չեմ մեղադրում, թե ոնց ա եղել՝ շինթույլտվություն ա տվել, որովհետև էս բոլոր օղակների մեջ ո՞վ ա գյուղապետը։ Իմ պատկերացմամբ էնտեղ էդ 400 մետրն ա, 1400 մետրը մի տնամերձի չափ ա էլի»,- մեզ հետ զրույցում հայտնեց Վարդան Սարդարյանը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ գլխամասային հանգույցի հողը ջրային է, տեսչությունը համայնքից որևէ փաստաթուղթ չի պահանջել և տուգանել է Լուսաձորի համայնքապետին։

Ով է ձեռք բերել կառուցապատման իրավունքը և ում է վաճառել

Լուսաձոր համայնքի վարչական տարածքում Աղստև գետի վրա հէկ կառուցելու իրավունքը ստացած «Դավսեր» ՍՊԸ-ի 100 % բաժնետեր 2010-ից 2014 թվականներին եղել է ԱԺ նախկին պատգամավոր, «Իջեւանի ճանապարհների շահագործման եւ շինարարության» ՓԲԸ-ի նախկին գործադիր տնօրեն, ՀՀԿ-ական Արծրունի Ղալումյանը։ Մեկ այլ բաժնետեր փոխելուց հետո՝ 2015 թ․-ին, ընկերության 100 % բաժենտոմսերն անցել են ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդուն՝ Սևադա Քոքոբելյանին։ Մեկ ամիս անց Քոքոբելյանը դուրս է եկել ընկերության մասնակիցների ցանկից։ «Դավսեր» ՍՊԸ-ն Աղստև գետի վրա փհէկի կառուցապատման իրավունքը վաճառել է «Կոկ սիստեմ» ՍՊԸ-ին։ Այս ընկերության 100 % բաժնետերը 2015 թ․-ից մինչև 2017 թ-ը հանդիսացել է Խաչատուր Քոքոբելյանի հիմնադրած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Սոնա Մինասյանը։ 2017 թ․-ին 100 % բոժնետոմսերն անցել են Խաչատուր Քոքոբելյանի որդուն՝ Սևադա Քոքոբելյանին, որն էլ այժմ նաև «Կոկ սիստեմ» ՍՊԸ-ի տնօրենն է։

«Կոկ սիստեմ» ՍՊԸ-ն առարկություններ ունի

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կազմած ակտում տեղ գտած փաստերի հետ համաձայն չեն «Կոկ սիստեմ» ՍՊԸ-ում։ Ընկերության տնօրեն Սևադա Քոքոբելյանը, մեր գրավոր հարցերին ի պատասխան, հայտնել է, որ հէկի գլխամասային հանգույցը 14 մետր շեղումով կառուցելու՝ տեսչական մարմնի ակտում արված պնդումը անհիմն է։ Որպես դրա պատճառաբանություն՝ ընկերության տնօրենը նշել է, որ շեղումը քարտեզների անհամապատասխանության հետևանքով է առաջացել, որն արդեն վերացվել է համապատասխան մարմինների կողմից, ստացել է պետական գրանցում, և դրա հետ «Կոկ սիստեմ» ՍՊԸ-ն որևէ առնչություն չունի։

Բացի այդ, ընկերության վերաբերյալ վարչարարություն է իրականացվել (ակտ է կազմվել), որին ՍՊԸ-ն որևէ կերպ չի մասնակցել։ Այդ հիմքով էլ դիմել են Վարչական դատարան, որպեսզի տեսչական մարմնի կազմած ակտը ոչ իրավաչափ ճանաչեն։ Ընկերության հայցն ընդդեմ տեսչական մարմնի ընդունվել է վարույթ, և նշանակվել է դատաքննություն։

Ըստ տեսչական մարմնի կազմած ակտի՝ հէկ կառուցելու նպատակով 0.042 հա հողահատկացում է կատարվել (Կառուցապատման իրավունքով), այնինչ հէկի գլխամասային հանգույցի մակերեսը կազմում է 0.143 հա։ Հարցին՝ ի՞նչ հիմքով է կառուցապատման իրավունքով տրամադրված հողի մակերեսից ավել մակերեսում շինություն կառուցվել, «Կոկ սիստեմ» ՍՊԸ-ի տնօրեն Սևադա Քոքոբելյանը պատասխանել է, որ կառուցման ժամանակ քաղաքաշինական փաստաթղթերում ոչ մի խախտում չի եղել, ուստի չկա որևէ ապօրինի շինարարություն։

«Ջրընդունիչից բացի՝ մնացած շինությունները, որոնք անհրաժեշտ են լրացուցիչ անվտանգություն ապահովելու, ամրացումների և ձկնանցարանի անխափան աշխատանքի, բնապահպանական նորմերի ապահովման համար կարող են չհանդիսանալ հէկին պատկանող կառույց, սակայն բնապահպանական և անվտանգության կանոններից ելնելով և գետի հունի վարարումների ժամանակ հէկի անխափան աշխատանքներն ապահովելու նպատակով՝ ընկերությունը պարտավոր էր կատարել այդ կառույցների շինարարությունը՝ նախագծով հաստատված կարգով, ինչն էլ շինարարության աշխատանքներն ավարտելուց հետո հաստատվել է ավարտական ակտով»,- իր պատասխանում գրել է Սևադա Քոքոբելյանը՝ նշելով, որ քաղաքաշինական բոլոր փաստաթղթերը հաստատվել են համայնքի ղեկավարի և տեսչական մարմնի կողմից՝ առանց որի 0.042 հա մակերեսով ջրընդունիչը չէր կարող ստանալ պետական գրանցում։

Քրեական գործ է հարուցվել

Գլխավոր դատախազությունից «Հետք»-ին հայտնեցին, որ Տեսչական մարմնի կազմած ակտի հիման վրա ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 3152-րդ և 314-րդ հոդվածներով։ Առաջին հոդվածը վերաբերում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթմանը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելուն։ Երկրորդ հոդվածը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելուն, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելուն, ինչպես նաև կեղծ փաստաթղթերի կազմելուն կամ հանձնելուն։

Դատախազությունից նաև տեղեկացրին, որ քրեական գործով նշանակվել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։ 2020 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ քրեական գործով մեղադրյալի կամ կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter