HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երվանդաշատում գյուղնշանակության հողերն օգտագործում են որպես քարի հանքավայր

Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքում գործում է քարի արդյունահանման երեք հանքավայր, որոնց օգտագործած տարածքները գյուղնշանակության հողեր են: Քարն արդյունահանում են՝ առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու:

Տուֆի հանքավայր. «Կարմիր տուֆ» ՍՊԸ

«Կարմիր տուֆ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2016թ.-ին: Ընկերության միակ բաժնետերը և տնօրենը Վաչագան Գևորգյանն է: Նա նաև ԱԺ պատգամավոր Քաջիկ Գևորգյանին պատկանող «Քաջ-Տրանս» ՍՊԸ-ի տնօրենն է: Ընկերությունը զբաղվում է ուղևորափոխադրմամբ:

Երվանդաշատում, որպես կարմիր տուֆի հանքի տեր, բոլորը գիտեն ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանին (Նովո)՝ Քաջիկ Գևորգյանի հորը: Սակայն, Վաչագան Գևորգյանը ժխտում է: Ավելին, «Հետք»-ի հետ զրույցում Վաչագանն ասաց, որ ազգակցական կապ չունեն, ուղղակի Նահապետ Գևորգյանն իր քավորն է:

«Կարմիր տուֆ» ընկերության և Երվանդաշատի համայնքապետարանի միջև 2019թ. ապրիլի 11-ին կնքվել է գյուղատնտեսական նշանակության հողի վարձակալության պայմանագիր: Հողի մակերեսը կազմում է 5 հա, իսկ պայմանագիրը կնքվել է 25 տարով՝ մինչև 2044թ.: 5 հա հողի յուրաքանչյուր տարվա վարձավճարի չափը կազմում է 275 հազար դրամ:

Հողի վարձակալության մրցույթը կայացել է 2019թ. մարտին: Հողամասի մեկնարկային գինը, ավագանու 2018թ. հոկտեմբերի 15-ի որոշմամբ, սահմանվել է 250 հազար դրամ: Մրցութային քայլի չափը եղել է 12,500 դրամ: 

Մասնակիցները եղել են երկուսը՝ «Կարմիր տուֆ» ՍՊԸ-ի տնօրեն Վաչագան Գևորգյանը և Արման Մկրտչյանը: Ինչպես շատ այլ դեպքերում, իրական մրցույթ տեղի չի ունեցել, քանի որ բացակայել է մրցակցությունը: Պարզապես Արման Մկրտչյանն իր մասնակցությամբ «լեգիտիմացրել» է մրցույթը, հակառակ դեպքում մեկ մասնակցով մրցույթ տեղի չէր ունենա: Դրա վառ վկայությունն է, որ մրցույթի ժամանակ կողմերը բավարարվել են մեկական քայլով՝ ավել առաջարկելով 12.500 դրամ, ինչի արդյունքում հողամասի մեկնարկային գինը բարձրացել է ընդամենը 25 հազար դրամով: Ի վերջո, 275 հազար դրամով մրցույթում հաղթող է ճանաչվել Վաչագան Գևորգյանը՝ ի դեմս «Կարմիր տուֆ» ՍՊԸ-ի:

Ընկերությունը հողատարածք վարձակալել է նաև 2019թ. նոյեմբերին: Նույն կողմերի միջև կնքված պայմանագրով ընկերությանը 25 տարով և վարձակալական հիմունքներով հատկացվել է 2,6 հա գյուղնշանակության հողատարածք՝ տարեկան 121 հազար դրամ վարձավճարով:

«Կարմիր տուֆ» ՍՊԸ-ին, «Երվանդակերտի տուֆերի հանքավայրի թիվ 7-րդ տեղամասում», մինչև 2043թ. հանքարդյունահանման թույլտվությունը տրվել է 14.09.2017թ.:

Երվանդակերտի տուֆերի հանքավայրի 7-րդ տեղամասը գտնվում է Արամավիրի մարզում՝ Երվանդաշատ գյուղից մոտ 5.7 կմ հեռավորության վրա: Վարչական առումով տեղամասի տարածքը գտնվում է Երվանդաշատ համայնքում:

Արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի համաձայն՝ տեղամասի տուֆերը աղյուսակարմիր են, ծխախոտագույն, սև, ինչպես նաև լինում են անցումային գույների: Պիտանի բլոկների ելքը լեռնային զանգվածից կազմել է 44 %:

«Կարմիր տուֆ» ՍՊԸ-ն տուֆ է արդյունահանում գյուղատնտեսական նշանակության հողատարածքից, ինչն ապօրինի է:

Հուլիսի 2-ին Երվանդաշատի համայնքապետ Հովնան Ավետիսյանը գրություն է ուղարկել ընկերության տնօրինությանը՝ խնդրելով դադարեցնել Երվանդաշատ համայնքի տարածքում հանքի շահագործումը մինչև տվյալ տարածքի կատեգորիայի փոփոխության կատարումը:

Օգոստոսի 12-ին այցելելով հանքի տարածք՝ նկատեցինք, որ այնտեղ տեխնիկա կա, և քար են տեղափոխում: Վաչագան Գևորգյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ հանքը շահագործում են 2018թ.-ից: Նշեց, որ իր խնդիրը չէ, որ հողը գյուղատնտեսական նշանակության է: Նրա խոսքերով՝ համայնքապետն ու մարզպետը պարտավոր են փոխել հողի նպատակային նշանակությունը:

Վաչագան Գևորգյանը հաստատեց, որ համայնքապետից ստացել է հանքը դադարեցնելու մասին գրությունը, և հիմա չեն աշխատում: Երբ նշեցինք, որ նկատել ենք տարածում գտնվող տեխնիկան, պատասխանեց, որ տեխնիկա էլ ունեն այնտեղ, հանած քար էլ, և ոչ մի խնդիր չկա:

«Չաշխատելը ինձ չի պարտավորեցնում իմ արտադրանքը չհանել: Շուտ արտադրել ենք քարը, հիմա էլ հանում ենք, բա ինչի պիտի չհանեմ: Այս տարի մի քանի օր են աշխատել տղերքը, ինչ զգուշացրել են՝ չի աշխատում հանքը: Խնդիրն իրենցն ա, եթե մի քանի օրվա մեջ կատեգորիան չփոխեն, էլի աշխատելու եմ: Այդտեղից 30 հոգի է սնվում, 30 ընտանիք ենք պահում, ես հիմա չեմ դնելու նայեմ, թե իրանք երբ կանեն, երբ քարտեզ կգծեն: Ես ասել եմ՝ երբ պետք ա, կատեգորիա փոխելու գումարը կփոխանցեմ, իրանք էլ գյուղի քարտեզ են փոխում, ուզում են միանգամից փոխած տան»,- ասում է Վաչագան Գևորգյանը:

Բազալտի հանքավայր 1. «Նարվաննա» ՍՊԸ

«Նարվաննա» ընկերությունը հիմնադրվել է 2017թ. հունվարի 20-ին: Ընկերության միակ բաժնետերը և տնօրենը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վիրաբույժ Վարդան Առաքելյանն է:

2019թ. մայիսի 17-ին Վարդան Առաքելյանը դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով իրեն սեփականության իրավունքով պատկանող 1,0312 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքից՝ խնդրելով իրեն հողը տրամադրել վարձակալության հիմունքներով: Նույն տարվա մայիսի 22-ին Երվանդաշատի ավագանին որոշել է վերցնել Վ. Առաքելյանից հողը և միացնել համայնքային սեփականություն հանդիսացող հողերին: 

Վարդան Առաքելյանը հողից հրաժարվելը պատճառաբանել է այն հանգամանքով, որ տվյալ հողատարածքի վրա ունի լեռնահարստացման որոշում և բազալտ տեսակի քարի հանքի շահագործման թույլտվություն: Նշենք, որ լեռնահարստացման ակտը տրվել է 2019թ. փետրվարի 2-ին՝ 25 տարի ժամկետով: Նույն օրը, նույն ժամկետով տրվել է նաև հանքի շահագործման թույլտվություն:

Հաստատված պաշարները դիտարկվել են որպես երեսապատման բլոկների արտադրման հումք, իսկ բլոկների արդյունահանման ընթացքում առաջացած թափոնները՝ շինարարական խճի արտադրության համար: Հանքի տարեկան արտադրողականությունը կազմել է 1570 խորանարդ մետր:

Վարդան Առաքելյանը գրավոր խնդրել է Երվանդաշատի համայնքապետին շատ սեղմ ժամկետներում փոփոխել հողատեսքի նշանակությունը և իրեն հանձնել վարձակալության:

«Չաշխատելով ես չեմ կատարում նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հրամանը, ըստ որի՝ ես պարտավորվում եմ տարեկան թույլատրելի սահմանում արտահանել բազալտ տեսակի հանքաքար և տալ տարեկան հաշվետվություն: Իմ պարտավորությունները չկատարելու դեպքում կկիրառվեն տուգանքներ և կարող եմ զրկվել հանքի շահագործման թույլտվությունից»,- գրված է Վ. Առաքելյանի գրության մեջ՝ խնդրելով իրեն թույլ տալ աշխատել մինչև կավարտվի հողատեսքի փոփոխության գործընթացը:

«Նարվաննա» ՍՊԸ-ին 2018 և 2020թ. համայնքապետը ևս զգուշացրել է, որ կասեցնի հանքարդյունահանման գործունեությունը մինչև հողի նպատակային նշանակության փոփոխությունը:

Մեր այցելության օրը պարզեցինք, որ հանքում աշխատանքներ էին տարվում գյուղատնտեսական նշանակության և համայնքին պատկանող հողի վրա: Վարդան Առաքելյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ այնտեղից բազալտ չի հանվում, առայժմ հողային աշխատանքներ են կատարվում: Մինչդեռ նկատեցինք, որ բազալտի մեծ-մեծ կտորներ էին հանված:

Այս պահին հողը պատկանում է համայնքին, Վ. Առաքելյանից հետաքրքրվեցինք, թե ինչ գիտի, որ հողի վարձակալության մրցույթում ինքն է հաղթելու, որ շարունակում է գյուղնշանակության հողի վրա հանքարդյունաբերության նպատակով հողային աշխատանքներ կատարել, հետևյալ պատասխանը տվեց. «Այնտեղ ես լեռնահատկացում ունեմ և մրցույթում առաջնահերթությունն իմն է. դա մեկ: Երկրորդ՝ առանց մրցույթի հողը կարող են ինձ տալ վարձակալության, որովհետև ես այդ տարածքում լեռնահատկացում ունեմ: Հետազոտել եմ տարածքը, հայտնաբերել եմ հանքը և ունեմ տվյալ տարածքի լեռնահատկացում: Ցանկացած մրցույթի դեպքում առաջնահերթությունը պատկանում է ինձ»:

«Նարվաննա» ՍՊԸ-ի տնօրենն ասաց, որ տարիներ առաջ, երբ հողը գնել է, հանքարդյունաբերությամբ զբաղվելու նպատակ չի ունեցել, սակայն իրեն խորհուրդ են տվել ուսումնասիրել, քանի որ «հնարավոր է քար լինի» և ուսումնասիրությունից հետո պաշար է հայտնաբերվել, ինչից հետո որոշել է հանք բացել:

Բազալտի հանքավայր 2. «ՍԱՄ.ԿԱՐ.ՔԱՐ.» ՍՊԸ

Ընկերությունն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 2011թ.-ին: «ՍԱՄ.ԿԱՐ.ՔԱՐ.» ՍՊԸ-ի միակ բաժնետերը Արմավիրի մարզի Նորապատ համայնքի բնակիչ 30-ամյա Սամվել Արշակյանն է, ով Նորապատ համայնքի ղեկավարի տեղակալ Սարգիս Արշակյանի եղբայրն է: 

Ընկերությունը Երվանդաշատ համայնքի հետ հողի վարձակալության պայմանագիր կնքել է 2018թ. մարտի 6-ին: Դարձյալ վարձակալության է տրվել գյուղնշանակության հողատարածք՝ 25 տարի ժամկետով: Հողամասի մակերեսը մոտ 4,8 հա է, իսկ տարեկան վարձավճարի չափը կազմում է 110 հազար դրամ:

Ինչպես նախորդ դեպքում, այստեղ նույնպես մրցույթը ձևական է եղել: Մասնակիցները եղել են երկուսը՝ Սամվել Արշակյանը և Ռուդիկ Սահակյանը: Հողամասի մեկնարկային գինը եղել է 100 հազար դրամ, իսկ մեկ քայլի գինը՝ 5000 դրամ: Նույն սցենարով իրականացվել է երկու քայլ և մրցույթում 110 հազար դրամ առավելագույն գնով հաղթող է ճանաչվել Սամվել Արշակյանը: Աճուրդի համար հիմք է հանդիսացել Երվանդաշատի ավագանու 2017թ. հունիսի 20-ի որոշումը

Ընկերությանը հանքարդյունահանման թույլտվություն տրվել է 2019թ. նոյեմբերի 27-ին՝ 50 տարի ժամկետով:

Մեր այցելության ժամանակ՝ օգոստոսի 12-ին, այս հանքում ևս տեխնիկա էր աշխատում: Բեռնատարներով քարեր էին տեղափոխում: Երվանդաշատի համայնքապետը «ՍԱՄ.ԿԱՐ.ՔԱՐ.» ՍՊԸ-ին ևս զգուշացրել էր, որ կասեցնի գործունեությունը, քանի որ այս հանքավայրի հողի նպատակային նշանակությունը ևս փոխված չէ:

Սամվել Արշակյանը «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ չի հիշում կոնկրետ երբվանից, սակայն չեն աշխատում: Դիտարկմանը, որ նկատել ենք հանքավայրում աշխատող տեխնիկա, Ս. Արշակյանը պատասխանեց.  «տեխնիկան աշխատում ա, հին ժամանակվա հանած քարերն ենք ծախում»:  

Սամվել Արշակյանը չհիշեց, թե հին ժամանակ ասելով՝ կոնկրետ երբվա հանած քարերը նկատի ուներ, քանի որ, ըստ նրա՝ «երկար ժամանակ է անցել»: Ս. Արշակյանը «ՍԱՄ.ԿԱՐ.ՔԱՐ.» ՍՊԸ-ի հողի կատեգորեան փոխելու համար ևս դիմել է, բայց դեռ պատասխան չի ստացել համայնքապետարանից:

Երվանդաշատի համայնքապետը զգուշացումից բացի՝ այլ քայլեր չի ձեռնարկել

Երվանդաշատի համայնքապետ Հովնան Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քարի երեք հանքերի զբաղեցրած հողատարածքների համար ընկերությունները Երվանդաշատ համայնքին վճարում են ընդհանուր 616 հազար դրամ: Նշում է, որ գումարի չափը քիչ է, սակայն այլ տարբերակ չունեն:

«Մինչև 1995թ-ը նույնիսկ բնապահպանական, ընդերքօգտագործման վճարները տալիս էին համայնքներին: Օրենքները փոխվեցին, և եկանք, հասանք այս օրվան: Ես շատ եմ ցանկանում, որ համայնքին վճարվող գումարները մեծ լինի, բայց նաև գիտեմ, որ շահագործողները պետկան բյուջե վճարում են մեծ թվեր»,-ասում է Հ. Ավետիսյանը, հավելելով, որ երբ հողի նպատակային նշանակությունը փոխվի, հանք շահագործողներից յուրաքանչյուրը համայնքին վճարելու է մոտ 1.5 մլն դրամ գումար: Բացի այդ, պայմանագրով նախատեսված է, որ հանք շահագործողները համայնքին տան սոցիալական աջակցություն՝  300-500 դրամի չափով: 

Անդրադառնալով առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու հանքերի շահագործման փաստին, Հովնան Ավետիսյանն ասաց, որ իրենք պարբերաբար գրություններ ուղարկել են՝ գործունեությունը կասեցնելու վերաբերյալ, և հանքերը չեն շահագործվում: Նշեցինք, որ հանքերի տարածք մեր այցելության ժամանակ (մեզ հետ հանքերի տարածք այցելել է նաև համայնքապետարանի ներկայացուցիչը) նկատել ենք աշխատող տեխնիկա, ինչը վկայում է, որ հանքերը շահագործվում են, համայնքապետը պատասխանեց, որ տարածքը հեռու է, և չի կարող մշտապես հսկողություն սահմանել:

Հարցին, թե այս պահին օրինակա՞ն են շահագործվում համայնքի տարածքում գտնվող երեք հանքերը, Երվանդաշատի համայնքապետը նշեց, թե «օրինական է միայն այն, որ իրենք ունեն հանք շահագործելու թույլտվություն»:

«Այստեղ խնդիր ունենք, առանց հողի կատեգորիան փոխելու մեր Կառավարությունը տալիս է ընդերքօգտագործման լիցենզիա: Ես խնդրում եմ, որ մինչև այդ թույլտվություն տալը, սկզբում փոխեն հողի կարգավիճակը նոր միայն ստանան լիցենզիան: Փոխվում է համայնքի գլխավոր հատակագիծը: 3 ամիս է՝ Կառավարությունում շրջանառվում է համայնքի գլխավոր հատակագծի նախագիծը, որից հետո նոր միայն կկարողանան փոխել հողերի նպատակային նշանակությունը»,- ասում է Հովնան Ավետիսյանը:

Հովնան Ավետիսյանից նաև հետաքրքրվեցինք, բացի զգուշացումները, օրենքի խախտումով հանք շահագործողները ենթարկվե՞լ են պատասխանատվության, համայնքի ղեկավարը բացասական պատասխան տվեց:

Նշենք, որ Հովնան Ավետիսյանը Երվանդաշատ համայնքը ղեկավարում է 1991թ.-ից՝ 29 տարի: Հողերի հետ կապված բոլոր մրցույթներն իրականացվել է նրա պաշտոնավարման ժամանակ:

Լուսանկարները՝  Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter