HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Օշականցի Գևորիկ անունով հայտնի Գևորգ Մելիքյանը կալանավորվել է

«Օշականցի Գևորիկ» անունով հայտնի Գևորգ Մելիքյանը կալանավորվել է: Միջնորդության վերաբերյալ դատական ակտը երեկ կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանը։

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը օգոստոսի 26-ին հայտնել է, որ բացահայտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, վերջինիս մասնակցելու կամ ներգրավելու, հիշյալ խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հանցավոր սխեմաներ: Գևորգ Մելիքյանը ձերբակալվել է այս գործի շրջանակներում, ապա ԱԱԾ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ քրեական գործով ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ «օրենքով գողի» կարգավիճակ ստացած «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գ. Մ.-ն, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն՝ ստանալով և պահպանելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը և հանդիսանալով այդ կարգավիճակով ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ՝ 2020 թ. փետրվարի 22-ից հետո շարունակել է պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը և ստանձնել է մասնավոր, այն է՝ պարտք մնացած գումարի վերադարձման խնդրին վերաբերող վեճի՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելու և սպառնալիքի միջոցով իրեն դիմած անձի օգտին լուծելը: Թե Մելիքյանն ինչ դիրքորոշում ունի իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, մեզ հայտնի չէ։

Քրեական գործի շրջանակներում այլ անձինք ևս ձերբակալված են եղել, ապա նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ ԱԱԾ-ն չի հայտնում, թե այս պահին կալանքի տակ քանի անձ կա՝ առաջարկելով հետևել իրենց կայքի պաշտոնական հաղորդագրությանը։

Լրացված 16:00  Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հաղորդագրություն՝ հայտնելով, որ Գևորգ Մելիքյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցություն ղեկավարելը։ ԱԱԾ-ն հայտնում է նաև, որ նույն գործի շրջանակներում քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի, որոնցից մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մյուսի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդություն է հարուցվել դատարան։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter