Ոսկե քաղաքը
Տես սկիզբը' Ոսկե քաղաքը
Գաղութում կար մի պաշտոնյա (այդ աշխատողն էլ չգիտեր, թե որն է իր պաշտոնը), որ հատուկ զբաղվում էր ազատվող կալանավորի հարցերով, թե տվյալ անձը ազատվելուց հետո կարիք ունի՞ աշխատանքի ընդունվելու, օգնության եւ որտե՞ղ է բնակվելու: Մի օր բնակելի գոտում հանդիպեցի այդ պաշտոնյային, հարցրի. «Մոտենում է ազատվելուս օրը, ինչո՞վ պետք է օգնեք, չէ՞ որ ես մշտական բնակավայր չունեմ»: Փոշմանեցի տվածս հարցի համար: Այնպիսի մի թունավոր ու վիրավորված հայացքով պատասխանեց, կարծես իր պապական թշնամին էի, իբր ինչո՞ւ եմ ժամանակից շուտ իրեն անհանգստացնում, ու ասաց. «Կգա ժամանակը, կասեմ»: Փոխանակ ասեր' Ռուդոլֆ, ես էլ առաժմ չգիտեմ, դու էլ մտածիր: Որովհետեւ, իրոք, չգիտի, չնայած օրենքով սահմանված անելիքը գիտի, սակայն իր հեղինակությունը աշխատատեղում, վերադասի մոտ, եւ վերջապես թափը չի բավականացնում, որ անի այն, ինչ օրինական է: Ինքը չկա այդքան, իր տակը աթոռ չի, տաբուրետկա է, այն էլ՝ խախուտ, մեխերը թուլացած, վրայի ներկը թափած: Այդ տհաճ խոսակցությունից մի քանի օր անց գաղութում մի փոքր ինցիդենտ եղավ, եւ ազատվելուս մնում էր չորս ամիս տասնյոթ օր: Ինձ փակեցին կարցեր: Տասնյոթ օր կարցերում պահելուց հետո տեղափոխեցին «ԲՈՒՌ» (Բարակ ուսիլեննովո ռեժիմա): Ազատվելուս մնում էր չորս ամիս: Խցիկում երեքով էինք' կինո Երեւանի Խչոն, Կոմիտասցի Հայրոն եւ ես: Երեքս էլ բուռից էինք ազատվելու, բայց տարբեր ժամանակահատվածներում: Հայրոն, Խչոն, հետո՝ ես: Ախպեր տղերքը ազատվեցին, խոստացան ազատվելու օրը գալ իմ ետեւից: Եկավ ինձնով զբաղվելու ժամանակը, թե ուր պետք է գնամ բնակվելու: Եկավ ինսպեկտոր չինովնիկը, ինձ խցիկից տարան հսկիչների առանձնասենյակ, տեսա այդ չակերտավոր գործունյային: Բարեւեցինք միմյանց, նստեցի աթոռին: Նա մոռացել էր, որ ինձ վիրավորական պատասխան էր տվել, որովհետեւ իր ու իր նմանների համար դա սովորական բան էր, ո՞ր մեկը հիշի, իսկ ես չէի մոռացել, ժամանակն էր գոնե մի քիչ սթափեցնելու... Սկսեց խոսել.
-Դե, ասա, Ռուդոլֆ, ո՞ւր ես գնալու ապրելու:
Առանց տատանվելու պատասխանեցի.
-Մեր տուն, Սպանդարյան փողոց N 55:
Գրեց մեխանիկորեն, երեւի մտածեց, թե ինչ հեշտ պրծավ: Այդ հասցեն, որ ասացի, իրոք, մեր տունն էր եղել, բայց հենց այդ օրը լրացել էր տասնյոթ տարին, ինչ քանդել էին տունս, այդ տարածքում արդեն ոչ մի տուն չկար, հարթություն էր: Դա 1986 թվի հուլիս ամիսն էր, ճնգրթան շոգեր էին: Մի քանի օր հետո եկավ, խցիկից ինձ տարավ իր մոտ եւ, խորը շունչ քաշելով, ասաց.
-Ա՛յ տղա, ասածդ հասցեի տները քանդել են, էս ո՞ւր ուղարկեցիր ինձ:
Ինձ չկորցրի, հարցին պատասխանեցի հարցով.
-Խի դու ո՞ւր էիր գնացել:
-Սպանդարյան շրջանի միլիցիա (այժմ՝ Կենտրոն)։
Ես իբրեւ թե նեղվեցի ու, փոքր-ինչ վրդովվելով, ասացի.
-Ա՛յ տղա, միլիցիա գնացել ես ի՞նչ անես, միլիցիան տուն քանդելով է զբաղվում, ոչ թե տուն տալով:
-Բա ո՞ւր պիտի գնայի:
Ես բացատրեցի, որ պետք է գնար ռայսովետ, քանի որ նրանք են զբաղվում բնակարանների բաշխման հարցերով: Կարծե թե հասկացավ, աչքերը կկոցեց, մի պահ լռեց, երեւի ինքն իրեն մեղադրեց, որ այդ տարրական բանը չգիտեր: Հավաքեց փասա-փուսեն, գնաց: Անցավ եւս մի քանի օր, եկավ, ինձ տարան իր մոտ: Այս անգամ օձիքի ու վզի արանքը թաշկինակ էր դրել, շոգից քրտնխաշ էր եղել: Ձայնին կիսաբարկացած, կիսամեղմ տոն տալով' ասաց.
-Էս ի՞նչ օյին ես խաղում գլխիս, ա՛յ տղա:
Ես հանգիստ, բայց զարմանքով հարցրի, թե ինչ է պատահել: Ասում է.
-Գնացի ռայսովետ, այնտեղ աղջիկներ էին նստած, հենց ասացի քո տված հասցեի մասին, նրանք փորները բռնած կչկչացին, ծիծաղի արանքից հազիվ ասելով, թե' ա՛յ մարդ, հո չե՞ս գժվել, արդեն քանի՜ տարի է այդտեղ տներ չկան: Քոռ ու փոշման հետ եմ եկել:
Ասում եմ' լա՜վ, բա դու չհասկացա՞ր, թե ես ի՞նչ ասացի քեզ անցյալ անգամ, որ ռայսովետը քանդել է, դու պետք է ավելի բարձր ինստանցիայի դիմես, իսկ դա քաղսովետն է, որ անմիջականորեն զբաղվում է բնակարանների բաշխման հարցերով: Կարծես թե գլուխը մտավ, որ, իրոք, կարգն այդպես է: Մեկս մյուսիս հաջողություն մաղթելով բաժանվեցինք. ես՝ խցիկ, ինքը՝ Երեւանի քաղսովետ (դրա խելքին նայիր, է՜):
Ազատվելու համար ինձ մնում էր երկու ամիս: Անցավ մի քանի օր եւս, եկավ բարերարս: Այս անգամ քաղսովետի աղջիկները քիչ էր մնացել պոլի չոտկով իրեն դուրս շպրտեին շենքից, բայց, քանի որ զգացել էր, թե ինչ է կատարվում, որոշել էր մեկ այլ մեթոդ ընտրել. այս անգամ ինձ շշպռել ու իր գործն առաջ տանել: Ախր, իրոք, դա լուրջ եւ շատ պատասխանատու գործ է։ Օրենքով խստորեն պարտավոր են (ադմինիստրացիան) օրացուցային ազատվող կալանավորին ապահովել աշխատանքով ու բնակարանով, թեկուզ հանրակացարանում: Բայց ի՞նչ օրենք, օրենքով ու անօրենք պատժում են միայն, իսկ մի բարի գործ, մի լավ բան անելու համար օրենքը չի գործում, պարալիզացվում է: Ահա թե ինչ օրեր եմ քաշել: Մի խոսքով, ինչպես ասացի, շատ գնալ-գալուց հետո Սեւան-Երեւան ու հակառակ մարշրուտով, օգտագործեց այսպիսի մեթոդ: Նորից եկավ, նորից ինձ տարան իր մոտ, բարեւեցի, իսկ ինքը ձեռքի պայուսակը անտարբեր գցեց սեղանին ու մտավ դերի մեջ, բայց ոչ բեմում, կարցերում, իմ' միակ հանդիսատեսիս առաջ: Խորը շունչ քաշեց, արտաշնչեց, նստեց, ինձ էլ առաջարկեց նստել ու խոսեց:
-Դու ինձ չօգնեցիր, բայց ես քեզ համար լավ նորություն եմ բերել:
Ես իսկույն զգացի, որ մի խորամանկ, շախմատի ձիու քայլ է մոգոնել, բայց իբր ուրախացա ու հետաքրքրվեցի, թե այդ ի՞նչ լավ լուր է: Սկսեց պայուսակից ինչ-որ տարբեր թղթեր հանել ու նորից տեղը դնել, այսինքն՝ թղթերի անիմաստ մանյովրներ անել: Հետո պայուսակից հանեց երկու՝ իրար մեջ դրած ինչ-որ դիմումներ ու թե. «Շատերն են ուզում ուղարկեմ, բայց հեսա երկու հոգու դիմում եմ վերցրել ու մեկ էլ դու հիմա կգրես, քոնն էլ կվերցնեմ: Չէ, չէ, էլ ուրիշ ոչ մեկին»: Այսպես ինքն իրեն անորոշ, անկապ բառեր ասելով' ուզում էր իր գործն առաջ տանել, ավելի ճիշտ' գլխառադ անել, պրծնել, այդ՝ իրեն ոչ համապատասխան գործից, բայց դեռ չի ասում, թե ինչ դիմումի մասին է խոսքը:
Նայում էի այդ կոմեդիայի վատ դերակատարին, չգիտեի՝ ծիծաղե՞մ, թե՞ լամ ու մտածում էի,- բա որ խելքդ ու շնորհքդ չի հերիքում, ինչո՞ւ ես այդքան պատասխանատու գործը վերցրել քեզ վրա, իսկ եթե վերցրել ես, բարի եղիր մարդավարի տակից դուրս գալ: Թե չէ, շատ պրիմիտիվ մեխանիզմ ես, ընդամենը երեք շեստերյոնկա է աշխատում մեջդ՝ ուտելու, խմելու եւ ... Ու մեկ էլ այն բնազդը, որ ինչ հարցնեն, չոր պատասխանես. «Չկա, չգիտեմ, չի լինի»: Բոլոր բացասական զգացումներն արմատացած են ուղեղի ծալքերում, որոնք մեխանիկորեն թելադրում են լեզվին անընդհատ նույն կրկնվող բառերը: Իսկ երբեմն, որ լուրջ դեմք են ընդունում, նրա համար է, որ թաքցնեն իրենց տգիտությունն ու անբանությունը: Ո՛չ կրթական մակարդակն է բավականացնում, եւ ո՛չ էլ ընտանեկան դաստիարակությունը: Հա, լա՜վ, ի՞նչ էի ուզում ասել, հիշեցի: Ի վերջո, համբերությունս հատեց՝ լսելով նրա անկապ ու անիմաստ քառյակները, հարցրի, թե այդ ի՞նչ լավ բան է մտածել ինձ համար: Պատասխանեց, բայց դարձյալ նախաբանով: Վերջապես արտահայտվեց, թե լավ փող են տալիս, լավ պայմաններ են ստեղծված, այնպես որ, ինձ ուզում է լավություն անել, ուղարկում է Չեռնոբիլ: Ասաց ու, կրկին թղթերը շարժման մեջ դնելով, ինչպես թղթախաղը աֆերիստների' հոս՝ կա, հոս՝ չկա, չի նայում երեսիս, անհամբեր սպասում է իմ ռեակցիային: Դե ինչ ասեմ, դրան պատասխանելու համար խորը եւ ուշիմ մտածելու անհրաժեշտություն չկար, դրա համար, որպեսզի տարբերվեմ իրենից, ցուցաբերեցի ավելի մեծ հարգանք, քան ինքն էր ցանկացել ինձ, ու ասացի,- հայտնում եմ խորին շնորհակալությունս, որ ուզում ես ինձ այնտեղ ուղարկել, որտեղ լավ վճարում են ու ստեղծված են բարենպաստ պայմաններ, զգացված եմ քո ուշադրության համար, հետեւաբար այս անգամ եկեք այդտեղ ուղարկենք քո հորը, իսկ իմ մասին կարող ես չանհանգստանալ:
Տեղիցս վեր կացա, հսկիչին խնդրեցի բացել խցիկի դուռը, ներս մտա, ու փակեց:
Ահա իմ պրպտումներն ու որոնումները ինչ արդյունք տվեցին եւ ինչ հետեւություններ կարելի է անել: Ո՛վ է բանտում անմեղ տառապում, եւ ո՛վ է թելադրողն ու իշխողը, իհարկե, Սովետական Միության ներքին գործերի սպան, կապիտանը:
Եկավ ազատվելու օրը, ախպեր տղերքը եկել էին ինձ դիմավորելու, ինձ համար ոտից գլուխ շորեր էին բերել, աղջիկներ էլ կային հետները, երաժշտություն, շամպայն եւ այլն: Եկանք Երեւան, Մարիամիկենց տուն, որտեղ Հայրոն արդեն ամեն ինչ կազմակերպել էր՝ սեղանի համեստ ու ճաշակով պատրաստումը:
Ապրեցի այդ տանը, սակայն նորմալ կյանք չէր սպասվում, գաղութից արդեն միլ. բաժին էին ուղարկել իմ բնութագիրն ու վարչական հսկողության որոշումը: Թաքնվելու մտադրություն չունեի, հարկավոր էր շնորհք ու գործողություն: Ուստի, որոշեցի այցելել հին ու նոր ծանոթներիս, ընկեր-ընկերուհիներիս: Ինչպես ասում են՝ խեղդվողը ձեռքը փրփուրներին էլ է գցում: Կարոտ էի ունենալ իմ անկյունը, ունենալ կյանքի ընկեր, որ ապրեմ ընտանեկան մթնոլորտում, տանը լինի մի զրուցակից, հոգեհարազատ մարդ, կին, ընկեր եւ այլն: Ինչքա՜ն քիչ էր ուզածս, որին վաղուց էի ձգտում:
Գնացել էի Գորվետկա, այդ փողոցում Քյաչալ Սքեի համար ես տուն էի առել իր՝ Բասարգեչարի գաղութից ազատվելու կապակցությամբ: Դա 1966 թվականին էր: Բայց քանի որ Սքեն մահացել էր դեռ 1976 թվին, երբ ես Ուրալում նստած էի, արդեն այդ տանը անծանոթ մարդիկ էին ապրում: 1986 թիվն էր, երբ եկա Գորվետկա Հրազդանի գաղութից ազատվելուց հետո: Սքեի հարեւան Օգսենը իր կնոջ՝ Մարոյի հետ դեռ կային: Գնացի Օգսենենց տուն հյուր, լավ ընդունեցին, խոսեցինք հնից-նորից, հետո ուզեցի տեսնել Ջեմմային, որ ապրում էր կողքի բակում: Ջեմմայի հետ դեռ տասը տարի առաջ շատ մոտ հարաբերության մեջ ենք եղել: Գնացի Ջեմմայի տուն, մտա բակ (սեփական տներ են), տան դռները բաց էին, հանկարծ ծիծաղ լսեցի, նայեցի վեր. Ջեմման տան տանիքում գործ էր անում, ձեռքերը հողոտ ինձ է նայում: Տանիքն էր նորոգում: Բարեւեցինք ու իսկույն հարցրեց.
-Ո՞նց ես, Ռուդիկ ջան:
Ես չէի նախատեսել ապրել Ջեմմայի հետ, ուղղակի մեխանիկորեն ասացի.
-Ջեմ ջան, փրկի:
Երեւի իմ վիճակից ելնելով' այդպես ստացվեց: Ջեմման լրջացավ, թե ինչ է պատահել ու մեկ էլ, թե' լավ, մի ժամ հետո արի, կխոսենք: Վերադարձա Օգսենենց տուն, պատմեցի Ջեմմայի հետ հանդիպման մասին: Մի ժամ հետո գնացի Ջեմմայի մոտ, արդեն սենյակում էր, կարգի էր բերել իրեն: Խոսեցինք, իմացավ, որ նոր եմ ազատվել, իսկ թե ինչ նկատի ունեի «փրկի» բառն ասելով, բացատրեցի:
Ջեմման պատրաստված կին էր: Լենինգրադում ավարտել էր իրավաբանական ֆակուլտետը, շատ կարդացած էր եւ աշխատում էր ինչ-որ գիտահետազոտական ինստիտուտում, դրա հետ մեկտեղ մեքենագրուհի էր, ուներ սեփական տպագրական մեքենա, գործեր էր բերում տուն, տպում: Մի խոսքով, «փրկի» բառիս իմաստը ճիշտ հասկացավ, եւ իմ առաջարկությանը, որ ապրենք միասին, համաձայնեց: Գիշերը մնացի իր տանը: Հաջորդ օրվանից ապրեցինք որպես ամուսիններ: Ջեմմայի աշխատանքային ընկերուհիները ամեն օր այցելում էին մեզ՝ ինձ տեսնելու, շատ ուրախ էին Ջեմմայի ամուսնության համար: Ինձ եւս հաճելի էին նրանց այցելությունները, լավ կանայք էին' թե՛ արտաքին տեսքով, թե՛ որպես զրուցակից: Ծանոթացել էի գրեթե բոլորի հետ: Ջեմման ուներ այնպիսի մոտ ու հարազատ ընկերուհիներ, որոնք տուն մտնելիս առաջինը ինձ էին համբուրում, հետո՝ Ջեմմային: Պատրաստվում էինք օրինականացնել մեր ամուսնությունը, որ նաեւ գրանցվեմ: Օրջոնիկիձեի քաղմասի պետը Ջեմմային ասել էր. «Ա՛յ աղջի, դու գիտե՞ս ինչ ես անում, նա հանցագործ է, այսօր հետդ կզագսավորվի, վաղը տներդ կքանդեն, հետո ինքը դատի կտա, կբաժանվի ու մի սենյակ քեզնից կխլի»: Ջեմման, լինելով պատրաստված կին ու լավ ճանաչելով ինձ, պետին պատասխանել էր այսպես. «Դու գնդապետ մարդ ես, բայց կյանքի փորձ չունես, Ռուդիկն ընդունակ չի մարդու, որեւէ մեկին դատի տալ, այնպես որ, հանգստացիր, ոչ մի անախորժություն էլ չի լինի: Մարդուն դատի տալը Ռուդիկի տարերքը չի»:
Զագսավորվեցինք, իսկ գրանցման հարցով զբաղվում էր Ջեմման, ուզում էր իմ ազգանվամբ գրվել: Ես դեմ չէի: Ուներ երկու տղա: Մեծն ամուսնացած էր եւ ուներ երկու երեխա, իսկ փոքրը ապրում էր մեզ հետ: Մեծ տղայի կինը հոյակապ սրտի ու հոգու տեր էր, կարծես իմ աղջիկը լիներ, ու ես նրան սիրում էի երեխայիս պես: Ամբողջ օրը մեր տանն էին, ինչպես մի ընտանիք: Ապրում էինք համերաշխ ու խաղաղ: Ալվարդի հետ Ջեմման մոտ էր, ընկերուհիներ էին, մեկս մյուսի տուն էինք գնում, հաշտ էինք ու երջանիկ: Այս անգամ տասնմեկ ամիս մնացի ազատության մեջ: Բավականին փող էինք ետ գցել, մնում էր որեւէ տեղ գնալ հանգստանալու: Ես շատ էի սիրել Կիեւ քաղաքն իր շրջակայքով: Որոշեցինք Կիեւ գնալ: Ջեմման ասաց, որ Կիեւում ծանոթ ունի, ծեր կին է՝ ամուսինը մահացած, կպայմանավորվենք գինը ու կմնանք այնտեղ: Այդպես էլ որոշեցինք: Գործակալության նախնական տոմսարկղից վերցրի երկու տոմս երկհոգանոց կուպեի, միջազգային վագոնում:
1987 թվականի հուլիսի 29-ին մեկնեցինք Կիեւ: Ճանապարհին Ադլերում իջանք, գնացինք ծովափ: Շատ երկար ժամանակ էր ծովում չէի լողացել, այնքան տարվեցի, որ լողանալով շատ հեռացել էի ափից: Ետ նայեցի, ու ինձ թվաց, թե չեմ կարողանա ափ վերադառնալ, բայց վախը ինձ ուժ տվեց, ու մեծ դժվարությամբ վերադարձա ափ: Շարունակեցինք մեր ճանապարհը եւ հուլիսի 31-ին հասանք Կիեւ: Գնացինք Ջեմմայի ծանոթ ծեր կնոջ տուն, զանգահարեցի մորս, խոսեցինք, եւ դա եղավ մեր վերջին խոսակցությունը:
Օգոստոսի 1-ի առավոտյան գնացի քաղաքի կենտրոն՝ Կրեշչատիկ ու շուտ վերադարձա տուն: Հաջորդ օրը Ջեմման առաջարկեց ինձ համար հագուստ գնել, գնեցինք մոխրագույն կարակուլից վերարկու ու նույն գույնի կոստյում: Մյուս օրը գնացինք քաղաքում զբոսնելու, մտանք վարսավիրանոց. Ջեմման՝ կանացի, ես՝ տղամարդկանց սրահ: Շուտով սովածացանք, գնացինք ռեստորան, ցավոք, այն փակ էր (պերեսմենկա), ադմինիստրատոր կինն առաջարկեց սեղան պատվիրել, որ երեկոյան գանք, քանի որ այդ ժամին վարիետտե կար: Սեղանի պատվերի համար վճարեցինք երկու, իսկ վարիետտեի համար' հինգ ռուբլի: Դա ինձ համար տարօրինակ էր: Երեկոյան լավ ժամանակ անցկացրինք, հանգստացանք եւ ուշ գիշերին տուն եկանք:
Տանտիրուհու թոռը, չգիտեմ որտեղից, եկել էր, առաջին հայացքից լավ ջահել էր երեւում: Առավոտյան տանից դուրս գալիս հարցրի, թե ուզո՞ւմ է հետս քաղաք գալ, համաձայնվեց մեծ ուրախությամբ: Գնացինք կենտրոն, փոստ, հեռագիր ուղարկեցի, շատ ու քիչ Կրեշչատիկում զբոսնեցինք, մտանք «Մանկական աշխարհ» հանրախանութ: Պատրաստի հագուստեղենի բաժնի մոտ կանգնած' Ջեմմայի փոքր տղայի համար մի հարմար բան էի փնտրում, երբ անսպասելիորեն Լյոխան մի բան խցկեց ձեռքս: Մեխանիկորեն վերցրի. դրամապանակ էր: Դեռ խելքի չէի եկել, թե ինչ կատարվեց, կողքիս կինը բղավեց. «Օ՜յ, մոյ կաշիլյոկ», տեղն ու տեղը ինձ եւ Լյոխային գրկեց: Ներկա գտնվող քաղաքացիները նույն վայրկյանին շրջապատեցին մեզ ու ձեռքիցս վերցրին այդ կնոջ դրամապանակը: Էլ ի՞նչ, միլիցիոներ կանչեցին, ինձ երկու կողմից թեւանցուկ արին, այդ կնոջ եւ երկու վկաների հետ տարան Լենինյան միլ.բաժանմունք (Կրեշչատիկի վրա): Լյոխային բան ասող չեղավ, քանի որ գողանալիս նրան չէին տեսել, բայց կնոջ բղավոցից հետո դրամապանակը իմ ձեռքից էին վերցրել: Բանը բանից անցել էր: Էլ ի՞նչ էր մնում. տուժող կար, վկաներ' նույնպես, ես էլ' նախկինում դատված, ու գողոնն էլ իմ ձեռքից էին վերցրել: Մնում էր թուղթն ու գրիչը. սեւով սպիտակի վրա գրել ու բանտ: Այդպես էլ եղավ: Դե արի ու ասա, որ ինձ էս շեյթանի զավակը տվեց դրամապանակը:
Հարգելի՛ ընթերցող, ինչպես գիտեք, հենց սկզբից ես ներկայացրել եմ իմ ֆունկցիաների ու տարերքի սկզբունքային մակարդակը, այնպես որ մի զարմացեք, թե ինչու չասացի, որ դրամապանակը Լյոխան է գողացել, այլ ոչ թե ես:
Քննիչի կաբինետից զանգեցի Ջեմմային, եկավ, բայց ուշ էր, գործը հարուցված էր, պետն էլ՝ տեղյակ: Այլեւս ոչինչ չէր մնում անելու: Լրացրեցին Խկի-ի բլանկը ու ինձ տարան: Հասցրեցի Ջեմմային ասել, որ երեք օր հետո կտանեն բանտ, դու կարող ես գնալ Երեւան: Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես պետք է լիներ: Ջեմման գնաց Երեւան: Ինձ դատեցին, ու տվեցին երեք տարի կալանք խիստ ռեժիմի գաղութում, անձնական գույքի բռնագրավումով: Բռնագրավեցին 20 գրամանոց ոսկե մատանիս, վզիս ոսկե շղթան՝ «Փրկիր, պահպանիր» գրությամբ կուլոնով : Երկու տարի հետո Ջեմմայից նամակ ստացա ու իմացա, որ մայրս մի տարի առաջ մահացել է: Կողքիս ընկերն անգամ չիմացավ հոգուս սգո վիճակը, միայն հարցնում էր' ի՞նչ է պատահել, մի տեսակ ես:
Հորինում էի տարբեր պատճառներ: Ես գտնվում էի Բելայա ցերկով քաղաքի գաղութում: Ջեմման ինձնից ձեռք քաշեց, նորից մնացի մենակ: Միայն տղաս գրեց, որ ամուսնանում է, իսկ մի տարի հետո գրեց ու շնորհավորեց։ Պապիկ էի դարձել:
Մի քանի ամիս հետո, երբ Հայաստանում լույս չկար, չկար ուտելիք եւ այլն, տղաս գրեց, թե երեխան կուրծք չի վերցնում, իսկ խանութներում, նույնիսկ մանկական պոլիկլինիկայում մանկական կեր չկա: Երեխան հալ ու մաշ է լինում:
Ծանոթացել էի ուկրաինացի ընկերոջս մոր հետ, երբ եկել էր տղային տեսակցության: Նրան փող տվեցի ու խնդրեցի մեր տան հասցեով «Մալիշ» մանկական կեր ուղարկել։
Մեծ հաճույքով համաձայնվեց, կատարեց խնդրանքս, երկու տասը կիլոգրամանոց «Մալիշ» ուղարկեց մեր տուն' թոռնիկիս: Որոշ ժամանակ անց տղաս գրեց ինձ, որ ստացել է ծանրոցը, երեխան կազդուրվել է, անգամ հարեւանի երեխային էլ, որ մնացել էր մեկ կգ յոթ հարյուր գրամ, բաժին են հանել ու քեզ օրհնում են: Ինձ լավ զգացի: Հետո տղաս գրեց, թե. «Պապ, ի՞նչ ես ուզում ուղարկեմ»: Ես պատասխանեցի. «Տղա ջան, դուք ձեզ լավ նայեք»: Գաղութից, իմ անձնական հաշվից (աշխատում էի) երեք հարյուր ռուբլի ուղարկեցի, սեւ գույնի վերնաշապիկ ուզեցի: Գրել էի. «Տղա ջան, որպեսզի քեզնից չխլեմ ավելորդ ժամանակ, փողն ուղարկում եմ կրկնակի, որ տաքսիով գնաս առեւտուր անելու»:
Ես ուրախ էի, որ կարողացա պիտանի լինել որդուս ու թոռնիկիս, բայց արեցի ինձ համար: Զուր չի ասված' ով ինչ անի, իրեն կանի: Հետո իմացա, որ չի գնահատվել արածս, բայց էլի չընկճվեցի' հիմնվելով հենց այդ սկզբունքի վրա, որ ինձ համար եմ արել: Վեց ամիս էր մնում ազատվելուս, զոն բերեցին վրացի գող Համցելիձե Ռեւազ (Ռեզո) Դավիդովիչին: Ընկերացանք, շատ լավ տղա էր, Մոսկվայից էր եկել Կիեւ՝ Փիսոյի թաղումից հետո, բռնել էին գողության համար: Հետո մի հայ բերեցին, ալավերդցի' անունը Բախշիկ: Դիմավորեցի, ապրում էինք սովորական կալանավորական ճիշտ կյանքով: Հանկարծ խախտվեց մեր նորմալ կյանքի ընթացքը. էտապով զոն բերեցին մի կիեւցի տղայի, անչափահասների գաղութում բրիգադիր էր եղել, շատ երեխաների էր փչացրել (ծեծել, բռնաբարել): Բելայա ցերկով զոնը նայում էր (հեղինակություն) Էդիկ Գոտովշչիցը' եվրեյ, Զապորոժյե քաղաքից, մենք իրար հետ էինք կիսվում բոլոր հարցերով: Էդիկի կալանքը քսան տարի էր, տասներկուսն արդեն նստել էր: Մենք' Ռեզոն, Էդիկը եւ ես, այդ բրիգադիրի հարցերը լուծեցինք արեստանտի արդարացի ձեւով, բայց փախավ մենթերի գիրկը: Մեզ փակեցին: Մի քանի օր անց Ռեզոյին տարան զոնից: Ես գաղութի պետին սպառնացի, թե' երբ ազատվեմ, վառելու եմ տունդ: Այնքան էի վրդովված, որ չկարողացա տիրապետել ինձ ու նման արտահայտություն արեցի: Չէ՞ որ ինքն էլ է հայր, չի՞ հասկանում, թե ինչ է նշանակում երեխա փչացնել, խորտակել նրա մատաղ կյանքը: Գաղութի պետ է, ինքը լավ տեղյակ է, թե ինչեր են անում անչափահասների գաղութում, հատկապես բրիգադիրները, ու մնում են անպատիժ: Իսկ եթե ստացվում է հարմար առիթը, ապա ոչ մի ներում չի սպասվում նման տականքներին, որոնք հաշվի չեն առնում, որ այդ երեխան առանց այդ էլ պատժված է պետության կողմից, էլ ուր մնաց պատիվը խլել...
Մեզ կարցեր փակելու կապակցությամբ Բախշիկն ու վրացի մի տղա, որ տասը տարի կալանք ուներ, մահացու հացադուլի դիմում գրեցին ու ներկայացրին պետին' որպես բողոք մեզ անարդարացի փակելու համար: Պետը վախեցել էր զանգել, զեկուցել էր Կիեւի օկրուգային գաղութների վարչության պետին' գեներալ Նեստերովին: Այդ ժամանակ Նեստերովը Մոսկվայում էր գտնվում: Գեներալն իսկույն Մոսկվայից ինքնաթիռով մեկնել էր Կիեւ՝ գաղութ: Ես կարցերում էի: Կարցերի շենքում, հսկիչների սենյակում ինձ ընդունեցին վարչության եւ գաղութի պետերը: Բարեւեցի, գեներալի թույլտվությամբ նստեցի: Կողքիս չհրկիզվող պահարան կար, վրան զարթուցիչ էր դրված, աշխատում էր, իսկ պահարանի դուռը փոքր-ինչ բաց էր: Գեներալը սկսեց հարցեր տալ, ես իսկույն զգացի, որ պահարանում մագնիտոֆոն կա եւ, որպեսզի չլսվի մագնիտոֆոնի աշխատանքի ձայնը, դրան խանգարում էր զարթուցիչի չխկչխկոցը: Ինձ հարցրեց.
-Գաղութի պետը զեկուցել է ինձ, որ դուք սպառնացել եք իրեն այսպիսի-այսպիսի խոսքերով, ճի՞շտ է:
Գեներալի հարցին պատասխանեցի հարցով:
-Նաչալնիկ, ես կուզեի իմանալ' հիմա մեր խոսակցությունը ի՞նչ բնույթ է կրում, խոսելու ենք ինչպես արեստանտը չեկիստի հետ, թե՞ ինչպես մարդը մարդու հետ: Պատասխանեց.
-Ինչպես մարդը մարդու հետ:
Ես իսկույն պատասխանեցի նրա տված առաջին հարցին:
-Այո, ճիշտ է:
Մի պահ լռեց: Չեր սպասում, որ կխոստովանեմ: Թեթեւակի ժպտաց ու հարցրեց.
-Չվախեցա՞ր խոստովանությունից:
Դե, հարգելի ընթերցող, իրոք, որ շատ վտանգավոր էր ինձ համար, չէ՞ որ դրա համար քրեական օրենսգրքի հոդված կա. նախ՝ սպառնալիքի համար, հետո էլ' հրդեհելու փորձ, սպանության փորձ, էլի եսիմ ինչ եւ այլն: Վտանգավոր էր, մանավանդ, որ ձայնագրում էին, դա փաստ էր' իմ բառերով ասված, գումարած նաեւ այն, որ երկու բարձրաստիճան չեկիստներ' գեներալ ու գնդապետ, հեղինակավոր պաշտոնյաներ լսում են իմ բերանից: Իսկ գեներալի հարցին, թե չվախեցա՞ր խոստովանությունից, պատասխանեցի:
-Վախկոտներն են սուտ խոսում, եւ հետո, չէ՞ որ դուք ասացիք, որ մեր խոսակցությունը կրում է զուտ մարդկային բնույթ, ես ինձ ազնիվ մարդ եմ համարում, դիմացինիս մասին էլ իրավունք չունեմ կասկածելու, որովհետեւ հիմքեր չունեմ:
Գեներալը հին փորձառու չեկիստ էր, իրեն չկորցրեց ու հարցրեց:
-Իսկ եթե դուք գործ ունենաք, քննիչը հարցնի գործի վերաբերյալ կատարվածի մասին, դուք ճի՞շտը կասեք:
Ես էլ ինձ չկորցրի, պատասխանեցի.
- Նման դեպքերում ես հրաժարվում եմ պատասխանելուց, այսինքն' ցուցմունք տալուց:
Ժպտաց, նայեց գնդապետին, գլուխը թույլ թափ տվեց ու ասաց.
-Տրամաբանական է:
Միանգամից մթնոլորտը փոխվեց, սկսեցինք խոսել տարբեր թեմաների շուրջ, ու զգում էի' քանի խոսում ենք, նա այդ ընթացում ստուգում է գիտելիքներս, միեւնույն ժամանակ կարդում հոգեբանական տեսակետներս ու ինտելեկտուալ մակարդակս: Քառասունհինգ րոպե տեւեց մեր զրույցը, եւ վերջում հարցրեց.
-Քանի՞ սուտկա է, որ նստած ես կարցերում:
Ասացի' երեք:
Շարունակեց.
-Հիմա ուշադիր լսիր, դուք վիրավորել եք իմ ենթակա սպային, գաղութի պետին, բայց տեսնում եմ, որ դուք էլ լավ մարդ եք, հիմա ես ձեզ կթողնեի կարցերից, սակայն ձեր' հայերի մոտ կա այսպիսի մի ասացվածք. «Ոչ շիշը վառվի, ոչ էլ խորովածը»։ (Գեներալը յուրովի, բառացի թարգմանեց «նա շիշ, նա քյաբաբ» ասացվածքը):
Հետո շարունակեց.
-Հիմա, որպեսզի ոչ մեկիդ էլ չնեղացնեմ, երեք սուտկա էլ կնստես, կթողնեն:
Ռուդոլֆ Սաֆրազբեկյան (Ուդի)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել