HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արթուր Ղազինյանը պարետի որոշումը՝ բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու մասով, անվավեր ճանաչելու պահանջ է ներկայացրել վարչական դատարան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը վարչական դատարանում վիճարկում է պարետ Տիգրան Ավինյանի որոշումը՝ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում, դիմակ կրելը պարտադիր դարձնելու մասին: Նա պահանջում է ոչ իրավաչափ/անվավեր ճանաչել  պարետի 2020 թ. հունիսի 3-ի թիվ 110-Ն որոշման 6-րդ կետի դրույթը, որը վերաբերում է բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելուն:

Կառավարության 2020թ. մարտի 16-ի թիվ 298-Ն «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշմամբ հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվել է արտակարգ դրության իրավական ռեժիմ։ Իսկ իրավական ռեժիմ ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ։

Պարետ Տիգրան Ավինյանի կողմից 2020թ. մայիսի 3-ին ընդունվել է «ՀՀ ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» թիվ 63 որոշումը, որով սահմանվել են նորմատիվ բնույթի վարքագծի կանոններ՝ փակ տարածքում դիմակ կրելու պարտադիր լինելը և փակ տարածքում դիմակ կրելու կանոնները։

Հունիսի 3-ին պարետի կողմից ընդունված թիվ 110-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել թիվ 63 որոշման մեջ և սահմանվել է, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս՝ բոլոր հանրային բաց տարածքներում, դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս։

Հայցվորի համոզմամբ, պարետի կողմից նորմատիվ բնույթի իրավական ակտերի ընդունումը՝ մասնավորապես 2020թ. մայիսի 3-ին ընդունված թիվ 63 որոշումը և այդ որոշման մեջ փոփոխություններ կատարող որոշումները (առնվազն դիմակ կրելը պարտադրելու մասով), իրավաչափ չեն, հակասում են Հայաստանի իրավական կարգին, խախտում են երկրի քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը:

Արթուր Ղազինյանը բերելով մի շարք իրավական հիմնավորումներ, եզրակացրել է, որ սահմանդրաիրավական կարգավորումները բացառում են պետական կառավարման համակարգի մարմինների ցանկը «համալրել» արհեստածին ծագում ունեցող մարմիններով, օրինակ՝ նորմատիվ բնույթի պարտադիր  վարքագծի կանոն սահմանելու իրավասությամբ օժտված պարետ։

Մասնավորապես, Ա. Ղազինյանը նշել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ Պարետն իրականացնում է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումը, ինչպես նաև համակարգում է արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացումը և սահմանափակումների կիրառումը։ Սույն մասով սահմանված լիազորությունների իրականացման համար պարետը կարող է ընդունել համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Հայցվորը հիմնավորում է, որ պարետի նշված որոշումներից և ոչ մեկում չի երևում՝ վերջինս նշված որոշումներն ընդունելիս ինչպիսի կարգավիճակ է ունեցել՝ գործել է որպես վարչապետ, թե որպես փոխվարչապետ: Նշված հանգամանքն ունի ելակետային նշանակություն այնքանով, որքանով հիշյալ պաշտոնատար անձինք կարող են ընդունել նորմատիվ իրավական ակտեր բացառապես Սահմանադրությամբ կամ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում: Միայն այս պարագայում կարող էր պահպանված համարվել նշված որոշումների իրավաչափությա ննախադրյալներից մեկը: Մինչդեռ, այդ որոշումներից և ոչ մեկում համապատասխան նշում այս մասին առկա չէ: 

Արթուր Ղազինյանի համոզմամբ՝ պարետի որոշումը և դրա մեջ փոփոխություններ կատարող մյուս որոշումները (առնվազն դիմակ կրելը պարտադրելու մասով) իրավաչափ չեն, քանի որ նման նորմատիվ բնույթի վարքագծի կանոն սահմանելու իրավասությամբ պարետն օժտված չէ։ Պնդում է, որ պարետի կողմից «բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս՝ բոլոր հանրային բաց տարածքներում, դիմակ կրելը պարտադիր է» դրույթ ընդունելն իրավաչափ չէ և հակասում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 4-րդ հոդվածի իրավակարգավորումներին։

Բացի այդ, Ա. Ղազինյանն իրավական հարցադրում է առաջ քաշում՝ արդյո՞ք համավարակի պայմաններում պարտադիր դիմակ կրելու ընթացակարգը կարող էր սահմանվել պարետի որոշմամբ։

Հայցվորը հիշատակում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումը, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս թույլատրվում է նոր դեղերի, մեթոդների, ձևերի, միջոցների կիրառում և կենսաբժշկական հետազոտությունների անցկացում՝ Կառավարության սահմանած կարգով: Հետևապես, գտնում է, որ նոր մեթոդների, միջոցների և ձևերի կիրառումը պետք է իրականացվեր բացառապես Կառավարության սահմանած կարգով, ինչն այս պարագայում որևէ կերպ ապահովված չէ:

«Ստացվում է, որ ընդունվել է որոշում` առանց դրա ընդունման համար անհրաժեշտ իրավական հիմքերի, որպիսի հանգամանքն ուղղակիորեն հանգեցնում է դրա ոչ իրավաչափությանը: Վերոգրյալից կարելի է եզրակացնել, որ Պարետի որոշմամբ սահմանափակվել է Սահմանադրության 25-րդ հոդվածով նախատեսված մարդու ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, ինչն իրավաչափ չէ, քանի որ նման հնարավորությունը բացառված է Սահմանադրության 76-րդ հոդվածով»,-կարծում է Արթուր Ղազինյանը:

Նա համոզված է, որ պարետի որոշմամբ խախտվել է Սահմանադրությամբ և օրենքով ամրագրված անձնական անձեռնմխելիության իրավունքը, իր նկատմամբ սահմանվել է վարքագծի պարտադիր կանոն, որն իր էությամբ հանդիսանում է բժշկական փորձ և ինքն առանց իր համաձայնության ենթարկվում է բժշկական փորձի՝ տեղեկցված չլինելով հնարավոր հետևանքների մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter