HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Փարիզի հանրային վայրերում դիմակների կրումը դարձել է պարտադիր

Օգոստոսի 28-ից Փարիզի և հարևան երեք դեպարտամենտների հանրային վայրերում դիմակների կրումը դարձել է պարտադիր։ Պահանջը չի տարածվի վազորդների և հեծանվորդների վրա։ Նման որոշում ավելի վաղ ընդունվել էր նաև Մարսելում։

Օգոստոսի 27-ի դրությամբ Փարիզում գրանցվել է կորոնավիրուսի 6 111 նոր դեպք։ Սա մայիսից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Համավարկի մեկնարկից ի վեր Ֆրանսիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 260 000 դեպք, մահացել 30,5 հազար մարդ։ 

Վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել է, որ կորոնավիրուսը կրկին «ամրապնդում է իր դիրքերը», իսկ դիմակների պարտադիր կրումը ներդրվել է առավել խիստ կարանտինից խուսափելու համար։ Ի սկզբանե Ֆրանսիայի կառավարությունը միտված էր դիմակների կրումը պարտադիր դարձնել նաև հեծանվորդների և բացօթյա սպորտով զբաղվողների համար, սակայն Փարիզի քաղաքապետարանը կարողացել է հասնել որոշման փոփոխությանը։ Քաղաքային իշխանությունների կարծիքով՝ այդ երկու խմբերի կողմից դիմակների պարտադիր կրումը «անարդյունավետ և վտանգավոր է»։ Բացի այդ, ավելի վաղ Փարիզի քաղաքապետը կոչ էր արել քաղաքացիներին աշխատանքի մեկնել հեծանիվով, որպեսզի նվազեցվի հանրային տրանսպորտի ծանրաբեռնվածությունը։

Փարիզի բնակչության մեծ մասը կողմ է դիմակների պարտադիր կրման պահանջին։ Նրանք նշում են, որ դա ավելի լավ է, քան ամբողջական սահմանափակումները։ Քաղաքի բնակչության մի հատվածն էլ այն կարծիքին է, որ դիմակների պարտադիր կրումը պետք է սահմանվեր ավելի վաղ։

Մեծ Բրիտանիայում օգոստոսի 27-ի դրությամբ հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 522 նոր դեպք, ինչն ամենաբարձր ցուցանիշն է հունիս ամսվանից ի վեր։ Այդուհանդերձ, տրանսպորտի նախարար Գրանտ Շապսը «BBC»-ին տված հարցազրույցում նշել է, որ մարդիկ պետք է վերադառնան աշխատավայրեր։ Հաջորդ շաբաթ բրիտանական կառավարությունը կոչ կանի գործատուներին կրկին բացել աշխատավայրերը։

Վիճակագրական բյուրոյի տվյալներով՝ հուլիսի 27-ից օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում բրիտանական ընկերությունների աշխատակիցների 39 %-ը աշխատել է տնից։ Ընդ որում, այնպիսի ճյուղերի, ինչպիսիք են կրթությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և հաղորդակցությունը, աշխատակիցների թիվը, որոնք աշխատել են տնից, գերազանցել է 70 %-ը։

Արդյունքում, բրիտանական քաղաքների կենտրոնական թաղամասերը շարունակում են մնալ դատարկ, ինչը մեծ վնաս է հարցնում գրասենյակային աշխատակիցներից կախված բիզնեսին։ «Morgan Stanley» ներդրումային բանկի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում գրասենյակներում աշխատող աշխատակիցների թիվը 50 %-ով պակաս է, քան եվրոպական մյուս խոշոր երկրներում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ օգոստոսի 27-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութը «ի հայտ կգա տարվա վերջին կամ էլ ավելի շուտ»։ Այդ մասին Թրամփը հայտարարել է Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ, որտեղ Թրամփի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվել է Հանրապետական կուսակցության կողմից։ Ըստ ավանդույթի նրա ելույթով ավարտվել է կուսակցության համագումարը, որը հիմնականում անցել է առցանց ռեժիմով։

Ի տարբերություն Բայդենի, Թրամփը հանդես է եկել Սպիտակ տան տարածքում՝ հազարավոր կողմնակիցների ներկայությամբ։ Նրանց մեծ մասը եղել են առանց դիմակների, ինչպես նաև չի պահպանվել սոցիալական հեռավորությունը։

Լուսանկարը՝ Kamil Zihnioglu/Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter