HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջոնզի» վերադարձը ոչ ոք չի ցանկանում

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

«Զռանին ուղարկեցին մնացածներին անհրաժեշտ բացատրությունները տալու։

- Ընկերնե՛ր,- բացականչեց նա,- հուսով եմ, որ դուք չեք կարծում, թե մենք՝ խոզերս, այդ անում ենք եսասիրության ու արտոնվածության ոգով դրդված։ Մեզանից շատերն իրականում չեն սիրում կաթը և խնձորները։ Ես ինքս դրանք չեմ հավանում։ Դրանք վերցնելիս մեր միակ մտահոգությունը մեր առողջության ապահովումն է։ Կաթը և խնձորները (դա ապացուցված է գիտության կողմից, ընկերնե՛ր) պարունակում են խոզերի բարեկեցության համար վճռականապես անհրաժեշտ նյութեր։ Մենք՝ խոզերս, մտքի աշխատավորներ ենք։ Ֆերմայի կազմակերպչական և վարչական ամբողջ աշխատանքը մեր ուսերին է։ Մենք գիշեր-֊ցերեկ մտահոգված ենք ձեր բարեկեցությամբ։ Մեզ համար չէ՛, որ մենք խմում ենք կաթն ու ուտում այդ խնձորները։ Գիտե՞ք, թե ինչ կլիներ, եթե խոզերը թերանային իրենց պարտականություններում։ Ջոնզը կվերադառնար։ Այո՛, Ջոնզը կվերադառնար։ Անշուշտ, ընկերներ,- համարյա պաղատագին վնգստաց Զռանը, պոչը շարժելով,- ձեր մեջ, իհարկե, չկա մեկը, որը ցանկանար Ջոնզի վերադարձը: …

Որոշ ժամանակ անց Զռանին ուղարկեցին մնացածներին բացատրելու նոր կարգը։

- Ընկերներ,- ասաց նա,- հուսով եմ, որ ամեն կենդանի ըստ արժանավույն գնահատեց ընկեր Նապոլեոնի անձնվիրությունը, որով նա իր ուսերին հավելյալ աշխատանք բարդեց։ Մի՛ կարծեք, ընկերներ, թե առաջնորդելը հաճույք է։ Ընդհակառակը՝ դա ծանր և խորին մի պատասխանատվություն է։ Ոչ ոք վստահ չէ ընկեր Նապոլեոնից առավել, որ բոլոր անասունները հավասար են։ Նա ավելի քան ուրախ կլիներ ձեզ տրամադրել սեփական որոշումներ ընդունելու հնարավորությունը։ Բայց երբեմն, ընկերներ, դուք կարող եք նաև սխալ որոշումներ ընդունել՝ պատկերացնո՞ւմ եք, թե դա մեզ ուր կհասցնի։ …

- Քաջությունը բավական չէ, - ասաց Զռանը,- նվիրվածություն ու հնազանդությունը շատ ավելի կարևոր են։ Ինչ վերաբերում է Գոմի ճակատամարտին, ապա հավատացած եմ, կգա այն ժամանակը, երբ մենք կհասկանանք, որ նրա դերն այդ ճակատամարտում խիստ չափազանցված էր։ Կարգապահությո՛ւն, ընկերներ, երկաթյա՛ կարգապահություն։ Ահա՛ այսօրվա մեր նշանաբանը։ Մի սխալ քայլ, և մեր թշնամիները չեն հապաղի առիթից օգտվել։ Ի՛նչ խոսք, ընկերնե՛ր, որ դուք չեք ուզում Ջոնզի վերադարձը»:

Սա հատված է Ջորջ Օուելի «Անասնաֆերման» ստեղծագործությունից: Ջոնզը նախկին ֆերմերն էր, որին կարողացան վռնդել կենդանիները: Կարդում եմ և վերստին համոզվում, որ անկախ նրանից, թե մոլորակի որ կետում են ապրում մարդիկ, պետություն-քաղաքացի փոխհարաբերությունները, կազմակերպչական-վարչական մեքենայի աշխատանքը բավական նման են իրար: 

Ասում են, որ բանտը պետության  փոքր մոդելի է նման, և ներսից 25 տարի տեսնելով այդ մոդելի աշխատանքը` փորձում եմ իրականությունը ջրի երես հանել որքանով կարողանում եմ:

Նորից և նորից`ԱՇԽԱՏԱՆՔ: Չեն կարող ներկայիս հասարակությունը և պետությունը գոյատևել առանց աշխատանքի: Այո, շատ հարցերում ժամանակակից աշխարհում մարդուն փոխարինում են մեքենաները, սակայն այդ մեքենաների ստեղծման և սպասարկման համար նորից անհրաժեշտ է մարդու աշխատանքը: Պնդել եմ միշտ, որ մեծագույն սխալ է, որ քրեակատարողական համակարգը հազարավոր ազատազրկվածներին չի ապահովում աշխատանքով: Դատապարտյալների ճնշող մեծամասնությունը մատնված է անգործության: «Ջոնզին» այս իրավիճակը ձեռք է տալիս, որովհետև նա է դարձրել այս համակարգը այդպիսին, և «Ջոնզի» աշակերտները պահելով կոռուպցիայի վրա հիմնված համակարգը`փաստացի վերադարձնում են «Ջոնզին»:

Արդեն գիտեք, որ 25 տարվա մեջ առաջին անգամ «Նուբարաշեն» բանտում անցկացվում են խոհարարական դասընթացներ: Մեր բոլոր չորս դասախոսներն էլ բարձր մակարդակով ծանոթացնում են մեզ խոհարարության տեսությանը`թե՛ մսամթերքից, թե՛ խմորից պատրաստվող ուտեստների, թե՛ աղցանների և խավարտների վերաբերյալ: Այժմ անցնում ենք արդեն գործնական մասին, բայց փաստի առջև ենք կանգնած` սենյակը, որտեղ անցկացվում են դասերը պարզապես հսկիչների սենյակն է, որտեղ չկան հիգիենայի տարրական պայմաններ` չկա լվացարան, համապատասխան դարակներ սպասքը և սննդամթերքը դնելու համար: Դասախոսների հետ միասին մտածում ենք, թե ինչպես անենք, որ կարողանանք նաև գործնական հմտություններ ձեռք բերել: Հարց է առաջանում` եթե խոհարարական դասընթացները կազմակերպվել են ոչ թե զուտ ձևական կողմը ապահովելու համար, այլ նպատակ է հետապնդվում դատապարտյալներին աշխատանքով ապահովել, ուրեմն նախօրոք հարկավոր էր լուծել խոհարարական դասերի գրոծնական մասը խոհանոցային պայմաններում անցկացնելու հարցը: Անշուշտ, լավ է որ քայլեր են կատարվում, բայց ամենուր տեսնում ենք «Ջոնզի» խանգարող ձեռքը… 

Այդ «անտեսանելի» ձեռքը շատ ուժեղ փայլատակում է: Վառ օրինակներ բերեմ. որոշ դատապարտյալների ռեժիմը փոխվելուց հետո գաղութային պայմաններում նրանք սկսել են տարբեր աշխատանքներ կատարել և աշխատավարձից գումարներ փոխանցել տուժողներին` համաձայն քաղաքացիական հայցերի: Դատախազությունը, սակայն, այս մարդկանց վերադարձրել է բանտ, գտնելով, որ գաղութում մնալը ծանր հետևանքներ կարող է առաջացնել: Դատապարտյալը տեղափոխվելով գաղութ, սկսում է աշխատել և գումար փոխանցել տուժողին, իսկ դատախազությունը հետ է բերում`քանի դեռ չես վճարել տուժողի հայցը, կմնաս բանտում: Սակայն բանտում պետությունը ցմահականներիս  աշխատանքով չի ապահովում և ստացվում է, որ մի պետական համակարգը դեմ գնալով քրեակատարողական ծառայությանը, նաև ՀՀ կառավարության որդեգրած վերականգնողական արդարադատության քաղաքականությանը` վնաս է հասցնում նաև տուժողներին: 

Աշխատանքը գրեթե ամենակարևոր բանն է, և պետությունը՝ ի դեմս քրեակատարողական համակարգի, պետք է խրախուսի դատապարտյալի աշխատանքը, քանի որ հենց այս կերպ է կատարվում վերասոցիալականացումը, նաև կոռուպցիայի և քրեական ենթամշակույթի դեմ պայքարը:

Պատկերացրեք, որ Հայաստանի ՔԿՀ-ներում դատապարտյալներին հնարավորություն տրվի, օրինակ, կահույք արտադրել: Դատապարտյալները կվարձատրվեն և կվճարեն տուժողների քաղաքացիական հայցերը, նաև իրենց ընտանիքներին կօգնեն: Ավելին`դուք`ազատության մեջ գտնվող քաղաքացիներդ ստիպված չեք լինի սեփական գրպանից վճարել հազարավոր դատապարտյալների սննդի, հագուստի և կոմունալ վարձերի համար: Հարց`ինչու՞ է «Ջոնզի» համակարգը շարունակում աշխատել: Պատասխան`որպեսզի պետական բյուջեից մշտապես մեծ գումարներ դուրս գրվեն, որպեսզի դատապարտյալները չաշխատեն և հանկարծ դրա համար չխրախուսվեն, այլապես հնարավոր չի լինի պահպանել կոռուպցիոն մեխանիզմները, որոնց միջոցով ազատություն են վերադարձնում ում ցանկանան, իսկ ումից կաշառք չստանա «Ջոնզը», կպահեն որքան ցանկանան, որպեսզի այդ աղքատ, կաշառք չտվող դատապարտյալների հաշվին պետական բյուջեից անընդհատ գումարներ դուրս գրվեն: Աշխատանքային հմտություններ ձեռք բերած դատապարտյալը վերադառնալով ազատություն քիչ հավանական է, որ նորից հանցագործություն կատարի, և այս կերպ կրկնահանցագործության հաղթահարումը գործնականում հնարավոր կլինի, որը սակայն ձեռք չի տալիս «Ջոնզի» ծառաներին, քանի որ կոռուպցիայի հնարավորությունը կքչանա:

Այսպես է, թերևս, աշխատում փակ կոռուպցիոն շրջանը` հանցագործությունների մակարդակը մշտապես պահել կայուն բարձր մակարդակի վրա, որ «Ջոնզի» քննիչները, դատախազները, դատավորները, քրեակատարողական համակարգում պատսպարված ծառաները մշտապես ապահովեն փակ շղթայի աշխատանքը:

ՔԿՀ-ներում աշխատանքի ապահովումը և արդյունավետ կառավարումը, ինչպես նաև դատապարտյալների ազատվելուց հետո աշխատանքային հարցերում աջակցությունը պետության մեջ կլուծի բազմաթիվ սոցիալական խնդիրներ` կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար նշված պետական մարմիններում, հանցագործությունների կտրուկ նվազում: Համոզված եմ` հասարակական-պետական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում հնարավոր են ճիշտ լուծումների պարագայում կտրուկ բարելավումներ, միայն թե քաղաքական իշխանությունը այդ կամքը ունենա: Այլապես, ինչպես «Անասնաֆերմայում» Ջոնզին կփոխարինի Ջոնզից ավելի բեթար Նապոլեոնը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter