HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Մենիշխանության ու հարմարվողականության գինը

Նախընտրական շրջանում անցկացվող համագումարները վկայում են, որ դրանք դարձել են լրիվ ձևական բնույթ ունեցող կուսակցական միջոցառումներ, որի հիմնական նպատակը վաղուց կայացված որոշումների վավերացումն է և միայն կուսակցությունների ղեկավարներին խոսելու հավելյալ հարթակի ապահովումը:

Դրանք գրեթե բոլորի պարագայում անցնում են հալած յուղի նման. կուսակցության խորհուրդները, գործադիր մարմինները հրապարակում են, թե ինչ որոշում են կայացրել այս կամ այն հարցի վերաբերյալ, իսկ պատվիրակները մի մարդու նման հաստատում են:

Ոչ մի անակնկալ, ոչ մի խնդիր նման «ադաբրյամսի» մթնոլորտում հնարավոր չէ սպասել: Իսկ այն բոլոր խնդիրները, որտեղ կարող են սուր անկյուններ լինել, լուծվում են մարդկանց նեղ միջավայրում:

Կուսակցությունների շարքային անդամները կայացվող որոշումների վրա ոչ մի ազդեցություն ունենալ չեն կարողանում: Եթե նախկինում սա բնորոշ էր միայն ապագաղափարական քաղաքական ուժերին, մարդ-կուսակցություններին, ապա հիմա կարծես մասշտաբային բնույթ է կրում` ընդգրկելով նաև դեռևս քիչ թե շատ գաղփարական ենթահողը պահող ուժերին:

«Ժառանգություն» կուսակցությունը, որտեղ քիչ թե շատ պահպանվել էին ներքին ժողովրդավարության հատկանիշները, արժեհամակարգը, ընդամենը մեկ շաբաթ առաջ էր համագումար անցկացրել, բայց  ամենակարևոր`  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ դաշինքի ֆորմատով խորհրդարանական ընտրություններին մասնակցության հարցն այդպես էլ համագումարի քննարկման առարկան չդարձրեց:

Նույնն արեց նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Փոխարենը` դրանից հետո «Ժառանգության» ղեկավարի կայացրած գրեթե միանձնյա որոշումների արդյունքում հրապարակված «Ժառանգությունն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքի միասնական ցուցակի հրապարակմանը զուգընթաց Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած կուսակցությունը ներքին պառակտումների հերթական շրջափուլում է հայտնվել:

Բացի դրանից, թեև  համագումարները կազմակերպվում են ընտրությունների նախաշեմին և հենց այդ պատճառով, սակայն համամասնական ցուցակների, գոնե դրանց ձևավորման սկզբունքների ու մեթոդաբանության խնդիրը դուրս է մնում օրակարգից:

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցություններից ու ուժերից համագումար են հրավիրել 5-ը. բացի վերոնշյալ երկուսից, նաև` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն: Ցուցակները հրապարակել է նրանցից երկուսը` ՀՀԿ-ն և «Ժառանգություն»- «Ազատ դեմոկրատներ» դաշինքը:

Ոչ նրանք և ոչ էլ, բնականաբար, մյուսները, իրենց ցուցակների հրապարակումը չեն պայմանավորել համագումարով:Բացառությամբ ԲՀԿ-ի, մյուսները նույնիսկ նախընտրական ծրագրերի ընդունումը չեն կապել կուսակցական այդ ամենակարևոր միջոցառման հետ, թեև հենց ծրագրերում են արտացոլված այն հիմանական ուղղությունները, քաղաքական ուղեգիծը, որ նախընտրում է տվյալ քաղաքական ուժն իր երկրի զարգացման համար: Թվում է, թե համագումարը կոչված է վերջնականապես հստակեցնելու կուսակցության ռազմավարությունը ընտրություններում, որոշակիացնելու նրա դերն ու դիրքը քաղաքական դաշտում: Սակայն նման բան կուսակցություններում չի նկատվում:

Մասնավորապես, ԲՀԿ-ի պարագայում հանրության և կուսակցության շարքերի ակնկալիքը հետևյալ հարցի հստակ պատասխանն ստանալն էր. Արդյո՞ք կուսակցությունն իսկապես պսևդոընդդիմության դեր է ստանձնելու` ապահովելով ՀՀԿ-ի մաքուր հաղթանակը ընտրություններում, թե՞ այնքան վճռականություն ու համարձակություն է ունենալու, որ վերածվի իրական այլընտրանքի և քաղաքական պայքարը տեղափոխի սկզբունքային հարթություն:

Մինչդեռ այն, ինչ արեց ԲՀԿ-ն իր համագումարի ժամանակ, կարելի է բնորոշել որպես ներկա իրավիճակի վավերացում և կուսակցությանը երկրորդային դերի վերապահում, պարզ ասած` հրաժարում իրական մրցակցությունից:

Որքան էլ ԲՀԿ ղեկավարի ելույթը քննադատական շեշտադրումներ էր պարունակում, այն ընդդիմություն դարձող ուժի լիդերի խոսք չէր: Ավելի ճիշտ` այնպիսի ուժի լիդերի ելույթ էր, որի ընդդիմություն լինելը կամ դրա չափը նախընտրելի է իշխանության համար:

Դա, իհարկե, ուներ օբյեկտիվ շատ լուրջ պատճառը: ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ է և, ուզի թե չուզի, լիարժեք պատասխանատվություն է կրում երկրում վարվող սոցիալական, տնտեսական քաղաքականության համար: Քանի դեռ այդ կոալիցիան պաշտոնապես գոյություն ունի, նրան մասն կազմող ուժերից որևէ մեկի պարագայում չի կարող առհասարակ որևէ տեսակի այլընտրանքի, ընդդիմության մասին խոսք լինել: Այս տեսանկյունից ԲՀԿ-ն ինքն իր շուրջը չափազանց անբնական ու անլուրջ իրավիճակ է ստեղծել:

Համագումարն, իրականում, պետք է առաջին հերթին իշխանություններից սահմանազատվելու և կոալիցիայից դուրս գալու հստակ խնդիր դներ, ինչը տեղի չունեցավ: Այս պայմաններում որքան էլ բարձր խոսես մարդուն` իբրև արժեք դիտարկելու, ընտրողների ձայները պաշտպանելու և փոքր ու միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու մասին, համոզիչ չես կարող լինել:

Նույնատիպ խնդիր կար նաև իշխող կուսակցության` ՀՀԿ-ի համագումարի հետ կապված: Չնայած մինչ այդ էլ արդեն իսկ պարզ էր, որ ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկվելու են այլ, լուսանցքային կուսակցությունների ղեկավարներ` Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանը, համագումարում կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարկ չհամարեց պարզաբանել, թե ինչո՞ւ է հատկապես այս մարդկանց սեփական թիմ ընդգրկելու որոշում կայացրել:

Ի վերջո, երբ հայտարարում ես, թե 200 հազարին մոտ անդամ ունես ու միայն դու ես ունակ ունեցած ռեսուրսներով փոփոխություններ կատարել, պետք է պարզաբանես, թե օտար, այն էլ ոտքի տակի հողը կորցրած էլեմենտներին բերելով ինչ խնդիր ես փորձում լուծել: Սա ոչ միայն բազմահազարանոց կուսակցության, այդ ներուժի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի, այլև անվստահության դրսևորում է, որի հետևանքները զգալի են դառնալու ավելի ուշ:

Մեկնաբանություններ (2)

Tigran
Մենք չունենք բազմակուսակցական համակարգ: մենք ունենք մինի կոմկուսների մի լաբիրինթոս: Նույնիսկ Կոմկուսն ուներ ժողովրդավարությանը հարիր որոշ տարրեր. գոնե քաղբյուրո կար, որտեղ տարբեր շահեր էին խաչվում ու քաղաքական որոշումները կայացվում էին այդ շահերը հաշվի առնելով: Անդեմ զոմբիների այս հավաքածուներից ոչինչ կախված չէ: Մեր քաղաքականությունը մի քանի անհատների քաղաքականություն է, ոչ ավելին:
Արամայիս Միրզախանյան
Վերլուծությունը հստակ է: Կուսակցական համագումարները կորցրել են իրենց լրջությունն ու քաղաքական իմաստը և արարողությամբ նմանվում են թայֆայական կազմակերպությունների: Ոչ մեկ քննադատություն, ոչ մեկ շինիչ գործնական ծրագիր: «լոխ լավ ա », ով չի հավանում մեր հակառակորդն է... Շվեդացին ասում է.- Երբ ամեն ի՛նչ լավ է, ուրեմն մի լուրջ բան սխալ է: Հայաստանի քաղաքական դաշտը մեր Չարենցի «կապկազ թամաշան » է...Ի՞նչ անել...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter