HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Հրդեհից «Բեյզ Մեթըլս» ընկերությունը 49 մլն դրամին համարժեք գույքային վնաս է կրել

Օգոստոսի 19-ին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ անհայտ անձը հրկիզման եղանակով դիտավորությամբ վնասել է Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի վարչական տարածքում գտնվող փակ բաժնետիրական ընկերության պատկանող գույքը՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 49 մլն ՀՀ դրամին համարժեք գույքային վնաս:

«Ես տեղեկություն չունեմ, իմ համայնքում չէր։ Ճանկաթաղ է գրած, բայց իմ տարածքում չէր։ Վարձակալած շինություն է եղել։ Վարդաձորի համայնքում էր, բայց նրան [գյուղապետին] ի՞նչ տեղեկություն պիտի լինի։ «Բեյզ Մեթըլսի» տարածքում էր, հանքի, այո՛, ոչ թե համայնքների։ Իրենցից կարող ես ճշտել»:- «Հետքի» հետ զրույցում ասած Ճանկաթաղ համայնքի ղեկավար Սասուն Վանյանը։

Հիշեցնենք, որ «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից շահագործվող Կաշենի պղինձ-մոլիբդենային հանքավայրը ընդգրկում է Մարտակերտի շրջանի Վարդաձոր, Ճանկաթաղ եւ Ներքին Հոռաթաղ գյուղերը:

«Դեպքը Ճանկաթաղո՞ւմ է տեղի ունեցել, թե՞ ոչ»,- հարցրինք ԱՀ քննչական կոմիտեի նախագահի օգնական Նանար Պողոսյանին: «Վարույթ ընդունած քրեական գործը ԱՀ քննչական կոմիտեն ստացել է ենթակայությամբ, ուստի քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, այդ թվում՝ դեպքի վայրը»,- ասաց նա:

«Հետքի» գրավոր հարցմանը «Բեյզ Մեթըլս» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը հայտնել է, որ Կաշենի լեռնահանքային համալիրում տեղի ունեցած հրդեհը ենթադրաբար բռնկվել է պահեստի հարակից տարածքի չոր խոտածածկն այրվելու հետևանքով։

«Հրդեհի հետևանքով մասնավորապես այրվել է բացօթյա պահեստավորված հիդրոցիկլոնային դասակարգչի ներքին ռետինային ծածկույթը, ինչի պատճառով Ընկերության կրած վնասի չափը կազմում է շուրջ 49 մլն ՀՀ դրամ, որից 39 մլն դրամը ոչնչացված պաշարների արժեքն է, իսկ շուրջ 10 մլն գնահատվում են վնասված հիմնական միջոցների վերականգնման ծախսերը»,- ասված է պատասխանում:

Ընկերության տնօրենը նաեւ նշել է, որ հրդեհը մեծ մակերեսի վրա չի տարածվել և շրջակա միջավայրի վրա զգալի ազդեցությունների պատճառ չի դարձել։

«02․09․2020 թ․ դրութամբ Ընկերությանը հայտնի չէ մարդկային գործոնի առկայություն հրդեհի բռնկման պատճառի մեջ, ուստի՝ հրդեհի հետ կապված Ընկերությունը որևէ բողոք կամ պահանջ չունի», - հաղորդվում է նամակում։

Այդ դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաեւ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ): Ծառայության հուլիսի 7-ի հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 6-ին ժամը 09:44-ին ահազանգման կենտրոն զանգ է ստացվել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի տարածքում գործող «Bays Metals» ՓԲԸ-ին պատկանող հանքավայրի տարածքում բռնկված հրդեհի մասին:

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:35-ին, մարվել՝ ժամը 10:55-ին: Ըստ Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի դիսպետչեր, փրկարար ծառայության ավագ ենթասպա Լ. Գյուրջյանից ստացված տեղեկության՝ այրվել են տվյալ հանքի պահեստի հիդրոցիկլոնի տարողության ռեզինապատ դետալներ»,- նշված է ԱԻՊԾ օպերատիվ ամփոփագրում։

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 3-րդ մասի 1-ին կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter