HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոնրեալում ակտիվիստները տապալել են Կանադայի առաջին վարչապետ Ջոն Մաքդոնալդի արձանը

«Black Lives Matter» շարժման ակտիվիստները Մոնրեալում տապալել են Կանադայի առաջին վարչապետ սըր Ջոն Մաքդոնալդի արձանը, որին մեղադրում են բնիկ հնդկացիական բնակչության նկատմամբ վարած դաժան քաղաքականության մեջ։ Այդ մասին գրում է «BBC»-ն։

Համացանցում հայտնված կադրերից երևում է, թե ինչպես է արձանի գլուխը պոկվում և ընկնում սալահատակին։ Քվեբեք նահանգի վարչապետը անընդունելի է համարել տեղի ունեցածը։ «Մեր պատմության մի մասի ոչնչացումը ելք չէ»,- նշել է Ֆրանսուա Լեգոն։ Կանադայի ԶԼՄ-ները հայտնում են, որ ակցիայի մասնակիցներից և ոչ մեկը չի ձերբակալվել։

Սըր Ջոն Ա. Մաքդոնալդը եղել է ինքնավար Կանադայի առաջին վարչապետը, որը պաշտոնավարել է 1873-1891 թվականներին։ Նա պատմության մեջ մտել է որպես բարեփոխիչ, որը մեծ ներդրում ունի կանադացիների՝ որպես առանձին ազգության կայացման գործում։ Ընդ որում, նա նախաձեռնել է նաև հնդկացիների երեխաների համար գիշերօթիկ դպրոցների ստեղծմանը։

Համակարգը գործել է ավելի քան 100 տարի։ Այդ ընթացքում առնվազն 150 000 երեխա բռնի վերցվել է ընտանիքներից և ուղարկվել սովորելու պետական գիշերօթիկ դպրոցներ։ Շատերը ենթարկվել են բռնության, գրանցվել են նաև մահվան դեպքեր։ Նրանց նաև արգելվել է խոսել իրենց լեզվով և պահպանել սեփական մշակույթը։ 2015 թվականին Կանադայի կառավարությունն իր զեկույցում այդ գործողություններն անվանել է մշակութային ցեղասպանություն։

Քվեբեքի վարչապետ Ֆրանսուա Լեգոն «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է, որ ոչինչ չի արդարացնում վանդալիզմը։ «Ինչ էլ որ ոմանք մտածեն Ջոն Մաքդոնալդի մասին, այդպես ոչնչացնել արձանն անընդունելի է։ Մենք պետք է պայքարենք ռասիզմի դեմ, սակայն պատմության ոչնչացումը ելք չէ։ Վանդալիզմը տեղ չունի մեր ժողովրդավարության մեջ, և արձանը պետք է վերականգնվի»,- նշվում է քաղաքական գործչի գրառման մեջ։

Օգոստոսի 29-ին Մոնրեալի կենտրոնում տեղի է ունեցել խաղաղ ցույց, որի մասնակիցները պահանջել են ոստիկանությանը զրկել ֆինանսավորումից։ Բողոքի ցույցի մասնակիցների տարածած թռուցիկներում Ջոն Մաքդոնալդին անվանում են «սպիտակ սուպրեմատիստ, որը գիշերօթիկ դպրոցների դաժան համակարգի միջոցով կազմակերպել է հնդկացիների ցեղասպանություն»։

Ցուցարարները նաև պնդում են, որ դիմել են Մոնրեալի քաղաքապետ Վալերի Պլանտին՝ պահանջելով հեռացնել արձանը, սակայն անգործության պատճառով որոշել են գործն իրենց ձեռքը վերցնել։ 

Վերջին ամիսներին աշխարհի մի շարք երկրներում տապալվել են որոշ քաղաքական գործիչների արձաններ, որոնց պատմական դերը հակասական է։ Մասնավորապես, ԱՄՆ-ում ոչնչացվել են Քրիստափոր Կոլումբոսի և կոնֆեդերատների առաջնորդների արձանները, որոնք 1860-ական թվականներին հանդես են եկել ստրկության պահպանման օգտին։ Մեծ Բրիտանիայում էլ ապամոնտաժվել են ստրկավաճառության հետ կապ ունեցած որոշ գործիչների արձաններ։

Բելգիայում ոչնչացվել են Լեոպոլդ II արքայի արձանները, որին մեղադրում են բելգիական նախկին գաղութներում, որտեղ ավելի ուշ ձևավորվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, սևամորթ բնակչության նկատմամբ ցուցաբերած դաժանության մեջ։

Լուսանկարը՝  THE CANADIAN PRESS/Graham Hughes

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter