HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Համլետ Պետրոսյան. «Հայերեն արձանագրությունների բեկորները վկայում են, որ Արցախի Տիգրանակերտը մինչև իր վերջին օրերը հայկականության շունչն էր կրում»

Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը ներկայացնում է Տիգրանակերտի 2020թ. պեղումների արդյունքները:

Պրն Պետրոսյան, այս տարվա պեղումներն ինչո՞վ հարստացրին Տիգրանակերտ հնավայրի պատմությունը: Ի՞նչ տարածք էր ընդգրկում այն:

Արցախի Տիգրանակերտում մենք ունենք պեղման որոշ հատվածներ, որոնք պարտադիր ամեն տարի պլանավորում և շարունակում ենք պեղել, որովհետև դա համարում ենք քաղաքի ամենհանգուցային մասերը: Դրանցից մեկը ամրացված թաղամասի  պարսպապատն է: Մինչեւ հիմա պեղել ենք մոտ 900 մետրի չափ պարսպապատ և մոտ 200-300 մ էլ կա, որ պետք է պեղենք, և դրանով ամբողջ շղթան կփակվի: Դեռևս չենք պեղել Տիգրանակերտ քաղաքի ամրացված թաղամասի մուտքը: Ակնկալում ենք, որ մուտքը ճարտարապետական հատուկ ձևավորում կունենա, որը շատ հետաքրքիր կլինի: Նաև՝ երազում ենք այդտեղ արձանագրական ինչ-որ բեկորներ գտնել, որը շատ էական է Տիգրանակերտի ինքնությունը հավաստելու համար:

Երկրորդ պարտադիր հատվածը, որտեղ շարունակում ենք պեղումները, վաղ քրիստոնեական հրապարակն է. այնտեղ երկու եկեղեցի կա, դամբարան, հուշակոթող, վաղ քրիստոնեական տապանաբակն է: Այդ հրապարակը դեռ ամբողջովին չենք բացել, բայց դա նույնպես Տիգրանակերտի համար առաջնային նշանակություն ունի: Երրորդ հիմնական պեղավայրը անտիկ թաղամասերն են, պեղումներն այստեղ ամեն տարի շարունակում ենք, որպեսզի հասկանանք քաղաքի կառուցվածքը: Հիմա երկրորդ թաղամասում ենք պեղումները շարունակում: 

Երբ աշխատանքերն սկսում էինք գիտեինք, որ երեք խումբ է աշխատելու հնավայրում՝ պարիսպների վրա, անտիկ երկրորդ թաղամասում և վաղ քրիստոնեական հրապարակում: Բայց հետազոտությունները նոր խնդիրներ են առաջադրել, դրանցից մեկը Տիգրանակերտի մշակութային լանդշաֆտի վերականգնումն է: Այն շատ փռված բնակավայր է, ժամանակին խոսում էինք 70 հա-ի մասին, այսօր կարելի է խոսել 100 հա-ի մասին: Հատկապես շատ կարևոր էր վաղ քրիստոնեական կառույցների պեղումը, որպեսզի հասկանանք, թե քաղաքն ինչպիսի կառուցվածք է ունեցել: Ակնկալելով, որ գուցե վաղ քրիստոնեական ինչ-որ կառույցներ հաջորդել են անտիկին: Այդ տեսակետից այս տարի մենք շարունակեցինք նաև Ցիցսարի պեղումները: Տիգրանակերտ քաղաքն ընկած է երկու լեռների գոգավորություններում և լանջերին: Փաստորեն, թե՛ Ցից սարի, թե՛ Վանքասարի գագաթին վաղ քրիստոնեական կառույցներ կան:

Անցյալ տարի Ցիցսարի գագաթին մի մասունքարան էինք պեղել: Այն սրբատաշ քարերով, կրաշաղախ մի կառույց է: Քանի որ բեմ չուներ՝ պարզվեց, որ եկեղեցական կառույց չէ, այլ նախատեսված է մասունքներ պահպանելու համար: Սովորաբար նման կառույցները լինում են եկեղեցուն կից, վաղ միջնադարում շատ տարածված էր եկեղեցուն կից ունենալ մի կառույց, որտեղ սրբերի մասունքներն էին պահում: Արդյունքում՝ Ցից սարի վրա ունենք մի մասունքարան-դամբարան, մեկ եկեղեցի, որ հիմնականում պեղեցինք այս տարի եւ երկու այլ դամբարանանման կառույց, որը դեռ չենք պեղել: Այս տարի սկսել ենք Ցից սարի 5-6-րդ դարերի ժայռափոր եկեղեցու պեղումները: Այն կառուցված է եղել սրբատաշ քարերով, դրված է ժայռի վրա:

Պատմական ի՞նչ փաստեր են հիմնավորվում այս տարվա պեղումների արդյունքներով: 

Եկեղեցու պեղումների ժամանակ շատ հետաքրքիր բացահայտում էին ոչ միայն վաղ քրիստոնեական շրջանի գտածոները՝ թևավոր խաչի բեկորներ, այլև 12-13 դարի խաչքարերի և երկու հայերեն արձանագրությունների բեկորները: Դրանք ակնհայտորեն վկայում են, որ Տիգրանակերտը մինչև իր վերջին օրերը հայկականության շունչն էր կրում և, ըստ էության, գտնվում էր Խաչենի իշխանության կազմում: Մինչ այդ մենք շատ կոնկրետ տեղեկություններ չունեինք, բայց գիտեինք, որ Խաչենի իշխաններից Հասան Ջալալի իշխանությունը հասնում էր մինչև Կուր գետ: Եվ ահա մենք հնագիտորեն նոր վկայություններ ենք գտել նման պատկանելության մասին:

Տիգրանակերտի պեղումներից ունենք մոտ 15 արձանագրային բեկորներ՝ 5-7 դարից սկսած մինչև 12-13-րդ դարերը: Դա խիստ կարևոր փաստագրում է, որովհետև 5-րդ դարի կեսերից Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգները միացվել են Աղվանից թագավորությանը, հետո 5-րդ դարում ձևավորվել է Աղվանից եկեղեցին, որպես մի առանձին կառույց և դարեր շարունակ այդ տարածքը Աղվանից եկեղեցու կազմում էր: Շատ հաճախ համայնքները կամ բնակչությունը մտնում էր Աղվանից եկեղեցու տակ և դրանից ենթադրություն են անում, որ այդ տարածքը հայկական չէ: Կուրի աջ ափն ամբողջովին հայկական էր, եկեղեցու հովվապետները հայեր էին, բայց ինքը մտնում էր Աղվանից եկեղեցու կազմում ընդհուպ մինչև 19-րդ դարի սկզբները:  

Մենք ավանդաբար գիտենք, որ Արցախը հայկական է, 7-րդ դարի հայ պատմիչ Մովսես Կաղանկատվացին (Դասխուրանցին) նկարագրում է Արցախ հայաշխարհը: Սակայն որոշ հանգամանքներ, հատկապես, եկեղեցապատկան լինելը, շատ հաճախ մեր ընդդիմախոսներին թույլ է տալիս խոսել ոչ թե Աղվանից եկեղեցու, այլ աղվանների մասին: Միջազգային մի շարք գիտաժողովներ են եղել, որոնց մասնակցել եմ, հետազոտողները գրում են՝ աղվանների թաղման ծեսը, երբ որ այդ ամենը հայերն են նկարագրում և հայերին են ներկայացնում: Բավականին խնդրահարույց հարցեր կան, որոնք ավելի կոնկրետացնում և ավելի փաստագրվում են Տիգրանակերտի հնագիտական հետազոտություններով: Տիգրանակերտն օգնում է նման խնդիրներ լուծելու, հնագիտական նյութը շատ անհողդողդ նյութ է, այն չի կարող այսպես կամ այնպես լինել:

Տիգրանակերտի ժայռափոր ջրանցքը պատահակա՞ն է հայտնաբերվել, թե՞ պատմիչների հիշատակումներում կային այդ մասին: Դուք ջրանցքը սենսացիոն հայտնագործություն եք համարում, ինչո՞վ է այն բացառիկ:

Այս տարվա մեր երկրորդ թիրախային պեղումները Տիգրանակերտի ջրանցքի պեղումներն էին: Ջրանցքն առաջին անգամ մեր արշավախումբն է վավերացրել 2006թ.-ին: Խաչենագետի ափին մեծ ժայռ կա, ժայռի մեջ կա վաղ քրիստոնեական համալիր և դրա ստորոտով մի ջրանցք է անցնում: Այդ ջրանցքը մոտ 5 կմ երկարություն ունի մինչև Տիգրանակերտ հասնելը և նրա մոտ 1 կմ-ը ժայռափոր է: Այս տարի ջրանցքի թունելային հատվածներից մեկը պեղեցինք: Մենք գիտենք, որ Արարատյան դաշտում ուրարտացիները շատ մեծ ջրանցքներ են անցկացրել, որոնք օգտագործվում են մինչև մեր օրերը: Սակայն Արարատյան դաշտից մինչև Կասպից ծով նման հիդրոտեխնիկական կառույց չկա: Հիմա դժվար է ասել՝ Տիգրանակերտից ավելի վա՞ղ է եղել այդ ջրանցքը, թե՝ ոչ: Դրա համար պետք է հետքաբանական լուրջ հետազոտություններ անել: Բայց նման կառույց, որ քաղաքին ջուր է մատակարարել, բացառիկ է: Այս ջրանցքը ֆանտաստիկ նորություն էր:  

Թունելը հայտնաբերեցինք եկեղեցին պեղելու ժամանակ, այնտեղ շատ փարթամ բուսականություն էր աճել, որը պետք է հեռացնեինք: Մաքրելուց հետո տեսանք, որ ժայռը փորված է, և այդպես ջրանցքը հայտնաբերեցինք: Մոտավորապես ուրվագծեցինք, թունելային հատվածից երևում էր թունելի ամենավերին կամարը, որն ամբողջովին հողով էր լցված: Այդպես 4 տեղ նման թունելային հատվածներ կան և ամբողջը փորված է: Ջրանցքը բարդ կառույց է, իսկ մենք նման կառույցներ հետազոտելու փորձ չունենք: Նախատեսում եմ եկող տարի Ֆլորենցիայի համալսարանի մասնագետներին հրավիրել, որտեղ ժայռերի, քարերի հետքաբանությունը բավականին զարգացած է: Տիգրանակերտի ամբողջ պարիսպները ժայռերի վրա են, բոլոր ժայռերը փորված են: Կարելի է Տիգրանակերտի ժայռերի փորվածքը և ջրանցքի ժայռերի փորվածքը համեմատել ու եզրակացություններ անել: 

Էլի հետաքրքր բաներ կան, օրինակ, վաղ քրիստոնեական թաղամասի վերին շերտում, որը 12-13 դար է, բացել ենք թոնիրների մի մեծ տարածք՝ մոտ 120 քմ-ի վրա 20 թոնիր է բացվել:

Ինչի՞ վկայություն են այդ թոնիրները:

Դա վկայում է Տիգրանակերտի շատ ակտիվ տնտեսական կյանքի մասին: Այդ տարածքում ունենք մինչև 2 մ խորությամբ հացահատիկի հորեր, դրանցից ամեն մեկում 1,5-2 տոննա ցորեն կարող է տեղավորվել, և շուրջն էլ այդքան թոնիրներ, որոնք բացօթյա են եղել: Կարելի է երևակայել, որ համայնական կամ իշխանական ինչ-որ մի նախաձեռնության հետ գործ ունենք: Շատ դժվար է ասել, թե ինչու են թոնիրներն այդքան շատ այդ տարածքում և իրար այդքան հպված: Պեղումները միշտ մի հետաքրքիր բան են մեզ առաջադրում, որի պատասխանները գտնելը հեշտ չէ: Այս տարածքի համար տիպական են փոքր կոնաձև թոնիրները, որոնց տրամագիծը 30-40 սմ է: Կարելի է հավաստել, որ այդ թոնիրները բնակարանների ներսում են եղել: Դրանց նախորդում է մեր կողմից պայմանականորեն «թոնիրների բակ» կոչվող շերտը, որոնց տրամագիծը 1 մ-1.20 մ է: Այդ ամենը մենք պետք է հետազոտենք, հեռացնենք մինչև հասնենք վաղ քրիստոնեական հրապարակին:

Արշավախմբի համար նպատա՞կ է պեղումներով վաղ քրիստոնեական շրջանին հասնելը:

Խնդիրն այն է, որ Տիգրանակերտ անտիկ քաղաքը հետազոտելով մեզնից անկախ բախվել ենք այդ քաղաքի հետագա կյանքին: Բայց վաղ քրիստոնեությունը կարևոր է նրանով, որ ունի գրային համակարգ և դա հայերեն գրային համակարգն է: Դա այն ժամանակն է, երբ Սասանյան արքունիքը Արցախ և Ուտիք նահանգները միավորում և միացնում է Աղվանքին: Ոչ միայն ադրբեջանցիները, այլև օտարերկրյա այլ գիտնականներ ասում են, որ սա Աղվանք է և բնակչությունն էլ, բնականաբար, պետք է լինեն ոչ հայեր: Այդ գրային համակարգը պատմական այլ տեղեկությունների զուգակցությամբ մեզ օգնում է ցույց տալու, որ այդպես չէ: Այստեղ վարչական համակարգը փոխվել է, ենթակայությունը փոխվել է, բայց բնակչությունը մնացել է հայկական: Գուցե մասամբ նաև հունական, որովհետև Տիգրանը այստեղ բնակեցրել է Փոքր Ասիայի բնակիչներին: Ըստ էության, վաղ քրիստոնեական հունարեն արձանագրությունները դրանց վկայությունն են:

Շրջափակման մեջ գտնվող Արցախը ի՞նչ հնարավորություններ ունի Տիգրանակերտը հանրահռչակելու, նրա գիտական կարևորությունը ներկայացնելու միջազգային հանրությանը: 

Տիգրանակերտում թանգարան ստեղծելը, ներքին զբոսաշրջային ուղիներն ուրվագծելը, բոլոր հուշարձանների մոտ բացատրագրեր տեղադրելը և այլն, միտված էին Տիգրանակերտ հուշարձանի հանրահռչակմանը: Արցախի Տիգրանակերտն ընդգրկված է զբոսաշրջային թուրերում: Հուշարձանի հանրահռչակումը արշավախումբն է իրականացնում, որովհետև դա արշավախմբի և անձամբ իմ հեղինակությունն է: Ես Տիգրանակերտը ներկայացրել եմ միջազգային 15 գիտաժողովներում, և սա այն պայմաններում, երբ պաշտոնական շրջանակներում զգուշորեն են վերաբերվում այդ հարցին: Բայց, քանի որ խոսքը վերաբերում է ակադեմիական գիտությանը՝ հրավիրում են: 

Ամիսուկես առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցում լայնորեն քննարկվում էր Տիգրանակերտի պեղումներից գտնված սասանյան կնքադրոշմի վրայի պարթևերեն արձանագրությունը: Դրոշմը ես դրել եմ Տիգրանակերտի ֆեյսբուքյան էջում, ուղարկել եմ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իտալիայի հայտնի մասնագետներին, և այդ մարդիկ ՖԲ-ում սկսել են քննարկել, թե ինչ է գրված պարթևերեն արձանագրությունում: 

Այսինքն, մարդիկ հետաքրքրվում են Տիգրանակերտով նախևառաջ իրենց գիտական հետաքրքրություններից ելնելով և մենք փորձում ենք դա ապահովել: Հավաստիացնում եմ, որ սա Տիգրանակերտի հանրահռչակման ամենալուրջ ճանապարհներից մեկն է: Մի կողմից՝ այն զբոսաշրջության համար մատչելի դարձնելը, մյուս կողմից էլ՝ գիտական միջազգային հանրույթին Տիգրանակերտի իրողությունը ներկայացնելը, որովհետև այն շատ դասական հուշարձան է: 

Նիկոզիայի համալսարանի շատ հայտնի պրոֆեսորներից Թոմաս Սինկլերը, որն զբաղվում էր Տիգրանակերտ մայրաքաղաքի տեղադրության խնդիրներով, 2016-ին երկու շաբաթով եղավ Տիգրանակերտում: Նա ասում էր՝ միակ Տիգրանակերտը, որը մեզ հայտնի է՝ Արցախի Տիգրանակերտն է: Նա ինձ հրավիրեց Նիկոզիա, որտեղ ես 3-4 դասախոսություն կարդացի Տիգրանակերտի վերաբերյալ: Մարդիկ օգտվում են այդ աղբյուրից, որովհետև Տիգրանակերտն օգնում է իրենց այլ հետազոտություններ հիմնավորելու և ընկալելու համար: Մեր հետազոտական թիմի խնդիրը այս տիրույթում է՝ փաստերը գտնել և այն դարձնել միջազգային հանրույթի ուշադրության առարկա:

Այս տարվա պեղումներն ի՞նչ արժեքավոր արտեֆակտներով հարստացրին Տիգրանակերտի թանգարանը:

Այս տարվա նյութերի մեջ կառանձնացնեի երկաթե դաշույնը, կաթնագույն ապակուց պատրաստված թասի բեկորը, հիանալի գունազարդ խեցեղենը և միջնադարյան՝ 12-13-րդ դարի ջրանակապատ ընտիր խեցեղենը: Դվինից հետո Տիգրանակերտինը քաղաքային արտեֆակտների ամենամեծ, ամենահարուստ հավաքածուն է: Եվ, իհարկե, ամենակարևոր նյութերը այդ երկու արձանագրությունների կտորներն են՝ 6-7–րդ դարերի, որից ընդամենը երեք տառ է պահպանվել: Երկրորդ՝ շատ ընդարձակ արձանագրությունից, որը հավանաբար, 11-12-րդ դար կլինի, 5 տող է պահպանվել: Այս արձանագրության ո՛չ սկիզբը կա, ո՛չ վերջը, միջնամասի մի բեկոր է, տառերը հստակ երևում են, բայց երևի թե մի երկու բառ է հնարավոր ընթերցել:  

Թանգարանը մեծ հնարավորություններ չունի հայտնաբերված իրերը պահելու համար, պեղումներից հետո բերում ենք Երևան և հանձնում ԵՊՀ-ի հնագիտության լաբորատորիա: Այստեղ մեր արշավախմբի անդամներից Տատյանա Վարդանեսովան վերականգնում է, մետաղը տալիս ենք մեկ այլ մասնագետի, որը մաքրում է: Երկու տարի հետո վերականգնված իրերը վերադարձնում ենք Ստեփանակերտի պահադարան: Կարծում ենք, որ Տիգրանակերտին ժամանակակից մեծ թանգարան է պետք: Հիմա Ստեփանակերտում ընթացքի մեջ է նոր պահադարանի կառուցումը: 

Տիգրանակերտ հնավայրի գոյությունը ո՞ր թվականին է հաստատվել այդ տարածքում և ի՞նչ խնդիր էիք դրել այդ պեղումները նախաձեռնելով:

Հնավայրը Տիգրանակերտ էր կոչվում շատ վաղուց, 7-րդ դարի հայկական աղբյուրները այդ տարածքում հիշատակում են Տիգրանակերտը: 18-րդ դարի սկզբին Եսայի Հասան Ջալալյան կաթողիկոսը գրում է, որ ահա ձեզ գրում եմ մի գրություն Տիգրանակերտից, որ այժմ Շահբուլաղ են ասում: Կա 12-րդ դարի արձանագրություն Տիգրանակերտի մասին, բնակավայրը մոտավորապես աղբյուրների մերձակայքում է, ճանապարհը նույնպես մոտավորապես նկարագրվում է, բայց, ցավոք, նրանցից ոչ մեկը չի տեսել անտիկ քաղաքը: Նկարագրել են 18-րդ դարի ամրոցը, աղբյուրին կից մզկիթը, նույնիսկ պարսպի ժայռափոր հիմքերը, բայց մտածել են, թե ճանապարհ է, որը տանում է դեպի 7-րդ դարի եկեղեցին, որը Վանքասարի գագաթին է: 

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մեր արշավախումբը 2005թ. հավաստել է անտիկ մեծ քաղաքի հնագիտական հետքերը: Դրա շնորհիվ ենք վավերացրել Հայոց արքա Տիգրան Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքի մնացորդները: Արշավախումբը 2006թ.-ից ի վեր ընդարձակ հնագիտական պեղումներ է իրականացնում նրա տարածքում: Ադրբեջանցի հնագետները, որոնք երկար աշխատել են այդտեղ, եթե չսխալվեին և հասկանային, որ այդ ժայռափոր աստիճանները ճանապարհ չեն, այլ պարսպի ժայռափոր հիմքերն են, հնարավոր է, որ իրենք էլ կարողանային պեղել և գտնել: Մեր հայտնագործությունը կայանում է նրանում, որ դա ոչ թե ճանապարհ է դեպի եկեղեցի, որը կեսից ընդհատվում է, այլ անտիկ պարսպի տարածքի ժայռափոր հիմքերն են, որոնք ձգվում են մոտ 500-600 մետր, և նրա որոշ հատվածներ տեսանելի էին: 

Հայաստանում գիտական հանրույթը շատ ավելի ազատորեն է կասկածի ենթարկում Տիգրանակերտի գոյությունը, արդյոք, ճի՞շտ ենք ներկայացնում պատմական փաստերը: Պատմական բոլոր տեղեկությունները կենտրոնանում են հենց Տիգրանակերտ քաղաքի գոյության վրա: Երկրորդ, հնագիտական ողջ նյութը մեզ ներկայացնում է մ.թ.ա. 1-ին դարի սկզբներին ստեղծված մի հզոր քաղաք: Այդ քաղաքը կայսերական նախաձեռնություն է, այն Փոքր Ասիայում և Ալեքսանդրիայում մշակված ամրաշինական համակարգի տեղափոխումն է Արցախ: Տիգրանակերտի դեպքում ամեն ինչ կարծես նախագծով է կառուցված. ամրացված թաղամասը՝ հզոր ուղղանկյուն և կլոր աշտարակներով, զիգզագ պարիսպներով, զանազան շինություններ, կառույցներ, իդեալական հարթ մակերեսներ: Ուշ հելլենիստական քաղաքաշինությունն ուղղակի աչք է շոյում:

Այն տվյալները, որ մինչ օրս գտել ենք, օրինակ, 7 պարթևական դրամները, բոլորը վերաբերում են մ.թ.ա. 1-ին դարի 50-30-ական թվականներին և որևէ կասկած չեն թողնում քաղաքի հիմնադրման ժամանակի, նրա ծաղկուն կյանքի մասին: Մենք ունենք աղբյուրագիտական մի շարք տեղեկություններ այդ վայրում Տիգրանակերտի գնվելու մասին և ունենք աղբյուրներին կից մի հզոր քաղաք, որը հելլենիստական ամրաշինական համակարգով հիմնադրվել է մ.թ.ա. 1-ին դարի 90-80-ական թվականներին:

Գլխավոր լուսանկարում՝ վաղ քրիստոնեական հրապարակը, ամրացված թաղամասը, թանգարանը

Մեկնաբանություններ (2)

Pavel Barseghyan
Երազի նման ցանկություն կա՝ արդյունքները ամբողջացնել Պարտավի պեղումներով
Նունիկ Ամիրեան
Ուշի ուշով հետեւում եմ Տիգրանակերտի արշավախմբի կատարած պեղումների մասին գրառումները՝՝ յարգելի Համլէտ Պետրոսեանի ՖԲ-եան էջով... Հայրենանուէր չափազանց կաերւոր աշխատանք է իրականացւում,որը պետական աջակցութեան գործոնը խիստ կարեւոր է եւ ըստ երեւոյթին դա մասամբ ապահովուած է... Նորանոր ձեռքբերումների մաղթանքներով... Ձեր վարձքը կատար...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter