HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի նախկին պետը ձերբակալվել է Վահագն Աբգարյանին ՔԿՀ-ում ծեծի ենթարկելու գործի շրջանակներում

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է: Այս մասին տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց Մկրտչյանի պաշտպան Սյուզաննա Խչեյանը:

Մկրտչյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 308-րդ և 38-314-րդ հոդվածներով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը և պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը:

Նշենք, որ քրեական գործը, որի շրջանակներում Մկրտչյանը ձերբակալվել է, վերաբերում է 2020 թվականի փետրվար ամսին քրեակատարողական հիմնարկում Ալավերդցի Վահագն անունով հայտնի Վահագն Աբգարյանին ծեծի ենթակելու դեպքին:

Պաշտպան Սյուզաննա Խչեյանը հայտնեց, որ այժմ բողոք են պատրաստում Մկրտչյանի ձերբակալման դեմ, քանի որ ապօրինի են համարում նրան ձերբակալելու որոշումը:

ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես՝ քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2020 թվականի փետրվարի 24-ին Ս. Մ.-ն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի` տվյալ օրվա հերթափոխային ծառայությունում ընդգրկված, հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Հ. Ա.-ին հանձնարարել է Վահագն Աբգարյանին վերջինիս խցից ուղեկցել նույն ՔԿՀ-ի մեկ այլ մասնաշենքում գտնվող ընդունելությունների համար նախատեսված սենյակ՝ հիմնարկի դատապարտյալների հետ զրուցելու համար: Վահագն Աբգարյանին հիմնարկի պետի մոտ ուղեկցելու պատրվակով Վ. Աբգարյանը դուրս է բերվել իր խցից, Հ. Ա.-ի կողմից ուղեկցվել է հիմնարկի` ընդունելությունների համար նախատեսված սենյակ, որտեղ այդ պահին նրան արդեն իսկ սպասող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև, որ Վահագն Աբգարյանի կողմից մարմնական վնասվածք ստանալու իրական դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով` ՔԿՀ պետ Ս. Մ.-ն Հ. Ա.-ին և հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Զ. Պ.-ին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք, այն է՝ հանձնարարել է կազմել իրեն հասցեագրված զեկուցագիր առ այն, թե իբր Վահագն Աբգարյանն իր խցի սանհանգույցից դուրս գալուց հետո սայթաքել և վայր է ընկել, ինչի հետևանքով էլ ստացել է մարմնական վնասվածք: Արդյունքում Զ. Պ.-ն Հ. Ա.-ի օժանդակությամբ կազմել է իրականությանը չհամապատասխանող` վերը նշված բովանդակությամբ կեղծ զեկուցագիրը:

Քրեական գործով նախաքննությունը  շարունակվում է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter