HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սեւ գաղութում» մարդիկ ստիպված են ապրում

Թամարա Պանյանը Չարենցավանի թիվ մեկ հանրակացարանի ամենահին բնակչուհին է: Քսանհինգ տարի առաջ, երբ ամուսնացավ, ամուսնուն' իբրեւ «Չարենցավանշին տրեստ» գործարանի բանվոր, հանրակացարանում ժամանակավոր բնակվելու իրավունք տվեցին:

«Երբ ամուսնացա, եկանք այստեղ բնակվելու, հետո պիտի բնակարան ստանայինք: Տարիներն անցան, երկիրը քանդվեց, տուն չստացանք, շենքն էլ էս օրին հասավ: Բայց էն ժամանակ շենքն ու հարմարությունները էսքան անմխիթար վիճակում չէին»,- պատմում է Թամարան:

Նրանց հինգ հոգանոց ընտանիքը բնակվում է երկու փոքրիկ, խունացած պատերով սենյակներում: Հանրակացարանը չունի ներքին սանհանգույց, շենքից բավականին հեռու ընդամենը մի փայտաշեն զուգարան կա :

Շենքի մեկ այլ հնաբնակ' Արմինե Սերոբյանը, ավելացնում է, որ 15 տարի է, ինչ ամեն առավոտ ինքը շենքից մոտ 100մ հեռավորության վրա գտնվող ծորակից դույլերով է ջուրը հասցնում տուն:

«Ամեն առավոտ էդքան ջուրը ձեռքով կրի, լվացք արա, լողացի, հետո էդքան էլ տար, դուրս թափի»,- իր առօրյայից բողոքում է քառասունմեկամյա Արմինե Սերոբյանը:

«Շենքն էնքան խախուտ է, որ ամեն մի թեթեւ ցնցումից կարող է փլվել: Ամառներն էլ օձերի բույն է դառնում, էնպես որ ամեն առավոտ ողջ եւ առողջ արթնանալիս Աստծուն փառք ենք տալիս»,- ասում է 15 տարի շենքում բնակություն հաստատած մեկ այլ բնակիչ:

Հանրակացարանի շենքը Չարենցավանում հայտնի է «Սեւ գաղութ» անվամբ, թեեւ պաշտոնապես այն կոչվում է «ԲՏՊՁ» թիվ մեկ հանրակացարան' բնակարանային տնտեսության պետական ձեռնարկություն:

1960-ական թթ. սկզբներին կառուցված շենքն այս տարօրինակ անվանումը ստացել է այն պատճառով, որ սկզբում այստեղ բնակվել են քաղաքի գործարաններում աշխատող ազատ ռեժիմով դատապարտվածները:

Այսօր, սակայն, շենքի նախկին անվանումը նոր իմաստ է ստացել: «Սեւ գաղութը» Չարենցավանի ամենավատ պայմաններն ունեցող շենքն է: Հանրակացարանի քառասունութ սենյակներից միայն տասներկուսում է ընտանիք բնակվում:

Շենքի ամենահին բնակչուհին' տիկին Թամարան, հիշում է, որ երկու տասնամյակի ընթացքում բավական շատ ընտանիքներ են շենքից տեղափոխվել, թեեւ ժամանակ առ ժամանակ հայտնվել են նաեւ նորերը: 1990-ականների սկզբներին շենքում շատ են եղել հատկապես Ադրբեջանից բռնի տեղահանված փախստականները, բայց նրանցից շատերը տնակներ են ստացել եւ տեղափոխել: Հիմա հանրակացարանում երեք փախստական ընտանիք է մնացել:

Արմենուհի Մեժլումյանենց ընտանիքը վեց տարի է, ինչ բնակվում է այստեղ: 1992-ին, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից գաղթելով, տասը հոգանոց նրանց ընտանիքը սկզբում հաստատվել է Չարենցավանի մեկ այլ հանրակացարանում, իսկ 2000թ.-ից' այստեղ: Նրանց բազմանդամ ընտանիքը տեղավորվել է ընդամենը երկու սենյակում: Սենյակների պատերը անձրեւաջրերից խունացել ու մաշվել են, տեղ-տեղ ճաքեր են առաջացել: Հանրակացարանի տանիքը գրեթե ամբողջովին քայքայված է.

Արմենուհի տատն ինձ խնդրում է հյուր գալ անձրեւոտ օրերին:

«Անձրեւոտ օրերին սապոգով ենք ման գալիս: էլ ցելոֆան ենք խփում, էլ վեդրո ենք դնում, ոչ մի բան չի օգնում, տունը ջրհեղեղ ա կապում: Ե՛կ, որ մեզ հավատաս, աղջի՛կ ջան»,- խնդրում է Արմենուհի Մեժլումյանը:

«էս ա վեցը տարի է ստի ենք: Իմ րախան երկրորդ կարգի ինվալիդ ա, նա ոչ կարա աշխատի, ոչ տուն առնի: Իմ տնից մի գդալ էլ ա հետս պիրել չեմ»,- բողոքում է յոթանասունամյա կինը: Նրանց ընտանիքում միակ աշխատողը թոռն է' 18-ամյա Դավիթը:

Հանրակացարանում հայտնվելու պատճառների մասին մարդկանց պատմությունները տարբեր են: Եթե տիկին Թամարան կամ Արմենուհի տատին հանրակացարան են եկել տուն չունենալու պատճառով, ապա Սեդա Խատոյանին ճակատագիրն այստեղ է բերել բնակարանը կորցնելուց հետո:

Տիկին Սեդան ասում է, որ տունը ստիպված է վաճառել որդուն բուժելու համար: Հիմա որդին Ռուսաստան է գնացել. ո՛չ որդուց տեղեկություն ունեն, ո՛չ էլ՝ մարդավայել տուն:

«Տունս յոթ տարի առաջ ծախեցի, էսքան ժամանակ վարձով էինք մնում:Բա ի՞նչ անեի, մի թաք տղես էր: Հիմա էլ թողել, գնացել ա, ոչ էլ գիտենք՝ որտեղ ա»,- պատմում է «Սեւ գաղութի» նորեկ բնակչուհին: Տիկին Սեդան ասում է, որ եթե չլինեին ազգականները, ինքն ու հիվանդ ամուսինը իրենց չնչին թոշակով նույնիսկ դեղ չէին կարող գնել:

Թե՛ հնաբնակները, թե՛ հանրակացարանում վերջին տարիներին ապրողները հույս չունեն, թե իրենց հարցով պետական որեւէ կառույց լրջորեն կզբաղվի:

Հանրակացարանի բնակիչներն ասում են, որ իրենց բողոքները ուղղել են բոլոր հնարավոր պետական կառույցներին' թաղային իշխանություններից մինչեւ նախարարություններ: Պատասխանը բոլոր տեղերում եղել է նույնը' ոչնչով չենք կարող օգնել կամ կօգնենք, երբ հնարավոր լինի: Այս տարի տանիքի վերանորոգման համար դիմել են քաղաքապետարան, ասել են' բյուջեում այդքան փող չունենք, սեփական միջոցներով լուծեք ձեր հարցերը:

Միակ հարցը, որով քաղաքապետարանը մինչ այժմ նրանց օժանդակել է, ժամանակավոր գրանցում տալն է եղել:

Քաղաքապետի տեղակալ Նշան Ավդալյանն ասում է, որ իրենք, ընդառաջելով բնակիչների խնդրանքին, հատուկ որոշմամբ թույլ են տվել ժամանակավոր գրանցում ստանալ, որպեսզի չոտնահարվեն նրանց սահմանադրական իրավունքները: Այլ պարտավորություններ, պարոն Ավդալյանի կարծիքով, քաղաքապետարանը չունի: Շենքը քաղաքապետարանի հաշվեկշռում չէ, եւ ընդհանրապես անհայտ է, թե ում է այն պատկանում:

«Մենք իրականացնում ենք բնակիչների, եւ ոչ թե շենքի սպասարկումը»,- ասում է քաղաքապետի տեղակալը: Ըստ պրն Ավդալյանի՝ այս շենքի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չկա, միայն մի բան է հայտնի, որ շենքը քաղաքապետարանի հաշվեկշռում չէ: Նա պատճառաբանում է, որ 1997-ին, երբ քաղաքի բոլոր հանրակացարանները հանձնվել են համատիրություններին, այս մեկը մնացել է գործարանի հաշվեկշռում, իսկ 1999թ.-ին էլ լուծարվել է գործարանը: Այսքանով հարցն ավարտվել է:

«Ես 2001թ.-ից եմ եկել այստեղ, եւ որեւէ փաստաթուղթ չի եղել: Բոլորի հանձնման ակտերը գտա, դա չկար: Կարելի է ենթադրել, որ դա չի հանձնվել: Հիմա էլ գործարանը չկա: Ի՞նչ իմանամ»,- ասում է քաղաքապետի տեղակալը:

«Ի՞նչ ճակատագիր է ունենալու այս շենքը» հարցին պարոն Ավդալյանը պատասխանում է. «Ով ուզում է, թող վերցնի, վաճառի, մեզ պետք չի, բացարձակ պետք չի»:

Անահիտ Փիլոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter