HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզ լճի հարակից տարածքների վարձավճարը 6 անգամ բարձրացվել է

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների վարձակալության պայմանագիրը վերանայվել է եւ բարձրացվել վեց անգամ։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։ 

Բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը Պարզ լիճ կատարած շրջայցից հետո հանձնարարել էր առանց հետաձգումների մանրամասն ուսումնասիրել և իրեն ներկայացնել ազգային պարկի բոլոր հատվածներում տրված վարձակալության պայմանագրերը, վերհանել դրանցում առկա անճշտություններն ու անհամապատասխանությունները, իրական գնահատական տալ վարձակալված տարածքների արժեքներին և տնտեսվարողների հետ սերտ ու կառուցողական փոխգործակցության արդյունքում վերանայել վարձակալությամբ նախատեսված վճարների չափերը։

Ըստ մամուլի հաղորդագրության՝ կարճ ժամանակ անց «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրինության կողմից կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների վարձակալի հետ։

2020 թվականի օգոստոսի 28-ին, «Դիլիջան» ազգային պարկում կայացած կառավարման խորհրդի նիստի օրակարգում ներառվել և քննարկվել են «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «ՕՊԵԼԱ» ՍՊԸ-ի հետ 2006 թվականի հուլիսի 4-ին (ուժի մեջ է մինչև 2031 թվականի հուլիսի 4-ը) կնքված պայմանագրի համապատասխան դրույթները:

Հանդիպումների ընթացքում ձեռքբերված համաձայնության արդյունքում վարձակալության պայմանագիրը վերանայվել է, ինչի արդյունքում վարձակալության վճարն ավելացել է գրեթե 6 անգամ։

Խիստ հսկողություն է սահմանվել նաև ազգային պարկում տնտեսական գործունեություն ծավալող տնտեսվարողների կողմից համապատասխան թույլտվությունների առկայության պահանջը։

Պարտադիր է բնության հատուկ պահպանվող տարածքներում տնտեսական գործունեություն ծավալելու համար ունենալ համապատասխան ջրօգտագործման թույլտվությունը։ Օգտագործվող տարածքները կահավորել ջրահեռացման և ջրերի մաքրման կայաններով, սեպտիկ հորերով։ Տնտեսվարողները պարտավոր են որևէ հողաշինական աշխատանք իրականացնելիս ունենալ օրենքով սահմանված թույլտվություններ և ռելիեֆային փոփոխություններ կատարելիս պարտադիր անցնել ՇՄԱԳ փորձաքննություն։

«Բնության հատուկ պահպանվող տարածքներում որևէ ինքնակամ և կամայական գործողություն չի հանդուրժվելու։ ԲՀՊՏ-ներում տնտեսվարման իրավունք ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք՝ գործունեության ծավալման ողջ ընթացքում, գտնվելու են հատուկ պահպանվող տարածքը հսկող պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերահսկողության ներքո»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter