Սպանվել է Նալբանդյանի գյուղապետը
Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը' 3-3.15-ի սահմաններում, իր տան բակում սպանվել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի համայնքապետ Ռոլանդ Մկրտչյանը: Կինը' Զոյա Ասատրյանը, պատմում է, որ ամուսինն այդ օրը մինչեւ ուշ գիշեր եղել է գյուղացիներից մեկի հոգեհանգստին:
«Տուն է եկել կեսգիշերից հետո, սովորական տրամադրությամբ, անգամ մի ֆիլմ դիտեց ու պառկեցինք քնելու: Բավականին ուշ դրսից ձայներ լսեցինք' Ռոլա՛նդ, Ռոլա՛նդ էին կանչում: Ոչ մի վատ բան մտքներովս չանցավ: Մտածեցինք, թե գյուղացիներից է' ինչ-որ կարեւոր գործ ունի: Կիսահագնվել տնից դուրս եկավ ու, երեւի մեկ րոպե էլ չէր անցել, կրակոց լսեցի: Խառնվեցի: Մինչեւ մի բան գցեցի վրաս, որ դուրս գամ, լսեցի երկրորդ կրակոցը»,- պատմում կինը:
Դուրս նետվելով' տիկին Զոյան ամուսնուն գտել է իրենց տան շեմին ընկած' մահամերձ վիճակում. «Արյունը կոկորդից ցայտում էր, ուզեցի ինչ-որ բանով արյունահոսությունը կանգնեցնել, բայց չստացվեց, մինչեւ հարեւաններին օգնության կանչեցի, արդեն ուշ էր' մահացել էր»:
Գյուղապետի կինը տեսել էր նաեւ հեռացող ավտոմեքենան, բայց մթության մեջ մակնիշն ու գույնը պարզել չէր կարողացել: Ռոլանդ Մկրտչյանին սպանել են որսորդական հրացանից:
![]() |
![]() |
«Եթե մարտական զենքի դեպքում սպանության բացահայտման հավանականությունը բավականին մեծ է, ապա որսորդականի դեպքում այն չափազանց նվազում է»,- նկատեց մի ոստիկան:
Գյուղապետի կինն ասում է, որ երկու կրակոց է լսել, գյուղացիներից ոմանք իրենց մեկնաբանություններում նույնպես կանգ էին առնում երկու կրակոցի վրա, բայց փայտե դռան վրա երեք անցք էր բացված:
«Առաջին կրակոցով գցել են գետնին, իսկ երկրորդը «կանտրոլնի» ա էղել»,- ասում է մահացածի փեսան, ով դեպքի վայր է հասել ժամը 4-ի սահմաններում:
![]() |
![]() |
| Փեսան | Զոյան |
Սպանության հաջորդ օրը Մկրտչյանի այրին հիշել էր ոճրագործության գիշերվա եւս մի ուշագրավ դեպք. «Գիշերվա 12-ը կլիներ, տանը մենակ էի: Հանկարծ տեսնեմ անծանոթ մի տղամարդ հրելով մեր տան դուռն է ուզում բացել: Զայրացած մոտեցա, հարցրեցի, թե այս ուշ ժամին ինչու է անհանգստացնում: Ասաց, թե գյուղի ուսուցչուհիներից մեկի տան տեղն է ուզում ճշտել: Չնայած ջղայնացած էի, բայց իրեն հետաքրքրող տան տեղը նկարագրեցի»:
Դեպքից հետո միայն տիկին Զոյան համադրել էր փաստերն ու հասկացել, որ անծանոթի այցն ուղղակի ստուգողական էր, մանավանդ որ ժամեր անց իմացել էր, որ անծանոթն այդպես էլ իրեն «հետաքրքրող» ուսուցչուհուն չէր այցելել. «Եթե այդ պահին ես դրան կարեւորություն տայի ու պատմած լինեի ամուսնուս, գուցե զգուշանար կամ, ի՞նչ գիտեմ, եթե տանը լիներ, կարող է հենց այդ ժամի՞ն իրենց սեւ գործն անեին»:
Տիկին Զոյայի պատմելով' իր ամուսինը թշնամիներ չի ունեցել. «Մի թեթեւ ընդհարում ուներ նախկին գյուղապետի հետ, այն էլ' նախընտրական շրջանում»,-ասում է կինը:
«Ո՛չ փողատեր էր, ո՛չ էլ ինչ-որ կլանի անդամ' թե սպանությունը կապենք դրանց հետ: Հանգիստ, անշառ մարդ էր: Աստված չանի, որ քաղաքական լինի»,- մասնավոր զրույցում ասաց ոստիկանության աշխատակիցներից մեկը:
Ռոլանդ Մկրտչյանը Նալբանդյանի գյուղապետի պաշտոնում էր երեք տարի չորս ամիս: Երկրորդ ժամկետում վերընտրվել էր այս տարվա օգոստոսի 13-ին: Առաջին ժամկետում պաշտոնավարելու ընթացքում եղել է Հանրապետական կուսակցության անդամ:
«Ընտրություններից առաջ մարզպետ Հերոյանն իր բոլոր լծակներն օգտագործեց, որպեսզի Ռոլանդը չվերընտրվի գյուղապետի պաշտոնում: Բայց գյուղացիները ընտրեցին նրան: Մայիս ամսին էլ ընտրությունների հետ կապված հարցերով գնացել էր Արմավիրի մարզպետարան, այնտեղ իրեն ասել էին, որ կուսակցությունից հեռացված է, թե ի՞նչ պատճառով' այդպես էլ չիմացանք: Անգամ երբ գյուղում Արցախյան պատերազմում զոհվածների հուշարձանի բացումն արեց, հրավիրված հանրապետականներից ոչ մեկը չեկավ: Եկան ներկայացուցիչներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ու նվերներ տվեցին զոհվածների ընտանիքներին»,- հիշում է գյուղապետի այրին:
Հանրապետական կուսակցությունից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ դարձած համայնքի ղեկավարի գզրոցից կինը միայն ամուսնու ՀՀԿ անդամատոմսը գտավ. չէր հանձնել:
Սպանության փաստի առթիվ Արմավիրի մարզային դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունն իրականացվում է Ոստիկանության մարզային վարչության հետ համատեղ: Թե ինչ վարկածներ ունեն իրավապահները, առայժմ հայտնի չէ: Հայաստանյան լրատվամիջոցներից մի քանիսը սպանությունը համարում են քաղաքական' կապելով այն «Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունների միջեւ սրացող հակասությունների եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ:
Հայկուշ Ասլանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ



Մեկնաբանել