
Թունավորման պատճառ դարձած օղի արտադրող Աշոտ Հովսեփյանը ձերբակալվել է
Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։ Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ քննություն է տարվում պարզելու դեպքի հանգամանքները։
«Պարզվել է, որ Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ ձեռք են բերել անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչք, որի գործածման հետևանքով թունավորվել են: 7 անձ մահացել է, ևս 3 անձ գտնվում է ծանր վիճակում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը ծնված 1970թ.:
Օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում՝ քաղաքացիների կողմից ձեռք բերված ևս 30 լիտր ալկոհոլային խմիչքը հայտնաբերելու, ինչպես նաև՝ բոլոր գնորդների ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, հորդորում ենք չօգտագործել այն և դիմել քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն»,- նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Մեկնաբանել