ՊՆ փոխնախարարը մանրամասնում է, թե ինչ նպատակ ունի աշխարհազորի ստեղծումը
Աշխարհազորի ստեղծումը միտված է պատրաստել բնակչությանը հնարավոր մարտական գործողություններին` նրանց հմտությունները ու գիտելիքները կիրառելու համար:
Պաշտպանության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը` մանրամասներ ներկայացնելով նախարարության հեղինակած նախագծերի փաթեթից: ՊՆ-ն շրջանառության մեջ է դրել նախագծեր, որոնցով նախատեսվում է ստեղծել աշխարհազոր: Այն քաղաքացիների կամավորության և տարածքային սկզբունքով ստեղծված զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործող ստորաբաժանումների համալիր է, որում ընդգրկված քաղաքացիները մասնակցելու են Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը` մարտական գործողությունների ժամանակ:
Աշխարհազորային զորամիավորման ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի տեղակալը:
Փոխնախարարի խոսքով` և 2016 թվականի ապրիլյան պատերազմի, և 2020-ի հուլիսյան ռազմական գործողությունների ժամանակ նկատելի էին անկանոն խմբավորումները, որոնք ավելի շատ խանգարում էին զինված ուժերի գործողություններին, քան` օգնում: Քսան-երեսուն հոգով առաջնագիծ մեկնելն օրինակ առանց համապատասխան պարենային ապահովման, ավելի շատ վնասում է հրամանատարին, քան օգնում: Ուստի նախաձեռնությունը միտված է նման գործընթացները կանոնակարգելու:
Աշխարհազորում կարող են ընդգրկվել բացառապես պահեստազորում չհաշվառված անձինք, տարիքային շեմը մինչև 70 տարեկանն է: Վերջիններս, կամավորության սկզբունքներով համալրելով աշխարհազորի շարքերը, զորակոչվելուց հետո ստանում են զինծառայողի կարգավիճակ, կատարում համապատասխան մարտական առաջադրանք և խնդիր, ինչպես նաև օգտվում զինծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքներից:
Գաբիրել Բալայանը հստակեցնում է` թե մեր հնարավորություններն են փոխվել, թե տարածաշրջանում զարգացումները, ինչպես նաև պատկերացումները երկրի պաշտպանության վերաբերյալ: Իսկ հիմնական առաջնահերթությունը կամավորներին կանոնակարգելն է, քանի որ կանոնակարգված անձնակազմի միջոցով որևէ գործողություն կատարելը շատ ավելի արդյունավետ է, քան ցաքուցրիվ խմբավորումների միջոցով:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ տևողությամբ մարզումներ կլինեն, փոխնախարարը չմանրամասնեց` ասելով, որ օրենքի ընդունվելուց հետո նախարարությունը ենթաօրենսդրական ակտեր կմշակի, որտեղ արտահայտված կլինեն իրենց գաղափարները: Աշխարհազորայիններին սպառազինություն տրամադրվելու է միայն մարտական գործողությունների ժամանակ, և այնպես չէ, որ համայնքներում զինված անձինք են շրջելու:
«Այո, ենթադրում ենք, որ սպառազինության քանակը համապատասխան կցագրման վայրերում ավելացնելու ենք, որ անհրաժեշտության պարագայում կարողանանք բաժանել, և ենթադրում ենք, որ պարբերաբար որոշակի վարժանքներ կանցկացնենք»,- ասաց Բալայանը: Պաշտպանության նախարարությունը նախատեսում է պաշտոնաթող փորձառու սպաներին ևս ներգրավել աշխարհազորում` հրամանատարի կարգավիճակում:
Նախարարությունը չի բացառում նաև իգական սեռի ներկայացուցիչներ ներգրավել աշխարհազորում:
Հիշեցնենք, որ նախագծերը նախ պետք է Կառավարության դրական եզրակացություն ստանան, ապա խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը, որից հետո նոր ընդգրկվեն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: Խորհրդարանի հավանությունը ստանալու դեպքում` աշխարհազորի ստեղծումը հնարավոր կլինի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել