
«Պռոշյան կոնյակի գործարանի» Արմավիրի մարզի մասնաճյուղում պայթյունի հետևանքով քաղաքացիներ են տուժել, մահացել է երկու անձ
«Պռոշյան կոնյակի գործարանի» Արմավիրի մարզի մասնաճյուղում մոտ մեկ ժամ առաջ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ մահացել է՝ 2, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Արմավիրի բժշկական կենտրոն» է տեղափոխվել 4 քաղաքացի:
«Արմավիրի բժշկական կենտրոնի» ընդունարանից փոխանցեցին, որ 4 քաղաքացիներն իրենց մոտ են տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենայով՝ ժամը 12:35-ի սահմաններում: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Տեղեկացրին նաև, որ այժմ էլ շտապօգնության ավտոմեքենաները գտնվում են դեպքի վայրում և հնարավոր է նոր տուժածների տեղափոխեն:
Բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Զուռնաչյանը չկարողացավ պարզաբանումներ ներկայացնել. «Շատ խառն ենք, նոր արտակարգ դեպք է տեղի ունեցել»:
Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև «Պռոշյան կոնյակի գործարանի»-ից: Ընդունարանից «Հետք»-ին փոխանցեցին, որ առայժմ տեղեկություններ չունեն, թե գործարանի որ հատվածում է տեղի ունեցել պայթյունը և ինչի հետևանքով:
Այս պահին դեպքի վայրում են գտնվում իրավապահ մարմինների և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:
Լուսանկարում՝ Արմավիրի բժշկական կենտրոն
Մեկնաբանել