HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր ուսումնական տարին վերակառուցված դպրոցներում․ շահագործման է հանձնվել երկու դպրոց

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հաղորդագրություն է տարածել վերակառուցված երկու դպրոցների վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։

«Այսօր նշվում է գիտելիքի օրը, և տեղին է անդրադառնալ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին, որն իր ծավալներով աննախադեպ է և ենթադրում  է առնվազն 46 դպրոցի կառուցում կամ վերակառուցում։ 

Այս տարի դռները կբացեն Վանաձորի 7-րդ և Երևանի 153-րդ վերակառուցված դպրոցները, որոնք նախատեսված են համապատասխանաբար 300 և 648 աշակերտի համար, ովքեր վերակառուցումից հետո առաջին անգամ մուտք գործելով սիրելի կրթօջախ` զարմանք ու հիացմունք են ապրելու։ Սեյսմակայունության ապահովումը ծրագրի գերխնդիրն է. սա անտեսանելի, բայց ամենակարևոր առավելությունն է, իսկ տեսանելին հարմարավետությունն է, որ կարևոր է ՝ լիարժեք հարմարավետ` նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Լուսավոր դասասենյակներ, հարմարավետ մարզադահլիճ ու միջոցառումների սրահ, վերելակ ու կահույք։ Դպրոցներում ամեն բան նոր է։ 

Մյուս դպրոցների կառուցումն ու վերակառուցումը սպասեցնել չի տա։ Այսօրվա դրությամբ ևս երեք դպրոցի շինարարությունն ավարտվել է, ընթանում են շահագործման հանձնելու աշխատանքները, մեկի շինարարությունը կավարտվի այս տարի, վեց դպրոց կառուցման փուլում է, երկուսի մրցույթները կայացել են, ամփոփվում են արդյունքները, մեկի կառուցման համար մրցույթ է հայտարարվել, քսան դպրոցի կառուցման համար էլ իրականացվում են նախագծման աշխատանքներ։ Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը ենթադրում է մոտ քսան հազար դպրոցականի անվտանգ կրթության ապահովում։ Ընդհանուր բյուջեն կազմում է 107 միլիոն դոլար, որից 20 տոկոսը կառավարության ներդրումն է, մյուս մասը Ասիական զարգացման բանկից ստացված վարկային միջոցներ են։ 

Շնորհավոր գիտելիքի օր, բարի ընթացք ու արդյունավետ ուսումնական տարի ենք մաղթում աշակերտներին և կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին», - նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter