HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Սերժ Սարգսյան. «Ո՛չ թուրքերը, ո՛չ հայերը տարածաշրջանը չեն լքելու»

Պաշտպանության նախարարը հուսով է, որ Հայաստանն ու Թուրքիան կհաղթահարեն փակուղին

Դժվար է հիշել, թե նման բարձրաստիճան հայ պաշտոնյան վերջին անգամ երբ է հոդված գրել, ընդ որում՝ հեղինակավոր ամերիկյան «Ուոլ սթրիթ ջորնալ»-ում: Ավելին՝ հոդված է գրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին: Այո՛, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 22-ին տպագրված «Չնայած ցեղասպանությանը» վերնագրով հրապարակման մեջ Թուրքիային կոչ է ուղղում. «Մենք չենք կարող լինել մշտական թշնամիներ, եւ նույնիսկ եթե կարողանայինք, ապա անհրաժեշտություն եւ իմաստ չկա նման թշնամության մեջ: Հետեւաբար, հանուն մեր ապագայի՝ շարժվենք առաջ»:

«Պետականությունը, որ ունեն թե՛ հայերը, թե՛ թուրքերը, բնակարան չէ: Դուք չեք կարող այն վաճառել ու մեկնել: Ո՛չ թուրքերը, ո՛չ հայերը տարածաշրջանը չեն լքելու: Տրամաբանական ելքը միմյանց հետ բնականոն հարաբերություններ ունենալն է: Սա այն է, ինչ հարեւաններն անում են արդի աշխարհում: Ես չեմ ասում, որ Հայաստանը պետք է Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավի ամեն գնով: Այն, ինչ ասում եմ, նշանակում է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների»,- գրում է պաշտպանության նախարարը:

Ընդգծելով, որ հայ-թուրքական երկկողմ հարաբերությունները զրոյական վիճակում են, Սերժ Սարգսյանը հիշեցնում է. «Թուրքիան, չնայած աճող միջազգային ճնշմանն ու դատապարտմանը, փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, գործադրում է ամեն ճիգ' մեկուսացնելու դեպի ծով ելք չունեցող Հայաստանը միջազգային ու տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերից, ապակառուցողական դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Չնայած այս քաղաքականությունը հակասում է միջազգային հարաբերությունների ու արդի աշխարհակարգի հիմնական սկզբունքներին, Հայաստանը չի համարում, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին սպառնալիք է իր ազգային անվտանգությանը: Հակառակը: Մենք հուսով ենք, որ Թուրքիան կբարեփոխվի եւ ավելի լավ դիրքում կլինի սեփական պատմության ու ապագային դեմ հանդիման: Անդամակցության բանակցությունները հույսի հատիկներ են պարունակում, որ Հայաստանն ու Թուրքիան կհաղթահարեն փակուղին»:

«Ես ցանկանում եմ նայել դեպի ապագան՝ հուսալով, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները մեր երկու երկրների միջեւ քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելու երկար սպասված հնարավորություն կընձեռեն:Հայ-թուրքական հարաբերությունները եւ Ցեղասպանությունը, անշուշտ, կարեւոր գործոններ են, որոնք պետք է նկատի առնվեն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների ժամանակ: Անհրաժեշտ է հիշել անցյալը' ապագայում մարդկության դեմ կատարված նման հանցագործությունների կրկնությունը բացառելու նպատակով: Այնուհանդերձ, Հայաստանն ունի պարզ ու գործնական դիրքորոշում Թուրքիայի հետ հարաբերությունների ապագայի վերաբերյալ: Մենք կողջունենք Թուրքիայի հետ բնականոն դիվանագիտական ու այլ հարաբերությունների հաստատումը առանց նախապայմանների: Սա նշանակում է՝ չկապել դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Ցեղասպանության ճանաչման հետ»,- գրում է նախարարը հոդվածում:

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ մեկտեղ, կարծում ենք, որ ԵՄ անդամակցության բանակցությունների կամ հնարավոր անդամակցության դեպքում Թուրքիան մեզ համար կդառնա տնտեսապես ամուր եւ կայուն հարեւան: Սա բխում է թե՛ Հայաստանի, եւ թե՛ Թուրքիայի շահերից: ԵՄ անդամակցությամբ Թուրքիան կդառնա ավելի կանխատեսելի: Միշտ էլ հեշտ է գործ ունենալ կանխատեսելի հարեւանի հետ: Ցավոք, անցյալում Թուրքիայի պատասխանը Հայաստանի ցանկությանը՝ հաստատել բնականոն դիվանագիտական հարաբերություններ, եղել է պատժելը կամ սպառնալը նրանց, ովքեր ճանաչել են Ցեղասպանությունը»,- գրում է Սերժ Սարգսյանը հոդվածում:

Հայ քաղաքական գործիչներն ու փորձագետները եւս կարծում են, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը բարենպաստ ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման վրա: Սակայն ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ նախքան Եվրամիությանն անդամակցելը Թուրքիան պետք է իրականացնի մի շարք ժողովրդավարական բարեփոխումներ: Մանոյանի կարծիքով՝ խնդիրն այն չէ, որ Հայաստանը եւ Սփյուռքը խոչընդոտեն Թուրքիային ԵՄ անդամակցության հարցում, այլ այն, որպեսզի թույլ չտրվի, որ Թուրքիան ԵՄ-ին անդամակցի առանց համապատասխան բարեփոխումների:

Ե Մ-ին անդամակցության բանակցությունների անցած մեկ տարվա ընթացքը ցույց է տվել, որ Անկարան չի կա տ ա ր ում իր առջեւ դրված պարտավորությունները, մասնավորապես Կիպրոսին առնչվող պահանջների առումով: Հետեւաբար, կարծում է Մանոյանը, մտահոգիչը ոչ թե Թուրքիայի' Ե Մ անդամակցությունն է, այլ Թուրքիայի' առանց բարեփոխվելու անդամակցությունը: Մյուս կողմից, Մանոյանը ճիշտ չի համարում այն տեսակետը, որ Հայաստանը ինչ-որ տեղ պետք է լինի Թուրքիայի՝ Ե Մ անդամակցության ջատագովը. «Առանց բարեփոխվելու ԵՄ անդամ դառնալով՝ Թուրքիան կարող է պատուհաս դառնալ հենց Հայաստանի համար»:

Մանոյանն ընդգծում է, որ ոչ մի հայաստանցի դիվանագետ չի արտահայտվում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ, այսինքն՝ ի տարբերություն, ասենք, Կիպրոսի, Հունաստանի, Ֆրանսիայի, Ավստրիայի, ԵՄ ոչ անդամ Հայաստանը խոչընդոտողների առաջին գծում չէ: «Եթե որեւէ բան այս առումով ասվել է, ապա' միայն Եվրոպայի հայ համայնքի անունից: Եվրոպայի հայ համայնքն է դեմ, որ Թուրքիան անդամակցի Եվրամիությանը, սակայն նրանք այս խնդիրն ավելի շուտ դիտարկում են իբրեւ եվրոպացի, քան հայ, այնպես, ինչպես ընդհանրապես Եվրոպայի ողջ հասարակության 60 տոկոսը»,- ասում է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատուն:

Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Հայաստանը պետք է շահագրգիռ լինի, որ Թուրքիան կատարի ԵՄ առջեւ ստանձնած պարտավորությունները եւ միայն դրանց կատարումից հետո դառնա ԵՄ անդամ: Սաֆրաստյանի խոսքերով՝ Հայաստանի համար կարեւոր է, որ իր հարեւանը դառնա կանխատեսելի եւ եվրոպական չափանիշներին համապատասխանող երկիր, ճանաչի եւ դատապարտի իր անցյալը, ապաշրջափակի Հայաստանի հետ սահմանը. «Հայաստանի քաղաքականությունը Երեւան-Անկարա հարաբերություններում ավելի լավ է հաշվարկված, քան Անկարայինը, քանի որ վերջինիս քաղաքականությունը հիմնված է այն դրույթի վրա, ըստ որի Հայաստանը կամա, թե ականա պետք է հարաբերություններ հաստատի, եւ եթե Թուքիան զիջման չգնա, ապա Հայաստանը կսկսի զիջումներ կատարել»:

Սաֆրաստյանի խոսքերով, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման համար նախապայմանը 1991թ.-ին դրել է Թուրքիան, երբ վերջինս ճանաչեց Հայաստանի անկախությունը, սակայն հայտարարեց, որ առժամանակ չի հաստատի դիվանագիտական հարաբերություններ, քանի որ կան չլուծված խնդիրներ: Թուրքիան, ըստ Սաֆրաստյանի, վարում է «ճնշումների քաղաքականություն» Երեւանի նկատմամբ: Թուրքագետի խոսքերով, Հայաստանը ճիշտ քաղաքականություն է իրականացրել հենց սկզբից' հայտարարելով, որ պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել: 1998թ.-ին, երբ Հայաստանն արտաքին քաղաքականության օրակարգում դրեց Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման հարցը, միջազգային հարաբերությունների տեսանկյունից սա որոշակի փորձ եղավ՝ հակադրվելու Թուրքիայի «ճնշման քաղաքականությանը»: Հայաստանը չի դնում նախապայման, սակայն եթե Հայաստանը Ցեղասպանության ընդունումը որպես նախապայման դներ, ապա բազմաթիվ պետություններ դա բնական կհամարեին, քանի որ իրագործվել է ոճրագործություն ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության նկատմամբ, եւ այն պետությունը, որն Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, չի ճանաչում դա ու պետք է պատժվի:

ՀՀՇ փոխնախագահ Արամ Մանուկյանը համոզված է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն անհրաժեշտություն է, իսկ եթե Թուրքիան մերժվի ողջ Եվրոպայի կողմից, ապա կարող է հայտնվել Արեւելքի ահաբեկչական երկրների ճամբարում: «Թուրքայի բանակն այսօր լրջագույն խնդիր է Եվրոպայի եւ ողջ տարածաշրջանի համար, այն այսօր քաղաքականություն թելադրող բանակ է եւ, անշուշտ, նպաստավոր է, որ ՆԱՏՕ-ի ամենահզոր բանակներից մեկը քաղաքականություն չթելադրող, քաղաքացիական եւ հասարակական վերահսկողության տակ գտնվող ուժ լինի»,- ասում է Մանուկյանը: ՀՀՇ-ական գործիչը պնդում է, որ Հայաստանը չպետք է Թուրքիայի՝ ԵՄ մտնելուն խոչընդոտող երկրներից առաջամարտիկը լինի: Այդ առաքելությունն առնվազն երկու պետություն' Հունաստանը եւ Կիպրոսը, իրականացնելու են. «Հայաստանը այլ երկրների ներգրավելով Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցությանը խոչընդոտողների շարքում' ինքնակամ դիվանագիտական կախվածության մեջ է ընկնում այդ երկրներից»:

Հայաստանի անկախությունից հետո անցնող 15 տարիներին Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ չեն եղել. տարբեր ժամանակներում Անկարան Երեւանին ներկայացնում է տարբեր նախապայմաններ՝ Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանությունից, ճանաչի ժամանակակից Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, իր ռազմական ներկայությունը վերացնի Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում: 1998թ. իշխանափոխությունից հետո Հայաստանի գործող իշխանությունները արտաքին քաղաքական օրակարգ բերեցին Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման հարցը, ինչն ավելի խճճեց հայ-թուրքական փակուղին: Ավելին, Անկարան սկսեց հայտարարել, որ հայերն էլ են նախապայմաններ առաջ քաշում:

Այսօր հայ-թուրքական հարաբերություններում մի տեղատվության փուլ է, որը հավանաբար չի եղել անցնող 15 տարիներին: 1991-1993թթ. կարելի է համարել Երեւան-Անկարա շփումների «բարի» շրջանը. թուրքական կողմը համաձայնեց իր տարածքով եվրոպական ալյուրի տեղափոխումը Հայաստան (իրականում այդ ալյուրը թուրքական էր. քանի որ Հայաստանում հացի պաշարները սպառման եզրին էին, իսկ եվրոպական վարկն ուշանում էր, Թուրքիան իր հացի պաշարներից ուղարկեց Հայաստան Կարս-Գյումրի երկաթուղով, հետագայում Եվրոպայից ստացավ Հայաստանին տրամադրվելիք ալյուրը): Այն բանից հետո, երբ ղարաբաղյան ուժերը վերահսկողության տակ առան Քելբաջարը, Թուրքիան փակեց սահմանը: Ավելին, 1993-1994թթ. Հայաստանի սահմանում կուտակվում էին թուրքական զորքեր, եւ ինչպես հետագայում իրենց հուշերում գրեցին այդ օրերին Հայաստանում հավատարմագրված դեսպանները, մասնավորապես' Հունաստանի դեսպանը, Թուրքիան պատրաստվում էր ներխուժել Հայաստան:

1998թ. հետո տեղի ունեցան արտգործնախարարների մակարդակով' Օսկանյան-æեմ, Օսկանյան-Գյուլ մի շարք հանդիպումներ: 2004 թվականից ի վեր հայ-թուրքական հարաբերություններում սկսվել է տեղատվության փուլը, որը շարունակվում է մինչեւ այսօր: 2006 թվականը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որեւէ առաջընթաց չարձանագրեց: Միայն նոյեմբերի առաջին օրերին հայ-թուրքական «երկխոսությունը վերականգնվեց» արտգործնախարարների մակարդակով: Աբդուլլա Գյուլը Մոսկվայում հայտարարեց, որ «հայ-թուրքական սահմանները մեծ հաշվով բաց են», քանի որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ավիաչվերթներ են իրականացվում, ինչպես նաեւ Թուրքիայում աշխատանք են գտել Հայաստանի 70 հազար քաղաքացիներ:

Վարդան Օսկանյանը Գյուլի մեկնաբանությունը որակեց ոչ ազնիվ. «Նախ՝ Թուրքիայում ապրող եւ աշխատող հայաստանցիների քանակն իր նշածից շատ քիչ է: Երկրորդ' բաց սահմանները ենթադրում են ուղիղ շփումներ ժողովուրդների միջեւ, սահմանամերձ շրջաններում ապրող մարդկանց անխափան հարաբերակցություն եւ տրանսպորտային գործող ենթակառույցներ»:

Փաստացի, հայ-թուրքական հարաբերություններում առաջացել է մի իրավիճակ, երբ դրանց հնարավոր կարգավորումը այլեւս պայմանավորվում է երրորդ կողմի ազդակներով, ճնշումներով, ակնկալիքներով: Այսպես, Երեւանում հուսով են, որ ԵՄ-ին անդամակցության դեպքում Թուրքիան ստիպված կլինի վերջ տալ ավելի քան 13 տարի շարունակվող շրջափակմանը: Այսինքն՝ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորվում են Եվրոպայի ցանկություններով: Ճիշտ է, եվրոպացիները հստակ ասում են, որ Թուրքիան չի կարող փակ սահմաններով մտնել Եվրամիություն, սակայն լուրջ միջոցներ չեն ձեռնարկում, որպեսզի Անկարան շրջափակմանը վերջ տա նախքան ԵՄ-ին լիիրավ անդամությունը: Սա նշանակում է, որ թուրքերը կարող են սահմանները կողպած պահել մինչեւ այն օրը, երբ կհայտարարվի Թուրքիայի՝ ԵՄ անդամ լինելու մասին, իսկ այդ օրը կարող է գալ 10 կամ 15 տարի հետո կամ երբեք:

Ամերիկացիները եւս, բացի հրապարակային հայտարարություններից, կոնկրետ քայլեր չեն ձեռնարկել, որպեսզի Անկարան վերջ տա Հայաստանի շրջափակմանը: Ինչ վերաբերում է մեր ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանին, ապա վերջինիս համար հայ-թուրքական սահմանների կողպված լինելը նաեւ լավ է, քանի որ սահմանի ապաշրջափակման դեպքում կարող է դրվել Հայաստանում ռուսական ռազմական ներկայության նպատակահարմարության խնդիրը:

Ցավոք, ո՛չ Հայաստանը, առավել եւս' Թուրքիան, անցնող 15 տարիներին լուրջ կապիտալ չեն դրել Երեւան-Անկարա հարաբերությունների բնականոնացման հարցում: Անշուշտ, Հայաստանի պաշտպանության նախարարի հոդվածը, հատկապես 1998թ. իշխանափոխությունից հետո, կարելի է որակել դրական ուղերձ' ուղղված Թուրքիային: Ու նաեւ հուսալ, որ Սերժ Սարգսյանի' «Ուոլ սթրիթ ջորնալի» հրապարակումը, իրոք, ուղղված է Հայաստան-Թուրքիա հարաբերություններում գոնե կես քայլ առաջընթացին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter