Իրանում խաբեությամբ հավաքագրել են շուրջ 50 անձանց և տեղափոխել Հայաստան՝ նպատակակետ երկիր ուղարկելու խոստումով
Ոստիկանության՝ մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Իրանի երկու քաղաքացի, եվրոպական պետություններ տեղափոխելու պատրվակով, խաբեությամբ հավաքագրել և Իրանից Հայաստան են տեղափոխել Իրանի շուրջ 50 քաղաքացու։
Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ նրանց դիմավորել են հանցավոր խմբի մյուս անդամները, որոնք Հայաստանի քաղաքացիներ են։
Վերջիններս այդ անձանց վստահություն ներշնչելու համար ներկայացել են իրավապահ և դիվանագիտական ոլորտների աշխատակիցներ։
Նրանք Հայաստան տեղափոխված անձանց նպատակակետ երկրներ ուղարկելու համար պահանջել և ստացել են, նախնական տվյալներով՝ շուրջ 300 հազար դոլար։
Այնուհետև Իրանի քաղաքացիների մի մասին տեղափոխել են Թուրքիա և Վրաստան` խոստանալով այդ երկրներում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով ուղարկել եվրոպական երկրներ:
Չկատարելով իրենց խոստումը՝ Իրանի քաղաքացիներին կրկին տեղափոխել են Հայաստան, վերցրել նրանց անձնագրերը և մինչ օրս տարբեր պատրվակներով հետաձգում են մեկնելու գործընթացը:
ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է Իրանի քաղաքացիներից մի քանիսի ինքնությունը։
Նրանք հրավիրվել են ոստիկանության Կենտրոնական բաժին ու հաղորդումներ տվել: Հայտնաբերվել են նաև հանցավոր խմբի անդամները, որոնք ձերբակալվել են։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է վերցված անձնագրերի մի մասը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել