HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Կալանավորի մահվան գործը կարճվեց

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի հիմնական պատճառը կապված է ազատազրկվածների առողջական խնդիրների հետ: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգերում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի տվյալներով` 2010թ. արձանագրված 34 մահվան դեպքերից 29-ը, իսկ 2011թ. 32-ից 26-ը հիվանդությունների հետևանքով է:

2010թ. ավազակության և սպանության մեջ մեղադրվող Սլավիկ Ոսկանյանը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) տեղափոխպվելուց երկու շաբաթ անց մահացավ՝ գազային գանգրենա հիվանդությունից: Սա Հայաստանի ՔԿՀ-ներում ազատազրկվածների մահացության միակ դեպքն է, երբ հարազատները բողոքում են հանգուցյալի` կյանքի խախտված իրավունքի համար:

Կալանավոր Ոսկանյանի մահվան փաստով Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ: Նախաքննական մարմինը, հիմնավորված համարելով ՔԿՀ-ի բժշկ Մարզպետունի Մինասյանի մեղավորությունը, քրեական գործն ուղարկեց Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)` նկատի ունենալով, որ բժիշկ Մինասյանը, լինելով «Վանաձոր» ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժնի պետը, համարվում է պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ, այլ կերպ ասած՝ պաշտոնյա: Սակայն 8 ամիս տեւած քննությունից հետո քրեական գործի վարույթը կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով:

«Անհետացած» զեկուցագիր

Վեց ամիս շարունակ նախաքննական մարմինը փորձում էր հիմնավորել, որ կալանավոր Ոսկանյանը մահացել է ՔԿՀ-ի բժիշկ Մինասյանի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով: Մինչդեռ կալանավորի հիվանդության և բուժման ընթացքում ՔԿՀ-ի բժիշկը գտնվել է ամենամյա արձակուրդում, ինչի մասին «Հետքին» պաշտոնապես հայտնել են նաեւ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից:

2011թ. հունիսի 13-ին, երբ քրեական գործն արդեն ՀՔԾ-ի վարույթում էր, «Հետքը» տպագրեց «Կալանավորի մահը բժշկի վրա՞ են բարդում» հոդվածը: Բժիշկ Մարզպետունի Մինասյանը հավաստիացնում էր, որ ՔԿՀ ղեկավարությունն ու քրեակատարողական վարչությունը տեղյակ են եղել կալանավորի առողջական ծանր վիճակից, բայց ոչինչ չեն արել նրան քաղաքացիական բուժհաստատություն կամ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու համար: Հոդվածում միաժամանակ նշված էր, որ անձամբ Լոռու մարզի դատախազն էր արգելել հիվանդ կալանավորին ՔԿՀ-ից տեղափոխել:

Հիշյալ հրապարակումից երկու օր անց` հունիսի 15-ին, հանգուցյալ կալանավորի կնոջ փաստաբանը «Հետքի» հոդվածում մատնանշված հանգամանքների վերաբերյալ գրություն էր ուղարկել ՀՔԾ պետին` խնդրելով պարզել պաշտոնատար անձանց առնչությունն ու մեղավորությունը կալանավորին բուժօգնություն չցուցաբերելու հարցում: ՀՔԾ-ն փաստաբանի գրությունն անտեսել էր, իսկ հունիսի 23-ին բժիշկ Մինասյանն աշխատանքից ազատվեց, պաշտոնական մեկնաբանությամբ՝ սեփական դիմումի համաձայն: Մինչ օրս «Վամաձոր» ՔԿՀ-ն բժիշկ չունի:

Վերոնշյալ հոդվածում բժիշկը պատմել էր նաև ՔԿՀ-ի բուժքույր Նոնա Սարգսյանի զեկուցագրի մասին: Քրեական գործի կարճումից ամիսներ անց «Հետքը» ձեռք բերեց այդ փաստաթուղթը (տես 2-րդ լուսանկարը): Բուժքույրը ՔԿՀ-ի պետ Արտյոմ Մխոյանին զեկուցագրով հայտնել էր կալանավորի վիճակի և հետագայում վերջինիս առողջության հնարավոր վատթարացման մասին` խնդրելով, որպեսզի ՔԿՀ-ի պետը համապատասխան կարգադրություն արձակի հիվանդի վերաբերյալ: Պետը գրությունը մակագրել էր բժիշկ Մարզպետունի Մինասյանին՝ քրեակատարողական վարչության բուժսպասարկման բաժնի հետ հարցը շտապ քննարկելու համար:

Բժիշկ Մինասյանը պետի հրահանագը կատարել է: Այդ մասին նույնիսկ ՀՔԾ քննիչն է վկայել քրեական գործը կարճելու մասին որոշման մեջ` նշելով. «Հիվանդի վիճակի մասին բժիշկը պարբերաբար զեկուցել է ՔԿՀ-ի ղեկավարությանը և ԱՆ ՔՊԻՎ բժշկական սպասարկման բաժնին»:

Նախաքննական մարմինը քննության առարկա չի դարձել բուժքրոջ զեկուցագիրը: Այս պաշտոնական փաստաթուղթը, թեեւ մուտքագրվել է ՔԿՀ-ի գրանցամատյանում, քրեական գործի նյութերից բացակայել է:

Սխալ մեջբերումը վերածվել է «հակասության»

Կալանավոր Ոսկանյանի մահվան գործով նշանակվել է դատաբժշկական 3 փորձաքննություն: Երրորդ փորձաքննությունից հետո քրեական գործը կարճվել է: Այն նշանակելու մասին որոշումը ՀՔԾ քննիչ Գաբրիել Պետրոսյանը հիմնավորել էր նրանով, թե նախորդ երկու փորձաքննությունների եզրակացությունների մեջ կան «ակնհայտ հակասություններ»:

Քննիչը նկատի էր ունեցել այն, որ առաջին եզրակացությամբ Սլավիկ Ոսկանյանի դիակից վերցված արյան և մեզի դատաքիմիական ուսումնասիրությամբ արյան մեջ հայտնաբերվել էր 0,3 պրոմիլլե էթիլ սպիրտ, իսկ մեզում նման բան չի հայտնաբերվել: Երկրորդ եզրակացության մեջ նշված է, որ արյան և մեզի մեջ սպիրտ չի եղել: Այս տարբերությունն էլ դիտելով իբրեւ հակասություն` քննիչ Պետրոսյանը նշանակել էր նոր փորձաքննություն: Այնինչ, վերջին տվյալն ընդամենը շփոթմունք էր: Քննիչն ուշադրություն չի դարձրել, որ այդ տվյալը հանձնաժողովի հետևությունը չէ, այլ արձանագրված է եզրակացության` «լրացուցիչ հետազոտությունների տվյալներ» բաժնում` որպես դատաքիմիական ուսումնասիրության արդյունք, որն էլ վերցվում է առաջնային փորձաքննությունից: Իսկ առաջնային եզրակացությամբ հաստատված է` արյան մեջ հայտնաբերվել է սպիրտ, մեզում` ոչ: Հետևաբար`«հակասող» տվյալն առաջին եզրակացությունից սխալ մեջբերում է երկրորդ եզրակացության մեջ:

Նույն բանն ասող ու հակառակը փաստող ձեւակերպումներ

Հակասություններ կան դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացություններում: Երկրորդ փորձաքննության արդյունքներով` «բժիշկը պարտավոր էր հիվանդին հետագա բուժման համար ուղեգրել հիվանդանոց», ապա նշված է, թե «հիվանդին տրված բուժումը ՔԿՀ-ի պայմաններում հակացուցված չի եղել, սակայն եղել է ոչ արդյունավետ»: Իսկ շարունակության մեջ դարձյալ հետևություն է արվել ստացիոնար բուժման անհրաժեշտության մասին. «Եթե հիվանդը շուտ տեղափոխվեր հիվանդանոց և ստանար համապատասխան (կոնսերվատիվ և վիրաբուժական) բուժում, ապա հնարավոր կլիներ կանխել հիվանդության բացասական ելքը»:

Երրորդ եզրակացության մեջ նախ նշվել է, որ «հիվանդությունը կանխելու և բուժման պրոցեսները լավացնելու համար հարկավոր էր հիվանդին ուղարկել ստացիոնար բուժման, քանի որ տվյալ հիվանդության բուժման հիմնական միջոցառումները վիրաբուժական բնույթի են, որոնք կարող էին հնարավորություն տալ կանխել հիվանդության հնարավոր բացասական ելքը»: Շարունակությունը թեական է. «Սակայն հարկավոր է նշել, որ նման ծանր հիվանդությունների դեպքում` անաէրոբ ինֆեկցիա (գազային գանգրենա), երբեմն ստացիոնար պայմաններում կատարված բուժօգնությունը նույնպես լինում է անարդյունավետ, առավել ևս, երբ հիվանդը պարբերաբար պոկել է վիրակապը` դրանով նպաստելով ինֆեկցիայի խորացմանը և ընդհանուր վիճակի ծանրացմանը»: Այնուհետեւ հանձնաժողովն ինքն իրեն հակասել է` նշելով. «Սլավիկ Ոսկանյանի դեպքում ասել, թե արդյոք վիրակապի հաճախակի պոկելը ունեցե՞լ է բացասական ազդեցություն վերքի լավացման վրա, թե՞ ոչ, հնարավոր չէ, քանի որ այդ առումով բավարար չեն բժշկական փաստաթղթերի տվյալները»:

Իրականում հենց փորձաքննության եզրակացություններով հաստատվում է, որ կալանավորի հիվանդության բացասական ելքը կանխելու համար անհրաժեշտ էր իրականացնել ստացիոնար բուժում, ինչը, փաստորեն, չի արվել:

«Մեղավոր են ՔԿՀ- պետը, ՔԿ վարչությունն ու արդարադատության նախարարությունը»

Սլավիկ Ոսկանյանի մահվան հարցում այս երեք մարմիններին է մեղավոր համարում «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը, քանի որ կալանավորի կյանքի համար ուղղակի պատասխանատվություն են կրում հենց այդ մարմինները:

«Ամեն մեկն այն չափով, ինչ չափով որ որոշում ընդունելու իրավասություն և պարտականություն ունի նման դեպքերում»,- ասում է իրավապաշտպանը եւ շեշտում է, որ Սլավիկ Ոսկանյանի կյանքի իրավունքը խախտվել է ոչ պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու հետևանքով: Արթուր Սաքունցը պնդում, որ ՔԿՀ-ի բժիշկը կատարել է բոլոր անհրաժեշտ գործողությունները. ճիշտ է ախտորոշել հիվանդությունը և, ինչպես ՔԿՀ-ներում բժշկական ծառայության կարգն է պահանջում, հիվանդին տեղափոխելու միջնորդություն է ներկայացրել ՔԿ վարչություն: Սակայն ակնհայտ անգործություն է ցուցաբերվել, ինչի հետևանքով էլ կալանավորը մահացել է:

Ըստ Սաքունցի, քննչական մարմինը պետք է եզրակացներ՝ մեղավորը կամ բժիշկն է, կամ «Վանաձոր» ՔԿՀ-ի ղեկավարությունն ու ՔԿ վարչությունը: Մինչդեռ նախաքննության ընթացքում վերջին հագամանքը քննարկման առարկա չի դարձել:

«Ստացվում է` մարդը մահանում է քրեակատարողական հիմնարկում, ոչ մեկը պատասխանատու չէ: Բնական են համարում,- ասում է Սաքունցը` կատարվածը որակելով հանցագործություն,- իսկ քննիչը ոչ համարժեք իրավական գնահատական է տվել. թաքցրել է հանցագործությունը»:

Իրավապաշտպան Սաքունցը, ով նաև Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահն է, ասում է, թե ՔԿՀ-ներում բուժման ռեսուրսները բավարար չեն, ուստի հաճախ անհրաժեշտ է լինում ազատազրկվածներին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:

Ըստ նրա` ՔՀԿ-ների առողջապահական ծառայությունը հարկ եղած դեպքում պետք է հիվանդին ուղեգրի ստացիոնար բուժման` բժշկական եզրակացության հիման վրա: Այնինչ հիվանդների նմանատիպ «տեղաշարժը» կատարվում է առանց բժշկական եզրակացության՝ բացառապես ՔԿ վարչության պետի որոշմամբ, ինչն էլ, Սաքունցի խոսքով, պայմանավորված է վերջիններիս մեղսագրվող արարքի բնույթով: Սլավիկ Ոսկանյանին բժշկական օգնության չտրամադրելով` նրա հանդեպ նույնպես կանխակալ վերաբերմունք է դրսևորվել, ինչի ենթադրյալ պատճառը, ըստ Սաքունցի, այն է, որ նա մեղադրվում էր ոստիկանի մոր սպանության մեջ:

Ոչ մեկի դեմ «իրականացվող» քրեական հետապնդումը դադարեցվել է

Հանգուցյալ կալանավորի կինը` Շուշանիկ Ոսկանյանը, ամուսնու հետ կատարվածի առնչությամբ ասում է. «Ոչ իրան դատել էին, ոչ բան: Թող իրան ցույց տային էդ բուժօգնությունը, թող ինքը բուժվեր, հետո թեկուզ ամենածանր հոդվածով դատեին: Ոչ թե թողնեին, որ տանջվեր, մահանար, ու ասեին` հա, դե, հանցագործը մահացավ, գնաց: Ամեն մարդ իրավունք ունի ապրելու: Իսկ Սլավիկի նկատմամբ ոտնձգություն են արել`զրկելով նրան ապրելու իրավունքից»:

Պայքարելով ամուսնու խախտված իրավունքների համար` Շ. Ոսկանյանը նպատակ ունի ուշադրություն հրավիրել ՔԿՀ-ներում մահացության դեպքերի վրա. «Եթե հնարավոր ա ինչ-որ մի բան ի հայտ բերել, դա ճիշտ կլինի, որովհետև մի օր պետք ա էս ամեն ինչը կանգ առնի՞, թե՞ չէ: Իրանց մեխանիզմը անխախտ գործում ա. ամեն անգամ բերդերում ու գաղութներում մարդիկ են մահանում անհասկանալի պատճառներով ու ամեն անգամ ծածկադմբոց ա լինում, որովհետև ոչ մեկը ձայն չի հանում»:

Սլավիկ Ոսկանյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը փաստաբաններ Կարեն Թումանյանը և Էդմոն Մարուքյանը վերադասության կարգով բողոքարկել են հանրապետության գլխավոր դատախազին: Սակայն որեւէ չի փոխվել: Այժմ այն բողաքարկվում է դատական կարգով: Տուժողի իրավահաջորդի՝ Շուշանիկ Ոսկանյանի փաստաբանները պահանջում են վերացնել քննիչի որոշումը և քրեական գործի քննությունը վերսկսել:

Շուշանիկ Ոսկանյանն իր երեխաների հետ Կարեն Թումանյանը և Էդմոն Մարուքյանը

ՀՔԾ քննիչ Գաբրիել Պետրոսյանը որոշումը քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին է: Անհասկանալի է, թե քննիչն ո՞ւմ նկատմամբ է որոշել քրեական հետապնդում չիրականացնել, երբ քրեական գործը հարուցվել է փաստի առթիվ, եւ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:

Քննիչը որպես հաստատված հանգամանք է դիտարկել այն, որ կալանավոր Ոսկանյանի վնասվածքը պատճառվել է ինքնավնասման միջոցով. «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխվելու համար կալանավորը թուք է ներարկել ոտքին: Ընդունելով, որ կալանավորը ներարկիչ է օգտագործել, որը ՔԿՀ-ներում արգելված իրերի ցանկում է, նախաքննական մարմինը, սակայն, քննություն չի տարել` պարզելու, թե ինչպես է այն հայտնվել կալանավորի մոտ:

Ըստ Շուշանիկ Ոսկանյանի և նրա ներկայացուցիչների` Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս ՀՔԾ-ի, խախտել է «կյանքի իրավունքն օրենքով պաշտպանելու» իր պարտավորությունը, քանի որ «քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների մեղքով» անձի մահվան փաստի առթիվ չի իրականացվել օբյեկտիվ, բազմակողմանի և արդյունավետ քննություն:

Հ.Գ. Ըստ ոչ պաշտոնական տվյալների, հենվելով մասնագետների կարծիքի հիման վրա՝ գազային գանգրենա հիվանդությունը, այն էլ`մահվան ելքով, Հայաստանում հազվադեպ է գրանցվում: «Հետքը» գրավոր հարցում է ուղարկել առողջապահության նախարարությանը (ԱՆ)` ճշտելու, թե վերջին տարիներին գազային գանգրենայով հիվանդացության քանի դեպք է գրանցվել Հայաստանում: Սակայն ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի առողջապահության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնից (ԱՏՎՀԿ) հայտնել են, որ գազային գանգրենայի վերաբերյալ տեղեկատվությունը ԱՏՎՀԿ-ում բացակայում է, քանի որ նշված նոզոլոգիան (ախտանիշը) ընդգրկված չէ Ան պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության և բուժհաստատությունների կողմից ներկայացվող ԱՆ վարչական վիճակագրական տարեկան հաշվետվության ձևերում: Այսինքն` նշված հիվանդության վերաբերյալ Հայաստանում վիճակագրություն չի կատարվում:

Ադրինե Թորոսյան
Արարատ Դավթյան

Հոդվածը պատրաստվել է Հետաքննական լրագրության դանիական ասոցիացիայի (SCOOP) աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter