HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Գյուղական բնակավայրերում բնակչության բուժօգնությունն իրականացնում են բուժքույրերը

Արփունք գյուղի երկու բուժքույրերի աշխատանքային պարտականությունը բնակիչներին առաջին բուժօգնություն ցուցաբերելն է ու հատուկ կարգ ունեցող հիվանդներին անվճար հատկացվող դեղորայք տրամադրելը։ Պատվաստումները, հիվանդության ախտորոշումն ու բուժումը կատարվում են ամբուլատորիաներում կամ հիվանդանոցներում։

Սաթենիկ Հովհաննիսյանը բուժկետում աշխատում է շուրջ 30 տարի: Բուժքույրն ասում է, որ հիմնականում անում են այն ամենը, ինչն ըստ չափորոշիչների վստահված է իրենց, բայց բարձրլեռնային գյուղում, որտեղ տարվա կեսը ձմեռ է և ճանապարհները փակ են, հարկադրված են սահմանվածից ավելի անել: Տարիներ առաջ, ծննդաբերությունների ժամանակ, մինչև շտապօգնությունը տեղ հասներ, գյուղում էլ քչերը մեքենա ունեին, հարկադրված ինքն էր ծնունդներ ընդունում: Օգնության էին հասնում ծննդկանների հարևան կանայք։ Վերջին տնային ծնունդը ընդունել է 2007-ին։ «Հիմա գյուղում մարդկանց մեծ մասը մեքենա ունի, անհրաժեշտության դեպքում շուտ հիվանդանոց են հասնում, ձմեռներն էլ այդքան ցրտաշունչ ու ձյունառատ չեն լինում վերջին տարիներին, եկած ձյունը մաքրում են։ Բացի այդ, առաջ ընդունված էր տնային պայմաններում ծնունդներ ընդունել, հիմա մարդիկ ձգտում են բժիշկների վերահսկողության տակ հիվանդանոցային պայմաններում երեխա ունենալ»,-ասում է բուժքույրը։

Սաթենիկը վերհիշում է 1997թ. փետրվարի 5-ին տեղի ունեցած մի դեպք, երբ ճանապարհի անանցանելիության պատճառով անգամ բեռնատարով հնարավոր չի եղել ծննդաբերող կնոջը հիվանդանոց հասցնել: Եկել են իր հետևից, քանի որ ծննդաբերական ցավերը սկսվել էին, իսկ այդ վիճակում միայն կեսարյան հատումով էր հնարավոր ծննդաբերություն իրականացնել՝ պտուղը միջաձիգ էր։

«Ես ասում էի՝ դա ռիսկային ա, Աստված չանի, մի բան լինի, ես ո՞նց եմ տակից դուրս գալու, ամեն կերպ փորձեք հիվանդանոց հասցնել, բայց դե ոչինչ չստացվեց, ծնունդը ստիպված ես եմ ընդունել»,- պատմում է բուժքույր Սաթենիկը։ Ասում է, որ առաջին անգամ էր նման բարդության ծնունդ ընդունում և հիշել է, որ մի անգամ հեռուստատեսությամբ «911» հաղորդումը դիտելիս լսել էր պտղի միջաձիգ դիրքի մասին:

Հաղորդման ժամանակ ասվում էր, որ հղին պետք է պառկի այն կողմի վրա, որ կողմում որ պտղի գլուխն է։ Կասկածել է, որ այդ մեթոդը կաշխատի, բայց ուրիշ հնարավորություն չի ունեցել, կեսարյան հատում անել չէր կարող։ Կնոջն այդ կողմի վրա է պառկեցրել, 4 ժամվա ընթացքում պտուղը դիրքը փոխել է, և ծնունդը բարեհաջող ընդունել է։ Այդ տղան արդեն 23 տարեկան է։

Բարեբախտաբար, անցել են այդ ժամանակները, հիմա իրենց դժվարությունը միջհամայնքային տրանսպորտն է: Գեղամասար խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Արփունք գյուղական բնակավայրի բուժկետը սպասարկում է «Գեղամասարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Գեղամասար հասնելու համար բնակիչներն օգտվում են տաքսիներից կամ սեփական մեքենաներից։

Արփունքի բուժկետը գտնվում է նախկին կիսաքանդ մանկապարտեզի շենքում, որն արդեն 30 տարի, հայերով բնակեցվելուց ի վեր չի գործում։ Շենքի մի սենյակը վերանորոգել են ու ծառայեցնում են որպես բուժկետ։ Բուժկետը վերանորոգվել է 2017-ին «Ֆրանսիական բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի շրջանակներում։

Գեղամասար խոշորացված համայնքի 18 բնակավայրերից 17-ում գործում են բուժմանկաբարձական կենտրոններ, որոնք գտնվում են «Վարդենիսի պոլիկլինիկա», «Գեղամասարի առողջության առաջնային պահպանման կենտրոն», «Մեծ Մասրիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ի ենթակայության տակ։

Գեղամասար գյուղում գործում է «Առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Չնայած նրան, որ Գեղամասար համայնքը խոշորացվել է, բուժամբուլատորիաների տեղաբաշխվածությունը մնացել է նույնը, 18 բնակավայրերը սպասարկում են մարզի 3 տարբեր բուժհիմնարկներ։

«Գեղամասարի առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ի վերահսկողության տակ են Գեղամասարի 5 բնակավայրերի բուժկետեր՝ Փամբակի, Դարանակի, Արփունքի, Արեգունու, Ավազանի: Յուրաքանչյուր բուժկետում, բնակչության թվով պայմանավորված, աշխատում է 1 կամ 2 բուժքույր։

Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի «Բժշկական օգնություն եւ զարգացում» ծրագրի աջակցությամբ վերանորոգվել են Արփունքի, Արեգունու, Ավազանի, Փամբակի, Կութի, Ջաղացաձորի, Շատջրեքի, Տրետուքի բուժմանկաբարձական կենտրոնները։ 2019 թ. նույն  կազմակերպության միջոցներով բարեկարգվել են Գեղամասար համայանքի կազմի մեջ մտնող Սոթք, Շատջրեք, Ավազան և Տրետուք բնակավայրերի բուժկետերը։

Գեղամասարի առողջության առաջնային պահպանման կենտրոնը» (ԱԱՊԿ) վերանորոգվել ու շահագործման է հանձնվել 2010-ին։ Տնօրենը մասնագիտությամբ ընտանեկան բժիշկ Լուսինե Ռոստոմյանն է։ Նա կենտրոնի միակ բժիշկն է։ Լուսինեն 1990-ականներին ամուսնացել ու Երևանից տեղափոխվել է Արփունք։ Բժիշկն արդեն 30 տարի է ամեն օր Արփունքից գալիս է Գեղամասար` աշխատանքի: Սկզբում կենտրոնը գործել է որպես ամբուլատորիա, հետո 2010-ին վերանորոգվել է ու դարձել առողջության պահպանման առաջնային կենտրոն։ Այժմ այն սպասարկում է Գեղամասար խոշորացված համայնքի 5 բնակավայրերը։

Լուսինե Ռոստոմյանը վստահեցնում է, որ կենտրոնում պատշաճ կատարվում է բնակիչների բուժօգնությունը։

«Մենք կատարում ենք չափորոշիչներով սահմանված այն բոլոր աշխատանքները, որի լիցենզիան ունենք, դրանք են՝ առաջնային ախտորոշում, պատվաստումներ, հիվանդների մեկուսացում, դեղորայքի տրամադրում»,- ասում է բժիշկը։

ԱԱՊԿ-ում կա առանձնացված  լաբորատորիա, որտեղ արյան և մեզի անալիզներ են հանձնում։ Ախտորոշիչ այլ հետազոտությունների համար՝ սոնոգրաֆիա, ռենտգեն հետազոտություն, Գեղամասարի ԱԱՊԿ-ից բնակիչներին ուղեգրում են Վարդենիսի հիվանդանոց՝ անվճար հետազոտվելու։

«Գեղամասարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ից բուժկետերը պետպատվերի շրջանակներում անվճար դեղորայք են ստանում և բաժանում բնակիչներին։ Պայմանագիր ունեն նաև Վարդենիս քաղաքի դեղատներից մեկի հետ, որտեղից հաշմանդամության կարգ ունեցող շահառուները անվճար կամ զեղչված արժեքներով բուժհիմնարկների տրամադրած դեղատոմսով դեղեր են ստանում։

Լուսինե Ռոստոմյանն ասում է, որ մշտական կապի մեջ է 6 բնակավայրերի բուժքույրերի հետ։ Բժշկուհին տնայցեր է կազմակերպում բնակավայրերում։  «Բժշկական կենտրոն այցելությունները համակարգում ենք, մանավանդ պատվաստումների օրերին, ամեն բնակավայրի համար մի ժամ ենք սահմանում, որ խառնաշփոթ չստացվի»,- ասում է Լուսինե Ռոստոմյանը։

Առաջնային առողջության պահպանման կենտրոն ՊՈԱԿ-ում հաշվառված է 3140  հոգի, որոնք ապրում են խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում։

Չնայած նրան, որ բնակավայրերի մեծ մասի բուժկետերը վերանորոգվել են, միևնույն է, դրանց մի մասը բացվում է միայն այն ժամանակ, երբ բնակիչներից որևէ մեկին դեղորայք կամ առաջին օգնություն է անհրաժեշտ։ Այդպես էր նաև Կախակնում։ Ինչպես նշել էինք, Գեղամասար խոշորացված համայնքի կազմում գտնվող բնակավայրերը սպասարկվում են 3  բուժհիմնարկների կողմից։

Կախակնի բուժկետը գործում է «Մեծ Մասրիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ի ենթակայությամբ։ Մեր այցելության ժամանակ բուժկետը փակ էր։ Սպասարկող բուժքույրը գնացել էր Վարդենիս։ Բնակիչները հայտնեցին, որ հիմնականում բուժկետը փակ է լինում, բացվում է այն ժամանակ, երբ կենտրոնից՝ Մեծ Մասրիկից բժիշկը գալիս է կամ էլ երբ ինչ-որ հարցով դիմում են։

Կախակնի վարչական ղեկավար Աշոտ Վաթյանն ասաց, որ բնակիչները հազվադեպ են բուժկետ դիմում, հիմնականում օգտվում են «Մեծ Մասրիկի առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ից։ Բուժկետը վերջին անգամ վերանորոգվել է 2004-ին։

Գլխավոր լուսանկարում Արփունք գյուղական բնակավայրի բուժքույր Սաթենիկ Հովհաննսիյանը

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter