Դատարանը քննում է Կարեն Խաչատրյանի նկատմամբ ընտրված կալանքի հիմնավորվածության հարցը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, այսօր սկսվեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավորվածության վերաբերյալ դատական նիստը։ Կարեն Խաչատրյանը բերվել է դատարան և մանակցում է գործի քննությանը։
Կարեն Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, 2008 թվականի հուլիսի 1-ից մինչև 2014թ. մարտի 12-ը, զբաղեցնելով Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հատուկ բաժնի պետի, իսկ 2014թ. մարտի 12-ից մինչև 2014թ. մայիսի 23-ը՝ պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնները, այնուհետև՝ 2014թ. մայիսի 23-ից մինչև 2016թ. հոկտեմբերի 21-ը՝ ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և լինելով պաշտոնատար անձ, անձնական և խմբային շահերից ելնելով և նախնական համաձայնության գալով իր ազգական, 2008թ. հունիսի 4-ից մինչև 2008թ. օգոստոսի 20-ը Մաքսային պետական կոմիտեի նախագահ, այնուհետև՝ 2008թ. օգոստոսի 20-ից մինչև 2014թ. ապրիլի 26-ը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, իսկ 2014թ. ապրիլի 26-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ը՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ, հաստատապես տեղեկացված լինելով իր ղեկավարած ստորաբաժանման օպերատիվ աշխատակիցների՝ մաքսային տեսուչներ Տիգրան Գնունու Մամիկոնյանի, Կարեն Ռաֆայելի Հակոբյանի, Արմեն Աշխարհաբեկի Մկրտչյանի, Վարդան Լորիկի Արշակյանի, Կարեն Վաչիկի Խաչատրյանի և Մկրտիչ Ռոբերտի Վարդանյանի աշխատանքի չհաճախելու, օրենսդրությամբ իրենց վերապահված պարտականությունները չկատարելու և փոխարենը ՀՀ քաղաքացի Արմեն Ավետիսյանի անվտանգության ապահովմամբ, զբաղվելու վերաբերյալ, 2008- 2016թթ. ծառայության շահերին հակառակ պաշտոնեական պարտականությունները դիտավորությամբ չկատարելով, չի ապահովել կարգապահական խախտումների արձանագրումը և համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառումը, ավելին, նույն ժամանակահատվածում մաքսային տեսուչներ Տիգրան Գնունու Մամիկոնյանի, Կարեն Ռաֆայելի Հակոբյանի, Արմեն Աշխարհաբեկի Մկրտչյանի, Վարդան Լորիկի Արշակյանի, Կարեն Վաչիկի Խաչատրյանի և Մկրտիչ Ռոբերտի Վարդանյանի աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքը թաքցնելու անձնական և խմբային շահերից ելնելով, ինչպես նաև չաշխատած օրերի դիմաց աշխատավարձի գումարների դուրսգրման կեղծ հիմքեր ստեղծելու շահադիտական դրդումներից ելնելով, մեկ միասնական դիտավորությամբ, անձամբ ստորագրել է ՀՀ ՊԵԿ իրականացված կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված նշված անձանց պաշտոնի նշանակելու, արձակուրդ տրամադրելու և հատուկ կոչումներ շնորհելու վերաբերյալ առաջարկներ և դիմումներ, հաստատել և վճարման է ներկայացրել ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի N 1471-Ն որոշմամբ սահմանված իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավահարաբերությունների վրա ազդող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող բովանդակությամբ կեղծ՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում նրանց հաճախումների վերաբերյալ տեղեկագրեր, որի արդյունքում իր ղեկավարած ստորաբաժնում հրամանագրված հիշյալ անձանց համար հաշվարկվել, պետական բյուջեից դուրս գրվել և պետական միջոցների հաշվին անհիմն վճարվել է աշխատավարձի գումարներ։
Դատարանը դեռևս գտնվում է գործը դատական քննության նախապատրաստելու փուլում։ Դատարանն այս փուլում, ի թիվս մի քանի այլ հարցերի, պետք է անդրադառնա նաև մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածության հարցին։
Կարեն Խաչատրյանը անազատության մեջ է եղել 2019 թվականի օգոստոսի 27-ից։ Այս մեկ տարվա ընթացքում երկու անգամ առաջին ատյանի դատարանների որոշումներով հայտնվել է ազատության մեջ, ապա այդ որոշումները Վերաքննիչ դատարանը բեկանել է, և Խաչատրյանը նորից հայտնվել է անազատության մեջ։
Նիստը շարունակվում է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել