HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքահայ չորս երիտասարդ, «իԳործ» ծրագրի շրջանակներում, աշխատանքի կանցնեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ընդունել է «իԳործ» ծրագրի ներկայացուցիչներին։ 

«Ուզում եմ ողջունել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» նախաձեռնությունը, որի մեկնարկը տրվում է հենց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Շատ ուրախ եմ այս փաստը արձանագրել, որովհետև վստահ եմ՝ սա կարևոր փորձառություն է լինելու՝ միմյանցից սովորելու իմաստով»,- ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:

Նշենք, որ «իԳործ» ծրագիրը հնարավորություն է տալիս սփյուռքի մասնագետներին աշխատել ՀՀ պետական մարմիններում՝ ներդնելով սեփական փորձն ու գիտելիքները՝ համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում:

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝  ծրագրի առաջին չորս մասնակիցները հաջորդ մեկ տարվա ընթացքում կաշխատեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների վարչությունում՝ աջակցելով կանանց, երեխաների հիմնահարցերի ոլորտում իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին:

Ծրագրի մասնակիցների հետ զրույցի ընթացքում Զարուհի Բաթոյանը ներկայացրել է նախարարության հիմնական առաջնահերթությունները՝ աղքատության հաղթահարման մոդելից, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքից՝ մինչև հաշմանդամություն ունեցող անձանց ապաինստիտուցիոնալացում.

«Ուզում եմ ասել, որ մեր ոլորտը շատ բարդ է, բայց այն նաև ամենամարդակենտրոնն է, և ձեր աշխատանքում գրանցված յուրաքանչյուր արդյունք ձեզ, վստահաբար, մեծ բավականություն է պատճառելու, որովհետև անդրադառնալու է մարդկանց կյանքի որակի բարելավման վրա: Ուզում եմ նաև խորհուրդ տալ, որ չվախենաք դժվարություններից, այլ ընդունեք դրանք որպես մարտահրավերներ, որոնց հաղթահարում ձեզ համար լավագույն փորձառությունը կարող է դառնալ»,- ասել է Զարուհի Բաթոյանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանն իր հերթին նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում սփյուռքահայ երիտասարդների աշխատանքի մեկնարկով, ըստ էության, շոշափելի է դառնում դեռ վեց ամիս առաջ երազային թվացող նախաձեռնությունը.

«Շատ ուրախ ենք, որ հենց այս նախարարությունից է սկսվում մեր մասնակիցների մեկնարկը: Մինչև տարեվերջ ծրագրի 100 մասնակից աշխատանքի կանցնի Հայաստանի պետական համակարգի տարբեր կառույցներում: Մեզ համար սա, իրոք, պատմական օր է»,- ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարը:

Լիբանանից, Ֆրանսիայից և Ռուսաստանից ժամանած երիտասարդներն արդեն վաղը կանցնեն աշխատանքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter