
21 շտապ բժշկական օգնության ավտոմեքենա կնվիրաբերվի մարզերի բժշկական կազմակերպություններին
2020 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարի շրջանակներում ձեռք բերված թվով 21 գծային տեսակի շտապ բժշկական օգնության ավտոմեքենաները և դրանք հագեցնելու նպատակով ձեռք բերված բժշկական սարքավորումները և պարագաները կնվիրաբերվեն մարզերում գործող բժշկական կազմակերպություններին։ Այս մասին կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում զեկուցեց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը։
«Առաջնային համարելով մարզերում շտապօգնության ծառայության համաչափ զարգացումը, հիմք ընդունելով նաև կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ Առողջապահության նախարարությունն իր առաջնահերթ խնդիրներից է համարում մարզերում գործող շտապ օգնության ծառայությունների նյութատեխնիկական բազայի բարելավումը, մարզային ազգաբնակչության համար շտապօգնության ծառայության մատչելիության ապահովումը և հեռավոր գյուղական բնակավայրերի բնակչությանը սպասարկող շտապ բժշկական օգնության ծառայությունները տեղանքի ռելիեֆին համապատասխանող, ամենագնաց և բարձր անցողունակություն ունեցող անհետաձգելի բուժօգնության համար նախատեսված տրանսպորտային միջոցներով ապահովումը»,- հայտնեց Անահիտ Ավանեսյանը։
Այդ նպատակով Առողջապահության նախարարությունը պետական բյուջեի շրջանակներում ձեռք է բերել 21 ՈւԱԶ տեսակի ամենագաց շտապօգնության ավտոմեքենա, որոնք նաև հագեցվել են շտապ և անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և պարագաներով։
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ շտապ օգնության ծառայությունը հիմնականում գործում է բժշկական կենտրոնների կառուցվածքում, ձեռքբերված մեքենաները և սարքերը նվիրաբերությամբ կտրամադրվեն ընտրված մարզային բժշկական կենտրոններին՝ որպես նվիրաբերության պայման սահմանելով դրանց օգտագործումը բացառապես բժշկական օգնության ծառայությունների մատուցման նպատակով։
Բժշկական կենտրոնների ընտրությունը կատարվել է մարզպետարանների ներկայացրած կարիքների հիման վրա՝ յուրաքանչյուր անգամ առաջնորդվելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող ազգաբնակչության քանակով, առկա մեքենաների տեխնիկական վիճակի գնահատմամբ և հագեցվածության աստիճանով, սպասարկվող բնակավայրի աշխարհագրական դիրքով։
Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ մեքենաները մարզային բժշկական կազմակերություններին բաշխվելու են հետևյալ կերպ.
- Արարատի մարզ, «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,
- Վայոց ձորի մարզ, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,
- Կոտայքի մարզ, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,
- Արագածոտնի մարզ, «Ծաղկահովիտի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,
- Լոռու մարզ` «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
- Շիրակի մարզ` «Արթիկի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ` 1 հատ, «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
- Գեղարքունիքի մարզ` «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ` 1 հատ, «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
- Սյունիքի մարզ` «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,
- Տավուշի մարզ` «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Այգեձորի առողջության կենտրոն» ՊՈԱԿ` 1 հատ, «Արծվաբերդի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ:
Մեկնաբանել