HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Աստղաձորի հողը դարձել է Հակոբ Հակոբյանի որդու, ապա Կարեն Կարապետյանի որդու և փեսայի ՍՊԸ–ների սեփականությունը

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի 15 հա հողը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդուն՝ «Արփա-Սևան» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Պարույր Հակոբյանին օտարելու գործարքներում ո՛չ իրավապահները, ո՛չ էլ դատարանները խնդիրներ չեն տեսնում։ Հողի սեփականատեր դառնալուց հետո Պարույր Հակոբյանը դրանք օտարել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդուն և փեսային պատկանող ընկերություններին։

Ուսումնասիրելով Աստղաձոր համայնքի ղեկավարի և ավագանու որոշումները, վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունը, ոստիկանության Մարտունու բաժնի քրեական գործի հարուցումը մերժելու, դրանից հետո Գեղարքունիքի դատախազության, ապա` առաջին, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների որոշումները՝ ներկայացնում ենք, թե ինչպես է քաղաքացու հաղորդումն անհետևանք մնացել։

Աստղաձոր համայնքի ավագանին 2016 թ,-ի ապրիլի 27-ին որոշել է հավանություն տալ համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանի առաջարկությանը և համայնքային սեփականություն համարվող 17 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության տրամադրել։ Վարձավճարը սահմանվել է տարեկան ընդամենը 55 հազար դրամ։ Այս որոշումից հետո համայնքապետարանում աճուրդ է կազմակերպվել, որտեղ հաղթող է ճանաչվել Պարույր Հակոբի Հակոբյանը։ Համայնքի ղեկավարը հունիսի 21-ին  որոշել է Պարույր Հակոբյանի հետ 25 տարի ժամկետով կնքել վարձակալության պայմանագիր։ Այդ հողամասը Մարտունու նախկին օդանավակայանի տարածքի մի մասն է, որի մասին «Հետք»-ը գրել է 2017թ.-ին։

Նույն տարվա դեկտեմբերի 15-ին Պարույր Հակոբյանը դիմել է համայնքի ղեկավարին՝ խնդրելով վարձակալած հողի կատեգորիան փոխել, որպեսզի տարածքում արևային կայաններ տեղադրի։ Աստղաձորի ավագանին 2016 թ.-ի դեկտեմբերի 27-ին հավանության է արժանացրել համայնքի ղեկավարի՝ հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից կապի, տրանսպորտի, էներգետիկայի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի նպատակային նշանակության փոխելու առաջարկությանը։ Ավագանու որոշման մեջ նշվել է․ «Առաջարկել համայնքի ղեկավարին գործընթացը կազմակերպելու համար համապատասխան փաստաթղթերով դիմելու ՀՀ Գեղարքունիքի մարզպետին և համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովին: Գործընթացի ավարտից հետո նախկին վարձակալի հետ կնքել նոր վարձակալության պայմանագիր»: Հողի կատեգորիան փոխելու ընթացքում հողամասի չափերը ճշգրտվել են և դարձել 15․61 հա (մնացած 2 հա-ն պարզվել է, որ Սևան ազգային պարկին է պատկանում)։

Այս ամենին պետք է հաջորդեր նոր վարձակալության պայմանագրի կնքումը, որը պարտադիր պայման էր սահմանել ավագանին։ Դրա փոխարեն Աստղաձորի ավագանին 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ին որոշել է 15.61 հա մակերեսով էներգետիկայի գործառնական նշանակության հողը օտարել երկրորդ աճուրդ-վաճառքի միջոցով: Աճուրդում հողամասի մեկնարկային գինը սահմանվել է հողամասի կադաստրային արժեքի 50 % չափով՝ 17 միլիոն 327 հազար 100 դրամ։ Պարույր Հակոբյանը, դառնալով հողի սեփականատեր, այն բաժանել է երկու մասի։ Համայնքի ղեկավարի որոշմամբ` 8 հա հողակտորը ստացել է Գետափնյա փողոց թիվ 1, իսկ 7.61 հա-ն՝ Գետափնյա փողոց թիվ 1/1 հասցեներ։

Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանի նախկին խորհրդական Վարդան Գրիգորյանը, վերը նկարագրված փաստերը վկայակոչելով, 2018 թ.-ի հուլիսի 30-ին գրավոր դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդ գրությունը վարչապետի աշխատակազմից ուղարկվել է Գեղարքունիքի մարզի դատախազություն, որտեղից էլ գրության մեջ տեղ գտած հանգամանքները ստուգելու համար ուղարկվել է ոստիկանության Մարտունու բաժին։ Սկզբում նյութեր են նախապատրաստվել, սակայն քրեական գործի հարուցումը մերժել են։ Գեղարքունիքի մարզի դատախազությունը չի վերացրել ոստիկանության որոշումը, որից հետո Վարդան Գրիգորյանի բողոքները նույն ճակատագրին են արժանացել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի կողմից, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել։

«Հետք»-ի հետ զրույցում Վարդան Գրիգորյանն ասաց, որ հողը վարձակալության տրամադրելու աճուրդին Պարույր Հակոբյանից բացի մասնակցել է 3 այլ անձ, որոնց վերաբերյալ տեղեկությունները իրավապահները չեն փորձել պարզել։ Մասնակիցներից մեկը եղել է Աստղաձոր համայնքի բնակիչ Նորիկ Խաչատրյանը, որը համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանի շրջապատից է, մյուսը՝ Զոլաքար համայնքից, իսկ երրորդը՝ Ծովինար համայնքի ղեկավար Մհեր Մարտոյանի վարորդն է, իսկ Մարտոյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի մորաքրոջ որդին է։

«Ծովինար, Զոլաքար և Աստղաձոր համայնքի ղեկավարները Հակոբ Հակոբյանի աջ թևերն են։ Ամեն մեկն իր մարդուն է ներկայացրել աճուրդում։ Քննիչը չի պարզաբանում, չի գրում, չի ճշտում, թե աճուրդին ովքեր են մասնակցել։ Ստացվում է, որ քննիչը մանրակրկիտ քննություն չի իրականացրել, ո´չ օբյեկտիվ. ո´չ էլ բազմակողմանի։ Ինքը պարտավոր էր այդ մարդկանց ով լինելը ճշտել»,- ասաց Վարդան Գրիգորյանը։ Իսկ հողը օտարելու ժամանակ Պարույր Հակոբյանի հետ աճուրդին մասնակցած անձի անունն անգամ չի պարզվել նյութերը նախապատրաստելիս։

Հողակտորները նոր սեփականատերեր ունեն

Աստղաձորի «Գետափնյա փողոց թիվ 1 հողամաս» հասցեի 8 հա հողակտորը Պարույր Հակոբյանն օտարել է «Բարի Արև» ՍՊԸ-ին։ Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ այս ընկերության 41 % բաժնետոմսերը պատկանում են Հայկ Հարությունյանին, 19%-ը` Տիգրան Կարապետյանին, իսկ 40%-ը` Արմեն Ղարիբյանին։ Տիգրան Կարապետյանը Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին է, իսկ Հայկ Հարությունյանը՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախկին փոխնախարարը, որը նաև Կարեն Կարապետյանի փեսան է։

Պարույր Հակոբյանը հողի սեփականատեր դառնալուց հետո օտարել է նաև Գետափնյա փողոց թիվ 1/1 հողամասը։ 2018 թ.-ի հունվարի 16-ին Կադաստրի կոմիտեում հողի նկատմամբ գրանցվել է «Ա-Ս ԷՆԵՐՋԻ» ՍՊ ընկերության սեփականություն իրավունքը։ Այս ընկերությունը հիմնադրել է նույն Պարույր Հակոբյանը։ Սակայն 2020 թվականի մայիսի 21-ին Հակոբյանն իր 100% բաժնետոմսերը վաճառել է «Նյու էներջի»» ՓԲԸ–ին։ Այս ընկերությունը ևս պատկանում է Տիգրան Կարապետյանին։

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Բոլորիս հայտնի Մաքսիմ Գալկինը վերջերս մի ցնցող աֆորիզմ արտաբերեց՝ ,,խնդիրն այն չէ, որ Ռուսաստանում շատ աղքատներ կան, այլ նրանում է, որ հարուստները ոչ մի կերպ չեն հագենում,,!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter