HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ադրբեջանական ակտիվության և հայկական պասիվության հետևանքը Վրաստանում

Վրաստանի թուրքերի կոնֆեդերացիայի նախագահ Դ. Գյուլմամեդովը հայտարարել է, որ վրաստանաբնակ ադրբեջանցիները մտադիր են ձևավորել Բորչալուի հասարակական խորհրդարան: Գյուլմամեդովի պնդմամբ՝ այդ նպատակով բանակցություններ են վարվել Վրաստանի Քվեմո-Քարթլի տարածաշրջանում գործող ադրբեջանցիների տարբեր հասարակական կառույցների միջև, և ձեռք է բերվել պայմանավորվածություն հիշյալ հասարակական խորհրդարանի ստեղծման վերաբերյալ, որը պետք է համակարգի ադրբեջանական հասարակական կառույցների գործունեությունը:

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ այսպիսի նախաձեռնության ի հայտ գալը պատահական չէ: Ակնհայտորեն, Վրաստանի ադրբեջանցիները փորձում են համախմբվել և միասնական դիրքորոշմամբ հանդես գալ: Պատահական չէ նաև, որ այս քայլը հաջորդեց Մ. Սահակաշվիլու այցին Բաքու, որի ընթացքում, ըստ վրացական մամուլի, Սահակաշվիլին խոստացել է Ալիևին մշակութային ինքնավարություն տալ Քվեմո-Քարթլիի տարածաշրջանում բնակվող ադրբեջանցիներին, եթե վերջիններս խորհրդարանական ընտրություններում քվեարկեն իշխող «Ազգային շարժում» կուսակցության օգտին: Թբիլիսյան «Ալիա» թերթի պնդմամբ, «Ազգային շարժում» կուսակցությունը մտադիր է ադրբեջանցիներով բնակեցված շրջանից ստանալ առնվազն 14 մանդատ:

Այն, որ Բաքու-Թբիլիսի փոխհարաբերությունները տարեցտարի ավելի մտահոգիչ «նրբերանգներ» են ստանում Հայաստանի համար, գաղտնիք չէ: Այդ առումով, ըստ ամենայնի, որոշակի դերակատարություն է վերապահված նաև Վրաստանի ադրբեջանական համայնքին: Սահակաշվիլու նախագահության տարիներին Վրաստանի ադրբեջանցիները բազմաթիվ դժգոհություններ են ունեցել վերջինիս քաղաքականությունից, սակայն պաշտոնական Բաքուն ակտիվ միջամտությամբ մեղմել է այդ դժգոհության արտահայտումը՝ դրանով իսկ որոշակիորեն «պարտավորեցնելով» Սահակաշվիլուն:

Կա նաև երկրորդ հանգամանքը: Խորհրդային շրջանում հայերը Վրաստանի թվակազմով երկրորդ էթնիկ համայնքն էին (շուրջ 500 հազար), իսկ ադրբեջանցիները միայն չորրորդն էին (օսերից հետո): Անցած հետխորհրդային քսան տարիների ընթացքում իրավիճակը փոխվել է, և այսօր ադրբեջանցիները գործնականում երկրորդ համայնքն են թվակազմով, որովհետև արտագաղթի և Աբխազիայի՝ Վրաստանից անջատվելու հետևանքով, հայերի թվակազմը նվազել է գրեթե կրկնակի: Անշուշտ, արտագաղթ եղել է նաև ադրբեջանական համայնքից, սակայն թերևս բնական բարձր աճի հաշվին ադրբեջանցիների թիվը Վրաստանում այսօր պակաս չէ, քան 300 հազարը:

Հաջորդ առավելությունն այն է, որ վրաստանաբնակ ադրբեջանցիների բացարձակ մեծամասնությունը բնակվում է կոմպակտ հենց նույն Քվեմո-Քարթլիի տարածաշրջանում, ինչը հնարավորություն է տալիս ավելի հեշտ կազմակերպվել, այդ թվում՝ ընտրություններում միասնական դիրքորոշում դրսևորելու առումով:

Մինչդեռ հայ համայնքը բաժանված է 3 խոշոր հատվածի (Ջավախք, Թբիլիսի, Աջարիա), և այդ հատվածները, աշխարհագրորեն միմյանցից անջատված լինելով, ընտրությունների ժամանակ նույնպես հատվածային դիրքորոշում են դրսևորում և քվեարկում կոնկրետ շահերից ելնելով: Արդյունքում ստացվում է, որ Վրաստանի իշխանությունների համար ավելի հեշտ է հայկական գործոնին «կողմնորոշելը», ինչը բնականաբար թուլացնում է նրա ազդեցությունը:

Եվ վերջապես, Վրաստանի նախագահի քայլերը ցույց են տալիս, որ վրաստանաբնակ ադրբեջանցիներին ուղղորդելու առումով Բաքվի ազդեցությունն ամենևին էլ երկրորդական չէ: Այդ պատճառով էլ Սահակաշվիլին կարևորում է Ալիևի դիրքորոշումը և փորձում վերջինիս հետ ինչ-որ պայմանավորվածություններ ձևավորել: Նույնը, սակայն, չի արվում Հայաստանի պարագայում, որովհետև բացի նրանից, որ հայ համայնքը ավանդաբար տարաբաժանված է դիրքորոշվում, հատկապես անցած 4 տարիներին Հայաստանն առհասարակ որևէ քաղաքականություն չի ունեցել վրացահայության և հատկապես Ջավախքի հետ կապված:

Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հայ-վրացական «հավերժ բարեկամության» մասին դատարկ կենացներն են, իսկ գործնական հարթությունում չկա ոչ մի ցուցանիշ, որ պաշտոնական Երևանը որևէ կերպ նպաստում է վիրահայության կազմակերպմանը և նրա շահերի պաշտպանությանը Վրաստանում: Եվ հետո հայ պաշտոնյաները (եթե դատենք «Վիքիլիքսի» հրապարակումներից) իրենց արևմտյան գործընկերների հետ առանձնազրույցներում դժգոհում են վրացիների ամբարտավանությունից:

Իսկ ինչո՞ւ պետք է Վրաստանի իշխանություններն իրենց այլ կերպ պահեին, եթե Հայաստանը ոչ միայն ազդեցության որևէ լծակ չի ձևավորում, այլև անգամ չի փորձում նվազագույն կազմակերպական ձև տալ, թեկուզ նույն ընտրություններում հայկական համայնքների միասնական դիրքորոշում մշակելու առումով: Մեր իշխանությունները կիսաձայն և, որպես կանոն, ոչ հրապարակավ միայն դժգոհում են, թե Ադրբեջանը Վրաստանի վրա շատ ավելի մեծ ազդեցություն ունի, առանց սեփական աչքի գերանը տեսնելու:

Երբեմն իշխանական շրջանակներում և մամուլում կարելի է հանդիպել նաև այսպիսի «հակափաստակի», թե ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Լիբանանի, Իրանի և այլ հայկական համայնքները ինքնուրույն կազմակերպված են և աշխատում են ի շահ Հայաստանի, ուստի նույնպիսին պետք է դառնա վիրահայ համայնքը, այսինքն՝ ինքնակազմակերպվի: Բայց սա փաստարկ չէ, այլ սեփական անգործությունը արդարացնելու փորձ: Որովհետև ավանդական սփյուռքի հետ համեմատությունը ամենևին տեղին չէ. այնտեղ համայնքների կազմակերպման տասնամյակներով ձևավորված ավանդույթներ կան:

Բացի դրանից՝ ոչ Ֆրանսիան, ոչ էլ Լիբանանը Հայաստանի անմիջական հարևան պետություններ չեն, մինչդեռ Վրաստանը՝ որպես հարևան երկիր, անվտանգության հիմնախնդիր է Հայաստանի համար ցանկացած դեպքում: Գոնե այս իրողությունը պետք է ստիպեր Հայաստանի իշխանություններին՝ իրենց անհասկանալի (իսկ գուցե՝ այլ շարժառիթներ ունեցող) և Վրաստանի համար շատ նպաստավոր պասիվությանը վերջ դնելու:

Վահան Վարդանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter