HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն ու պատգամավորները փորձում են օրենսդրորեն լուծել պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման հարցը

Կառավարությունն ու խորհրդարանը օրենսդրական նախաձեռնություն են մշակում` փորձելով լուծել հանրային ծառայողների աշխատավարձերի բարձրացման հարցը:

Այս մասին սեպտեմբերի 3-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Քաղաքական մեծամասնության պատգամավորի համոզմամբ` այժմ հանրային ծառայությունը հրապուրիչ չէ, և շատ չէ այն մարդկանց թիվը, որոնք ցանկանում են համալրել պետական ծառայողների շարքերը:

«Որովհետև երբ դու վերացնում ես բոլոր տեսակի կոռուպցիոն ռիսկերը, վերացնում ես սև մեխանիզմները, որոնցով անձը կարողանում է գումար վաստակել, երբ չես կարողանում պրոֆեսիոնալի համար ապահովել այնպիսի աշխատավարձ, որը կմղի նրան հանրային ծառայության, լինելու է այս խնդիրը»,- ասաց նա:

Վարդանյանի խոսքով` պետական ծառայողների ստացած պարգևավճարների, հավելավճարների թեման շատ է քննարկվել։ Ըստ նրա՝ հանրային որակյալ ծառայություններ ստանալու համար անձն արժանապատիվ աշխատավարձ պետք է ստանա: Այս խնդրի լուծման համար Կառավարությունը և խորհրդարանն ակտիվ աշխատում են:

Հիշեցնենք, որ պետական պաշտոնյաների աշխատավարձի հարցին բազմիցս անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով, որ պետք է լինի այնպիսի օրենսդրական լուծում, որ հավելավճարներն ու պարգևավճարները արտացոլված լինեն աշխատավարձում: Սա նշանակում է, որ ամենայն հավանակությամբ փոփոխություններ կլինեն պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում և կբարձրացվեն պաշտոնյաների աշխատավարձի հաշվարկման համար նախատեսված դրույքաչափերը:

Հիշեցնենք, որ ամենաբարձր աշխատավարձ ստացող պաշտոնյան Հանրապետության նախագահն է, նրա աշխատավարձը (հարկերը ներառյալ) 1 միլիոն 322 հազար 400 դրամ է (բազային աշխատավարձը` 66120X20 դրույքաչափի գործակից), պատգամավորների աշխատավարձի դրույքաչափը 10 է, հետևաբար աշխատավարձը 661 հազար 200 դրամ է, որն էլ իր հերթին հարկվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter