
Մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ-ի փոխանցման 7 դեպք
6 ամսվա ընթացքում Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում գրանցվել է մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման 7 դեպք, ինչը վերջին 5 տարվա մեջ աննախադեպ է: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՆ «Ինֆեկցոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը:
«7 դեպքում էլ վարակը տեղի է ունեցել 2019 թվականին և ավելի վաղ ժամանակահատվածում: Ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է և փորձում է հասկանալ, թե ինչ պատճառով է այդ 7 դեպքը տեղի ունեցել , և ինչ պատճառով են նախկինում նման դեպքերը բաց թողնվել: Այս տարվա ախտորոշված երեխաներից 3-ը 1 տարեկան են, այսինքն՝ ծննդաբերությունն եղել է 2019 թվականին, հղիությունն եղել է 2018-2019 թվականների ընթացքում, 2 տարեկանը լրացած՝ 1 հոգի, 3 տարեկան լրացած՝ 2 հոգի, 5 տարեկան՝ 1 հոգի»,- հայտնեց Հովհաննես Մադոյանը:
Մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ՄԻԱՎ-ի 60.000 հետազոտություն է կատարվել:
«Ցավոք սրտի, մինչև հիմա շատ են դեպքեր, երբ մարդիկ ուշ են ախտորոշվում, և ախտորոշվում են այն փուլում, երբ օգնելն արդեն գրեթե անհնար է լինում: Այս 7 ամսվա ընթացքում 35 մահվան դեպք ենք ունեցել: Երեխաների մեջ մահվան դեպք չունենք»,- հավելեց կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:
Անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանը ՄԱԿ-ի կողմից մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրների շարքում օրինակելի երկիր էր համարվում՝ Մադոյանը նշեց, որ Հայաստանը համարվել է օրինակելի երկիր որոշակի նվաճումների շնորհիվ: Այս պահին ԱՀԿ-ն դիտարկում է 2018 թվականին ախտորոշված մորից երեխային փոխանցված դեպքերը: Երկիրը պետք է բացատրություն տա յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ, թե արդյոք դա հավանական թվի մեջ է մտնում, թե երկրի ծառայությունները լիարժեք չեն եղել: Դեռ ԱՀԿ-ն իր որոշումը չի կայացրել: Եթե կազմակերպչական խնդիրներ են եղել, ապա երկիրը պարտավորվում է դա վերացնել:
Գրանցման առաջին օրվանից մինչև օգոստոսի 31-ը գրանցվել է 4039 ՄԻԱՎ վարակի դեպք, որոնցից 2801-ը տղամարդկանց մոտ, 1238-ը՝ կանանց: Այս տարվա ընթացքում հունվարի 1-ից գրանցվել է 249 դեպք, ըստ կանխատեսումների մինչև 2020 թվականի ավարտ դեպքերի թիվը կհասնի 400-450-ի:
Հովհաննես Մադոյանի խոսքով՝ դեպքերը նվազել էին այս տարվա մարտի կեսերից ապրիլի վերջ, երբ կորոնավիրուսի հետ կապված գործում էին սահմանափակումներ, և բուժհաստատություններ պլանային այցելություններ գրեթե չէին կատարվում մարդկանց կողմից, հիմա դիմելությունն ավելացել է:
Լուսանկարը՝ Արմենպրեսի
Մեկնաբանել