Էդգար Մալաքյանը մեկ ամսով կալանավորվել է, Գոռ Մալաքյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, քիչ առաջ մասնակի բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Մալաքյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։ Նշենք, որ Քնչական կոմիտեն դատարան միջնորդություն էր ներկայացրել Էդգար Մալաքյանին երկու ամիս ժամկետով կալանավորելու վերաբերյալ, սակայն դատարանը նրան մեկ ամիս ժամկետով կալանավորելու որոշում է կայացրել։ Դատարանը քննել է նաև Էդգար Մալաքյանին ձերբակալելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը։ Գոռ Միքայելյանն ասաց, որ դատավոր Հարություն Մանուկյանն իր պաշտպանյալին ձերբակալելու որոշումը ոչ իրավաչափ է ճանաչել։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավորի՝ Դավիթ Հարությունյանի վարույթում այսօր քննվել է Էդգար Մալաքյանի եղբոր՝ Գոռ Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Միքայելյանն ասաց, որ դատավորը որոշում կայացնելու համար հեռացել է խորհրդակցական սենյակ։
Նշենք, որ Մալաքյան եղբայրները մեղադրվում են օգոստոսի 30 -ին Կասկադում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով։ Մեղադրանքի էությունն, ըստ Գոռ Միքայելյանի, այն է, որ Մալաքյան եղբայրներն, իբր, բռնություն են գործադրել ՃՈ աշխատակիցների նկատմամբ, հետո կատարել են խուլիգանություն, որի ընթացքում ծեծի են ենթարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչներին, այնուհետև ծեծել են օգնության ժամանած ՃՈ աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցներին։
Այսօր Մալաքյան եղբայրները դատարանում էին, նրանց դեմքերին առկա էին վնասվածքներ։
Պաշտպանն ավելի վաղ հրապարակել է եղբայրների վնասված դեմքով լուսանկարներից մի քանիսը՝ հորդորելով դատել, թե ովքեր են ծեծի ենթարկողներն ու ովքեր՝ ծեծի ենթարկվածները։
Նշենք, որ Մալաքյան եղբայրների խափանման միջոցի գործով դատական նիստերի ընթացքում դատարանի դիմաց հավաքվել էին նրանց ֆուտբոլիստ ընկերները։
Լուսանկարում՝ ձախից՝ Գոռ Մալաքյանը, աջից՝ Էդգար Մալաքյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել