HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը քննարկում է կարանտին սահմանելու նախագծերի փաթեթը. ինչ սահմանափակումներ ու տուգանքներ են սահմանված

Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և հարակից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որը հնարավորություն է տալու չերկարաձգել արտակարգ դրության ժամկետը: Նախագծերի փաթեթը ներկայացրեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Փոխնախարարի խոսքով` փաթեթն ուղղված է ապահովել անհրաժեշտ օրենսդրական գործիքակազմ, որը հնարավորություն կտա կիրառել որոշակի սահմանափակումներ վարակիչ հիվանդությունների տարածումների, բռնկումների, համաճարակի պայմաններում կարանտին սահմանելու համար:

Կարանտինը վարակիչ հիվանդությունների բռնկումները, համաճարակները տեղայնացնող, վերացնող, վարակի օջախները մեկուսացնող և վարակի հետագա տարածումը, վարակիչ հիվանդությունների ներթափանցումը կանխող ռեժիմ է, որը կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում: Կարանտին սահմանելու մասին որոշումը կարող է կայացնել Կառավարությունը` Հանրապետության ամբողջ տարածքում կամ պետական սահմանի անցման կետում կամ համաճարակի գոտին երկու կամ ավելի մարզ ներառելու դեպքում: Կարանտին սահմանելու լիազորությամբ կարող է օժտվել նաև մարզպետը, Երևանի քաղաքապետը: Ըստ փոխնախարարի` իրավասու մարմինները պետք է ունենան հնարավորություն օպերատիվ կերպով արձագանքելու համաճարակային բռնկումներին, օրինակ՝ եթե որևէ մանկապարտեզում բռնկում լինի, ինչքանով է նպատակահարմար այն Կառավարության որոշման դաշտ տանել և այդ հարցի օպերատիվությունը կորցնել:

Կարանտին սահմանելու դեպքում կարող են կիրառվել հետեւյալ սահմանափակող միջոցառումները`

1) համաճարակի (կարանտինային) գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում:

2) «Պետական սահմանի մասին» օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում.

3) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ.

4) օբսերվացիա.

5) ինքնամեկուսացում.

6) մեկուսացում:

Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով` առաջարկվող փաթեթը հիմնականում պահպանել է այժմ կիրառվող սահմանափակումների որոշ հատվածը, իսկ էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով անձանց գտվելու վայրի տեղորոշում չի կիրառվելու, մինչ այժմ հավաքագրված տվյալները ոչնչացվելու են: Տնտեսական գործունեության դադարեցման հնարավորություն նախատեսված չէ, սակայն կարող են կիրառվել որոշ սահմանափակումներ, երբ որևէ իրավաբական անձ դառնա վարակի աղբյուր: Նման իրավիճակում հնարավոր է կարանտին սահմանել նաև այդ հատվածում:

Կարանտինի դեպքում կիրառվող սահմանափակումների խախտումը կարող է առաջացնել վարչական պատասխանատվություն: Կարանտինային գոտի մուտքի և ելքի հատուկ ռեժիմը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով (50000-70000 դրամ):

Կարանտինի ընթացքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով (10000 դրամ):

Կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գործունեության սահմանափակումները խախտելն  առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով (100000-300000 դրամ): Նույն արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով (150000-500000 դրամ):

Կարանտինի ընթացքում հավաքներ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով (50000-250000 դրամ):

Կարանտինի ընթացքում հավաքներիn մասնակցելու սահմանափակումները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով` 10000  դրամ:

Կարանտինի ընթացքում հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները և արգելքները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով (50000-100000 դրամ):

Կարանտինի ընթացքում կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների սահմանափակումները խախտելը, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով (50000-100000 դրամ):

Կարանտինի ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուահարյուրապատիկի չափով (50000-200000 դրամ):

Կարանտինի ընթացքում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով (10000 դրամ):

Կարանտինի ընթացքում կրթական հաստատությունների կողմից սահմանված միջոցառումները և սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով (50000-100000 դրամ):

Կառավարությունը մտադիր է նախագծերի` երկու ընթերցմամբ ընդունվելուց հետո կիրառել կարանտինային ռեժիմ: Կարանտինը սահմանվում է մինչև վեց ամիս ժամկետով: Սահմանված ժամկետում կարանտին սահմանելու հիմքերը չվերանալու դեպքում այն կարող է երկարաձգվել մինչև 6 ամիս ժամկետով` պահպանելով կարանտին սահմանելու օրենքով սահմանված կարգը:

Ըստ նախագծի` ինքնամեկուսացումը կասկածելի, կոնտակտավոր անձանց, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների առանձնացումն է իր մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում` որոշակի ժամանակահատվածում այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: Ինքնամեկուսացման ենթակա յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ինքնամեկուսացման պատճառների, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի և իր պարտականությունների մասին:

Ինքնամեկուսացման հրահանգը տրվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կամ Տեսչական մարմնի անունից` համապատասխան մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի բանավոր կարգադրությամբ, իսկ հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է գրավոր ձեւակերպման ոչ ուշ, քան պահանջն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Մեկուսացումը կասկածելի, կոնտակտավոր անձանց, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների առանձնացումն է լիազոր մարմնի որոշմամբ նախատեսված վայրում` որոշակի ժամանակահատվածով այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

Մեկուսացման ենթակա յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է մեկուսացման պատճառների, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի և իր պարտականությունների մասին: Մեկուսացման ենթարկված անձի պահանջով մեկուսացում կիրառող մարմինը պարտավոր է անձի մեկուսացման մասին անհապաղ տեղեկացնել նրա ընտրած անձին: Մեկուսացման հրահանգը տրվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կամ Տեսչական մարմնի անունից` համապատասխան մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի գրավոր հրահանգով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter