ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հայտնաբերել է մոտ 0,5 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Մեղրիի մաքսակետում Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարի վարորդի խցիկից հայտնաբերվել է ավելի քան 0,5 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի շագանակագույն զանգված՝ միախառնված կոնֆետների հետ։
ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ նույն օրը որոշում է կայացվել Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ոստիկանության Մեղրիի բաժնի աշխատակիցների հետ համատեղ անցկացնել «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառում` թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող այլ անձի կամ անձանց հայտնաբերելու, ինչպես նաև հիշյալ թմրամիջոցները Հայաստան ներմուծելու դեպքին առնչվող այլ փաստեր և հանգամանքներ պարզելու նպատակով:
«Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Մեղրիի բաժանմունք բերման են ենթարկվել թմրամիջոցը ստացած՝ ՀՀ քաղաքացիներ Հ.Գ.-ն և Վ.Թ.-ն, ինչպես նաև թմրամիջոցը Հայաստան ներմուծած քաղաքացի՝ Ս.Ա.-ն:
Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում քաղաքացի Հ.Գ.-ն կալանավորվել է», - նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել