
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց կարանտինային ռեժիմ սահմանելու նախագծերի փաթեթը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և հարակից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որը հնարավորություն է տալու չերկարաձգել արտակարգ դրության ժամկետը: Փաթեթն ընդունվեց 70 կողմ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Մինչ քվեարկությունը Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք կատարվել են առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ: Շեշտվել է, որ իմունականխարգելումը չի կարող իրականացվել առանց անձի համաձայնության, մի շարք հասկացություններ հստակեցվել են` կասկածելի անձինք փոխարինվել է հնարավոր վարակակիր հասկացությամբ: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում հնարավորություն է տրվելու առանց արտակարգ դրության ժամկետը երկարացնելու հայտարարել կարանտին:
Կարանտինը վարակիչ հիվանդությունների բռնկումները, համաճարակները տեղայնացնող, վերացնող, վարակի օջախները մեկուսացնող և վարակի հետագա տարածումը, վարակիչ հիվանդությունների ներթափանցումը կանխող ռեժիմ է, որը կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում: Կարանտին սահմանելու մասին որոշումը կարող է կայացնել Կառավարությունը` Հանրապետության ամբողջ տարածքում կամ պետական սահմանի անցման կետում կամ համաճարակի գոտին երկու կամ ավելի մարզ ներառելու դեպքում: Կարանտին սահմանելու լիազորությամբ կարող է օժտվել նաև մարզպետը, Երևանի քաղաքապետը: Կարանտին սահմանելու դեպքում կարող են կիրառվել հետևյալ սահմանափակող միջոցառումները`
1) Համաճարակի (կարանտինային) գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում:
2) «Պետական սահմանի մասին» օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում.
3) Անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ.
4) օբսերվացիա.
5) ինքնամեկուսացում.
6) մեկուսացում:
Կարանտինի դեպքում կիրառվող սահմանափակումների խախտումը կարող է առաջացնել վարչական պատասխանատվություն: Կարանտինային գոտի մուտքի և ելքի հատուկ ռեժիմը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով (50000-70000 դրամ):
Կարանտինի ընթացքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով (10000 դրամ):
Կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գործունեության սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով (100000-300000 դրամ): Նույն արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով (150000-500000 դրամ):
Կարանտինի ընթացքում հավաքներ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով (50000-250000 դրամ):
Կարանտինի ընթացքում հավաքներիn մասնակցելու սահմանափակումները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով` 10000 դրամ:
Կարանտինի ընթացքում հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները և արգելքները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով (50000-100000 դրամ):
Կարանտինի ընթացքում կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների սահմանափակումները խախտելը, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով (50000-100000 դրամ):
Կարանտինի ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուահարյուրապատիկի չափով (50000-200000 դրամ):
Կարանտինի ընթացքում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով (10000 դրամ):
Կարանտինի ընթացքում կրթական հաստատությունների կողմից սահմանված միջոցառումները և սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով (50000-100000 դրամ):
Կարանտինը սահմանվում է մինչև վեց ամիս ժամկետով: Սահմանված ժամկետում կարանտին սահմանելու հիմքերը չվերանալու դեպքում այն կարող է երկարաձգվել մինչև 6 ամիս ժամկետով` պահպանելով կարանտին սահմանելու օրենքով սահմանված կարգը:
Մեկնաբանել