HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացի վետերանը ծրագրեր ուներ նաեւ ՀՀ-ում. ԱՄՆ դեսպանությունը տեղյակ չէ

ԱՄՆ-ում Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող նախկին զինվորականին պատկանող ամերիկյան ընկերությունը, ըստ համացանցում առկա տեղեկությունների, պետք է ներգրավվեր հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ծրագրերից մեկում, սակայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը «Հետքին» հայտնել է, թե իրենք նման ծրագրի մասին որեւէ տեղեկություն չունեն:  

Օգոստոսի 21-ին ԱՄՆ Վիրջինիա նահանգի Գեյնսվիլ (Gainesville) բնակավայրի իր տանը իրավապահների կողմից ձերբակալվել է ամերիկյան բանակի հատուկ նշանակության ուժերի («կանաչ բերետներ») նախկին զինծառայող, 45-ամյա Փիթեր Ռաֆայել Ձիբինսկի Դեբինսը (Peter Rafael Dzibinski Debbins): Վիրջինիայի արեւելյան շրջանի դատախազությունը հայտնել է, որ Դեբինսը մեղադրվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեջ, նրան սպառնում է մինչեւ ցմահ ազատազրկում:

«BBC»-ի փոխանցմամբ՝ մեղադրանքում նշվել է, որ Դեբինսը դեռեւս 1996 թ. իր ծառայություններն է առաջարկել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչությանը՝ հայտարարելով, թե իրեն համարում է «Ռուսաստանի որդի» եւ պատրաստ է ծառայել վերջինիս: «Դեբինսը վստահ էր, որ ԱՄՆ-ն չափազանց գերիշխող դիրք ունի աշխարհում, եւ դրա ազդեցությունը պետք է սահմանափակել»,- հայտարարել է դատախազությունը: Համագործակցությունը շարունակվել է մինչեւ 2011 թ.:

«The Washington Post»-ը, հղում անելով դատախազությանը, նշել է, որ Դեբինսը հետաքննության շրջանակներում դեռ 2019-ին է խոստովանել իր մեղքը, սակայն դատախազությունը չի շտապել նրան ձերբակալել, քանի որ անհրաժեշտ է եղել հաստատել նախկին զինվորականի տված խոստովանության բովանդակության իսկությունը:

Համաձայն մեղադրանքի՝ Դեբինսը ՌԴ ներկայացուցիչների հետ կապ է պահել 1996-ից, երբ Մինեսոտայի համալսարանի ուսանող էր, ինչպես նաեւ որպես պահեստազորի սպաների պատրաստման կորպուսի (պահեստազորի սպաներ պատրաստելու ամերիկյան համակարգ է) անդամ սովորում էր Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում: Այստեղ էլ, ըստ մեղադրանքի, երիտասարդը հանդիպել է ապագա կնոջը, ում հայրը ՌԴ օդուժի գնդապետ էր:

1997-ին, ըստ ամերիկյան դատախազության, Դեբինսը ռուսական ռազմական հետախուզության հետ համագործակցության պարտավորագիր է ստորագրել՝ ստանալով Իկար Լեսնիկով կեղծանունը:

Փիթեր Դեբինսն ամերիկյան գործող բանակում ծառայել է 1998-2005 թթ.: Նախ եղել է քիմիական, կենսաբանական, ռադիացիոն եւ միջուկային զենքի սպա (ծառայել է Հարավային Կորեայում), իսկ հետո միացել է «կանաչ բերետներին», որոնց կազմում եղել է Ադրբեջանում ու Վրաստանում: Մարտերի չի մասնակցել: Ըստ ամերիկյան դատախազության՝ նախկին «կանաչ բերետը» ռուսական կողմին տրամադրել է տվյալներ իր հատուկ ստորաբաժանման անձնակազմի ու նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում դրա գործունեության մասին, հաղորդել ԱՄՆ հակահետախուզության ծառայողների անուններ, տվել նաեւ ծառայակից ընկերոջ անունը՝ մտածելով, որ նրան Ռուսաստանն աշխատանքի կընդունի: Ըստ դատախազության՝ Դեբինսը նախապես հրաժարվել է ծառայության՝ լրտեսական ինֆորմացիայի մատուցման դիմաց գումար վերցնել ռուսներից, սակայն հետո համաձայնել է ոչ մեծ վարձատրության՝ 1000 դոլար գումար, մի շիշ կոնյակ եւ ռուսական զինվորական համազգեստ: Դեբինսը հայտնել է, թե ռուսներն իրեն նաեւ մարմնավաճառներ են առաջարկել, սակայն ինքը հրաժարվել է:

Անվտանգության ամերիկյան համակարգին ունեցած նրա հասանելիությունը խախտում կատարելու հետեւանքով կասեցվել է 2004-ին, երբ Դեբինսն ամերիկյան «կանաչ բերետների» կազմում գործուղման մեջ էր Ադրբեջանում: Գործող բանակից դուրս գալուց հետո նա կարիերան շարունակել է մասնավոր սեկտորում, ինչը, սակայն, ըստ մեղադրանքի, ռուսական ուժայինների կամքին հակառակ է եղել. վերջիններս ցանկացել են, որ Դեբինսը մնա ԱՄՆ կառավարական համակարգում: Եվ չնայած վետերանի վերաբերյալ ամերիկյան կողմը մտահոգություններ է ունեցել Ադրբեջանում տեղի ունեցած միջադեպի, Ռուսաստանի հետ գործնական կապերի եւ ՌԴ բանակի ներկայացուցիչ աներ ունենալու պատճառով, նախկին «կանաչ բերետը» 2010-ին ԱՄՆ ռազմական հետախուզության միջոցով կրկին գերգաղտնի ինֆորմացիայի հասանելիություն է ստացել:    

Ամերիկյան բանակի վետերանը դասավանդել է նաեւ Ֆորտ Միդի ռազմական հետախուզության ակադեմիայում, հրահանգիչ աշխատել ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության եւ ՆԱՏՕ-ի կազմում:

2011-ից հետո Փիթեր Դեբինսի եւ ռուսական կողմի կապի մասին որեւէ հիշատակում չկա ամերիկյան դատախազության մեղադրանքում: Փոխարենը նշվել է, որ ՌԴ գլխավոր հետախուզական վարչությունը 2012-ին Դեբինսի հարցով դիմել է նրա գնդապետ աներոջը:  

Ի՞նչ առնչություն ունի Դեբինսը Հայաստանի հետ

2013-ին Փիթեր Դեբինսը եւ նրա գործընկեր, ԱՄՆ ծովային հետախուզության վետերան Մայքլ Հենսենը (Michael P. Hansen) հիմնադրել են «Horizon Leadership Group» (HLG) ընկերությունը, որը տարբեր ծառայություններ է մատուցում գործընկերներին: Մասնավորապես՝ «HLG»-ն տարբեր բնույթի եւ ծավալի վերպատրաստման կուրսեր է առաջարկում հետախուզության ոլորտում՝ վերլուծական միտք, կիբեռգործողություններ, հետախուզություն, հիբրիդային պատերազմներ:

«HLG»-ի գործընկերներից մեկը՝ Կիեւում գործող «Կոնկորդիա» ուկրաինաամերիկյան համալսարանը, իր պաշտոնական կայքում ներկայացնելով ամերիկյան ընկերության հետ համագործակցությունը եւ «HLG»-ի ընդհանուր գործունեությունը, նշում է, որ վերջինիս գալիք նախագծերից է Հայաստանում ռազմավարական ուսումնական կենտրոնի (Strategic Training Center) հիմնումը Կանզասի ազգային գվարդիայի եւ ՀՀ զինուժի համագործակցության շրջանակներում:

Կանզասի ազգային գվարդիան եւ ՀՀ զինուժը համագործակցում են 2003 թվականից: Սրա շրջանակներում, ինչպես 2018-ին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը, ամերիկյան կողմը հայ գործընկերներին օգնել է կատարելագործել Հայաստանի սերժանտական կորպուսի կարողությունները, ամրապնդել ռազմաբժշկական, խաղաղապահ գործառույթները, զարգացնել շարժական հոսպիտալների գործարկման, աղետների արձագանքման եւ մարդասիրական օժանդակության կարողությունները: 

Այդուհանդերձ, այն ինֆորմացիան, որ լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացի նախկին զինվորականի հիմնած ընկերությունը պետք է ներգրավվի Հայաստանում ռազմավարական ուսումնական կենտրոն ստեղծելու ծրագրում, մտահոգության տեղիք է տալիս․ տարիներ առաջ Ադրբեջանում զինծառայության մեջ գտնվելիս Պ. Դեբինսը աչքի է ընկել վատ առումով, իսկ հետո, հայտնվելով մեղադրյալի աթոռին, պարզվել է, որ նա Ռուսաստանի օգտին ինֆորմացիա է հավաքել նախկին ԽՍՀՄ երկրներում ամերիկյան զինուժի գործունեության մասին:

Նշենք, որ «Կոնկորդիա» համալսարանի կայքը միակը չէ, որտեղ երեւում է Դեբինսի ամերիկյան ընկերության ու Հայաստանի հնարավոր առնչությունը: Այսպես՝ չնայած «Horizon Leadership Group»-ի կայքում ընկերության հասցե է նշվում Հարավային Դաքոտա նահանգի Սու Ֆոլս (Sioux Falls) քաղաքը, այլ կայքերում ներկայացված է Վիրջինիայի Առլինգտոն (Arlington) քաղաքը, որից ոչ հեռու է գտնվում Փիթեր Դեբինսի բնակության վայրը՝ Գեյնսվիլը: Ահա եւ Վիրջինիա նահանգի գնումների վերաբերյալ կայքերից մեկում «Horizon Leadership Group»-ի տվյալներում նշված են դրա գործունեության հիմնական կամ թիրախային երկրները (sales/service area)՝ Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ռուսաստան, Ուկրաինա:

Այսինքն՝ եթե նույնիսկ ընդունենք, որ «HLG»-ն մինչ այս փաստացի առնչություն չի ունեցել մեր երկրի հետ, կարող ենք ասել, որ Հայաստանը դրա հետաքրքրության տիրույթում է:

Դեսպան Թրեյսի. «Նմանօրինակ ծրագրի մասին տեղեկություններ չունենք»

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին գրավոր հարցեր էինք ուղղել «HLG»-ի ներգրավմամբ Հայաստանում ռազմավարական ուսումնական կենտրոն հիմնելու ծրագրի վերաբերյալ: Պատասխաններն ստացել ենք երեկ:

-ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ի՞նչ տեղեկություններ ունի «HLG»-ի կողմից Հայաստանում ռազմավարական ուսումնական կենտրոն հիմնելու ծրագրի մասին: Արդյոք կենտրոնն արդեն հիմնադրվել է: Եթե այո, ապա խնդրում եմ հայտնել, թե որտեղ է այն գտնվում եւ երբ է բացվել:

-Մենք նմանօրինակ ծրագրի մասին տեղեկություններ չունենք։ Մենք տեղյակ չենք Հայաստանում ռազմավարական ուսումնական կենտրոնի առկայության կամ նման կենտրոն հիմնելու պլանների մասին։ 

-Ինչպե՞ս է դեսպանությունը մեկնաբանում այն փաստը, որ Կանզասի ազգային գվարդիայի եւ ՀՀ զինուժի՝ 2003 թ.-ից շարունակվող համագործակցության մեջ ներգրավված է/ներգրավվելու է մի ընկերություն, որի համահիմնադիրը ԱՄՆ-ում մեղադրվում է մի շարք երկրների տարածքում գործող ամերիկյան բանակի ստորաբաժանումների եւ դրանց ներկայացուցիչների մասին տվյալները երրորդ երկրի փոխանցելու մեջ:  

-Մենք որեւէ փաստ կամ տեղեկություն չունենք առ այն, որ Կանզասի ազգային գվարդիան կամ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը որեւէ առնչություն ունեն «HLG»-ի հետ Հայաստանում անվտանգային ուղղվածության ծրագրերի իրականացման հարցում։

Միացյալ Նահանգների դեսպանությունը հպարտ է ՀՀ զինուժի հետ ունեցած իր շարունակական ու դրական համագործակցությամբ, հատկապես՝ Կանզասի ազգային գվարդիայի հետ գործընկերության ծրագրի շրջանակում։ Վերջին 17 տարիների ընթացքում Կանզասի ազգային գվարդիան ռազմական փոխգործակցության մեծաթիվ նախաձեռնություններ է կյանքի կոչել Հայաստանի հետ՝ ռազմաբժշկական, սերժանտական կազմի ուսուցման ու կատարելագործման, միջազգային խաղաղապահ գործունեության, ռազմական կրթության, ինստիտուցիոնալ զարգացման եւ այլ տիրույթներում։

-Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Փ. Դեբինսի դեմ հարուցված քրեական գործը Կանզասի ազգային գվարդիայի եւ ՀՀ զինուժի համագործակցության վրա:    

-Քանի որ մենք որեւէ փաստ չունենք հիշյալ կառույցների եւ Կանզասի ազգային գվարդիայի միջեւ որեւէ առնչության վերաբերյալ, ուստի այդ գործն առնչություն չունի ՀՀ զինուժի հետ մեր բեղմնավոր համագործակցության հետ։

Մեկնաբանություններ (4)

Miles
Ask Ambassador Tracy a question - any question - and she always gives the same answer: "We have no information on that". Ambassador Tracy, what year is it? "We have no information on that".
Յարութիկ
Ճիշտն ասած՝ հետքն է զայրացած որովհետեւ Հայաստանը ներթափանցելու ու կործանելու ամերիկյան ծրագրում Ռուս լրտես կար...
Stephan Dragon
Well, if all of this is correct, we will see once again: the US will infiltrate everything it can. Even a Russian patriot will not stop them. But it comes out to the public. It's good! Be vigilant, my Armenian friends!S
Մոսկվա - Երևան - Վաշինգտոն տրանզիտ
Չհասկացվեց, այս հոդվածը կարդացող ՀՀ շարքային քաղաքացին Ամերիկայի կողմը պիտի զայրացած թքի՞, թե՞ Ռուսաստանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter