HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ոստիկանները հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերնագրով տեսանյութի վերաբերյալ գործը դատարանում է

«Ոստիկանները՝  հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերնագրով Youtube-ում հայտնված տեսանյութի առթիվ հարուցված քրեական գործը դատարանում է։ Գործով  ամբաստանյալի աթոռին է երկու անձ՝ Վաչագան Ներսիսյանը և Նարեկ Սիմոնյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, այսօր սկսվեց գործի քննությունը։ Նշենք, որ ըստ մեղադրանքի՝  «Վաչագան Ներսիսյանը, 2008 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 2010 թվականի հոկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններով օժտված պետակա ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, խմբով, դիտավորությամբ կատարել է բռնություն և հատուկ միջոց գործադրելով զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից ու էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին»։ Նարեկ Սիմոնյանի մեղադրանքը նույնն է, նա ենթադրյալ դեպքի ժամանակաշրջանում զբաղեցրել է  Ոստիկանության Արաբկիրի բաժնի ավագ օպերլիազորի պաշտոն։

Այսօրվա դատական նիստին ամբաստանյալները ներկա էին, նրանցից Նարեկ Սիմոնյանյանն առարկեց տեսանկարահանման դեմ։ Նրա պաշտպան Լուսինե Ասլանյանն ասաց, որ հետագայում  նաև միջնորդություն են ներկայացնելու նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ։ Ամբաստանյալ Վաչագան Ներսիսյանի պաշտպան Բաբկեն Մարտոյանն էլ ասաց, որ իրենք դեմ են, որ նիստը լուսաբանվի։

Դատավոր Վարդան Գրիգորյանը նշեց, որ նիստը դռնբաց է, և լրագրողների իրավունքն է այն լուսաբանելը։ Միաժամանակ, հաշվի առնելով հանգամանքը, որ ամբաստանյալները դատաքննության մասնակիցներ են և չեն ցանկանում տեսանկարահանվել, դատարանը զանգվածային լրատվության ներկայացուցիչներին հորդորեց  իրենց գործողություններն իրականացնել այնպես, որ ամբաստանյալները չտեսանկարահանվեն։

Դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունները։ 1969 թվականին ծնված Նարեկ Սիմոնյանը նշեց, որ ազգությամբ հայ է, ՀՀ քաղաքացի, վերջին պաշտոնը, որ զբաղեցրել է, եղել է Ճամբարակի ոստիկանության պետի պաշտոնը, սակայն այս պահին լիազորությունները ժամանակավորապես կասեցված են։

1960 թվականին ծնված ամբաստանյալ Վաչագան Ներսիսյանը նույնպես ՀՀ քաղաքացի է, ազգությամբ՝ հայ, դատարանին հայտնեց, որ 32 տարի ծառայել է ոստիկանությունում, ծառայության առավելագույն ժամկետը լրանալուց հետո անցել է թոշակի։

Այս գործով տուժող Արմեն Մարտիրոսյանն այժմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ է, դատարան չէր ներկայացվել՝ տեխնիկական խնդիրների պատճառով։ Դատարանը նրան նիստին ներկայացնելու համար համապատասխան գրություն էր ուղարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետին ու Ոստիկանության ուղեկցող գումարտակի հրամանատարին, սակայն նիստից առաջ հայտնի է դարձել, որ դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկներից տեղափոխելու կարգում փոփոխություններ են տեղի ունեցել, ոստիկանությունն այլևս նրանց չի տեղափոխում, և պետք է դիմել Քրեակատարողական ծառայության պետին։

Նկատի ունենալով, որ տուժողն, իր կամքից անկախ հանգամանքներում, ներկա չէր դատական նիստին, և այս փուլում պաշտպանական կողմը միջնորդություններ ուներ ներկայացնելու՝ դատարանը որոշեց հետաձգել այսօվա նիստն ու հաջորդը նշանակել հոկտեմբերի 30-ին։

Այսօր դատարանի բակում էր տուժողի բարեկամներից Մերի Գրիգորյանը։

«Ես հասկանում եմ, որ այնպես են խոշտանգել, այնպիսի բռնության են ենթարկել, որ հետքերը չերևան»,- ասաց Մերի Գրիգորյանը։ Նա նշեց, որ Մարտիրոսյանը 2008-ին կամ դրանից հետո չի բարձրաձայնել իր հետ տեղի ունեցածի մասին, որ իրենք ևս նրա հետ տեղի ունեցածի մասին իմացել են այն ժամանակ, երբ  համացանցում հայտնվել է «Ոստիկանները՝  հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերնագրով տեսանյութը։

Լրագրողների հարցին ի պատասխան Գրիգորյանն ասաց, որ Մարտիրոսյանի ընտանիքի անդամների նկատմամբ ճնշումներ չեն եղել։

Տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը պատմեց, որ Արմեն Մարտիրոսյանը բերման է ենթարկել գողության փորձի վերաբերյալ գործի շրջանակներում։

«Այն անձը, ում տանը կատարվել է ենթադրյալ գողությանը, բարձր պաշտոնատար անձ էր, և տեսանյութը նկարել են՝ ցույց տալու համար, որ, տեսեք, Ձեր տնից գողություն կատարելու մեջ մեղադրվող անձին ինչպես ենք խոշտանգում»,- ասաց Ղարագյոզյանը, սակայն չցանկացավ հայտնել, թե խոսքն ի՞նչ պաշտոնատար անձի մասին է։

Ղարագյոզյանն ասաց, որ Արմեն Մարտիրոսյանը տևական ժամանակ պատիժ է կրել այն գործով, որի քննության ընթացքում իր նկատմամբ բռնություն է գործադրվել։ Թեև Վաչագան Ներսիսյանն ու Նարեկ Սիմոնյանը մեղադրվում են  պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով՝ պաշտպանը գտնում է, որ դատարանի կողմից «իրավունքի զարգացման դատական ակտ» պիտի կայացվի և ճանաչվի խոշտանգման փաստը։

Նշենք, որ խոշտանգումը  սահմանող 309․1 հոդվածը Քրեական օրենսգրքում լրացվել է 2015 թվականին, այսինքն՝ 2008-ին, երբ տեղի է ունեցել դեպքը, Քրեական օրենսգիրքը նման հանցատեսակ չի նախատեսել։

«Եթե նմանատիպ դաժան խոշտանգումն այսօր կոծկվի և մեղադրական դատավճիռ չկայացվի, մենք կարող ենք ասել, որ հեղափոխությունից հետո ոչինչ չի եղել»,- ասաց Արա Ղարագյոզյանը։

Վերջինս նշեց, որ Արմեն Մարտիրոսյանը իր նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հետևանքով է ստիպված  եղել խոստովանել արարքը, որը չի կատարել։

Այս պահին Արմեն Մարտիրոսյանը դատապարտված է ոչ թե վերը նշված, այլ թմրանյութերի վերաբերյալ մեկ այլ գործի շրջանակներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter