HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան․ վիճակագրական փոքր առավելությունը մեր կողմն է

Այսօր՝ Երեւանի ժամանակով 17։00-ին, Սկոպիեում կսկսվի Հս․ Մակեդոնիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը, որով մեր ազգային թիմը կմեկնարկի Ազգերի լիգայի 2020-2021 թթ․ խաղարկությունում։ 

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի «C» դիվիզիոնի կամ լիգայի 2-րդ խմբում են ընդգրկված ոչ միայն վերը նշված ընտրանիները, այլեւ Վրաստանն ու Էստոնիան, որոնք եւս իրար հետ կմրցեն այսօր։ Եթե Ազգերի լիգայի առաջին խաղարկությունը «Եվրո-2020»-ի ուղեգիր նվաճելու հնարավոր էր ընձեռում, ապա այս անգամ Ազգերի լիգան հնարավորություն կտա մասնակցել աշխարհի 2022 թ․ առաջնության փլեյ-օֆ փուլին, սակայն դրա համար կան որոշ պայմաններ, որոնցից առաջինը խմբում առաջին տեղ զբաղեցնելն է, ինչը, սակայն, չի երաշխավորում, որ Հայաստանն (եթե, իհարկե, մեր ընտրանին կարողանա գրավել առաջին տեղը վրացիների, էստոնացիների ու մակեդոնացիների հետ դիմակայությունում) իրավունք կունենա մասնակցել աշխարհի առաջնության փլեյ-օֆին։   

Հս․ Մակեդոնիան ու Հայաստանը հանդիպել են միայն պաշտոնական մրցավեճերում։ Մի փոքր առավելություն ունի մեր ընտրանին. թիմերը միմյանց հանդեպ տարել են 3-ական հաղթանակ ու 2 ոչ-ոքի խաղացել, գոլերը՝ 15-13՝ հօգուտ Հայաստանի: 

Առաջին հանդիպումը եղել է «Եվրո-1996»-ի ընտրական փուլում՝ 1995-ի մայիսի 10-ին, Երեւանում, որում գրանցվեց 2-2: Մերոնցից գոլերի հեղինակ դարձան Ռազմիկ Գրիգորյանն ու Արմեն Շահգելդյանը: Սա պատմական հանդիպում էր, քանի որ պաշտոնական խաղերում առաջին անգամ Հայաստանի հավաքականը գոլեր խփեց: Ընդ որում՝ Սամվել Դարբինյանի սաները հաղթում էին 2-0 հաշվով, սակայն ձեռքից բաց թողեցին հաղթանակը, որը կարող էր դառնալ առաջինը պաշտոնական խաղերում: Այդուհանդերձ, այդ հաղթանակը իրականություն դարձավ նույն մակեդոնացիների հետ պատասխան խաղում, որը կայացավ 1995-ի սեպտեմբերի 6-ին Սկոպիեում: Կրկին Գրիգորյանի ու Շահգելդյանի գոլերի շնորհիվ մեր թիմը հաղթեց 2-1 հաշվով: Հետաքրքիր է, որ այս անգամ էլ մերոնք էին պարտվում 0-1, բայց կամային հաղթանակ տարան. այսպես Հայաստանի ընտրանու պատմության մեջ առաջին պաշտոնական հաղթանակը կայացավ արտագնա խաղում:

Աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլում հավաքականները նորից երկու հանդիպում անցկացրին: 2004-ի օգոստոսի 8-ին Սկոպիեում Հայաստանը պարտվեց 0-3 հաշվով: 2005-ի հունիսի 4-ին Երեւանում տեղի ունեցած պատասխան հանդիպմանը նորից հաղթեցին բալկանցիները՝ 2-1: Հյուրերի առաջատար Պանդեւի երկու գոլերին մեկ անգամ պատասխանեց մեր թիմի ծագող աստղ Էդգար Մանուչարյանը: 

«Եվրո-2012»-ում, որը Հայաստանի հավաքականի պատմության մեջ ամենահաջողվածն էր, թիմերը 2010-ի սեպտեմբերի 7-ին հանդիպեցին Սկոպիեում: Յուրա Մովսիսյանի ու Էդգար Մանուչարյանի գոլերը, ցավոք, չօգնեցին Վարդան Մինասյանի թիմին հաղթանակ տանել: Մինչ օրս ֆուտբոլասերները հիշում են խաղավարտին Արարատ Առաքելյանի ձեռքով խաղը սեփական տուգանայինում, որը հանգեցրեց 11-մ հարվածի, եւ խաղն ավարտվեց 2-2: Այդուհանդերձ, այդ խաղը ցույց տվեց մեր ընտրանու մեծ ներուժը, որը ռեալիզացվեց հետագա մրցելույթներում: Վերելքի վրա գտնվող հայ ֆուտբոլիստները 2011-ի հոկտեմբերի 7-ին Մարկոսի, Հենրիխ Մխիթարյանի, Գեւորգ Ղազարյանի ու Արթուր Սարկիսովի գոլերի շնորհիվ բալկանցիներին հաղթեցին 4-1 հաշվով:

Վերջին երկու հանդիպումներն էլ կայացան Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկության ժամանակ: 2018-ի սեպտեմբերի 9-ին Սկոպիեում տանտերերը հաղթեցին 2-0, սակայն նույն տարվա հոկտեմբերի 16-ին հայ ֆուտբոլիստներն արժանի ռեւանշի հասան 4-0 հաշվով: Գոլերը խփեցին Մարկոսը, Յուրա Մովսիսյանը, Գեւորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը:

Չնայած մերոնց խոշոր հաշվով հաղթանակին՝ մակեդոնացիները կարողացան խմբում գրավել առաջին տեղն, ու շուտով նրանց, Կոսովոյի, Բելառուսի եւ Վրաստանի միջեւ կայանալիք փլեյ-օֆ փուլի խաղերում որոշվելու է, թե ով է այն երջանիկը, ով իր պատմության մեջ առաջին անգամ (նշված թիմերը երբեւէ չեն մասնակցել աշխարհամասի գլխավոր մրցաշարին) մասնակցելու է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։ 

Սկոպիեից վերադառնալուց հետո մեր թիմն ամսի 8-ին Երեւանում ընդունելու է Էստոնիային։ Այսօր կայանալիք Էստոնիա-Վրաստան խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter