HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրական հեղափոխականներ և ծպտված դիմակներ

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Մամուլից տեղեկացա, որ «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է, ապա ազատվել: Հարուցված քրեական գործը կապված է ամիսներ առաջ կալանքի տակ գտնվող Վահագն Աբգարյանին այլ ազատազրկվածների կողմից մարմնական վնասվածքներ հասցնելու հետ: Գործի մանրամասներին տեղյակ չեմ, բայց հուսով եմ, որ իրական մեղավորները կբացահայտվեն: Անշուշտ, բռնության երևույթները անթույլատրելի են, ինչպես նաև պետք է իսպառ բացառվեն խոշտանգումները ՔԿՀ աշխատակիցների կողմից: Վահագն Աբգարյանին մաղթում եմ առողջություն, որքանով տեղյակ եմ՝ այժմ նա ազատության մեջ է, և հուսով եմ, որ նրա անվտանգությունն այսուհետ կապահովվի պատշաճ մակարդակով: 

Սամվել Մկրտչյանի ձերբակալումն ինձ զարմացրել է, քանի որ մեր հանդիպումների ժամանակ ծանոթացել եմ նրա հայացքներին և տեսել, թե ինչպես է նա գործնականում կյանքի կոչում վերականգնողական արդարադատությունը` իրականացնելով կառավարության որդեգրած քաղաքականությունն այս ոլորտում:

Նախ, բանտում գտնվելուս 24 տարիների ընթացքում առաջին անգամ հենց նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առջև, սահմանված կարգի համաձայն, բարձրացրեց Հայաստանի Հանրապետության դրոշը, որը ծածանվում է մինչ օրս: Սա սիմվոլիկ էր, և հաջորդիվ աշխատանքները վկայում էին, որ պետը լուրջ է տրամադրված տվյալ ոլորտում իրական հեղափոխություն իրականացնելու հարցում: Հենց Սամվել Մկրտչյանի կարճատև պաշտոնավարման օրոք այստեղ տեղի ունեցան աննախադեպ ստեղծագործական, կրոնական և մարզական միջոցառումներ: Այս պետի պաշտոնավարության ժամանակ ՔԿ ծառայության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվեց և անցկացվեց միջոցառում, ստեղծագործող ցմահ ազատազրկվածներս ներկայացրեցինք մեր աշխատանքները: Միջոցառմանը մասնակցած ստեղծագործող դատապարտյալներս խրախուսվեցինք, ինչը չհանդուրժեց վերահսկող դատախազը և ստիպեց վերացնել խրախուսանքի մասին որոշումները: Հենց այս պետի օրոք ցմահականներիս բաժնում մատուռի բացում տեղի ունեցավ` տեր Գրիգորի օրհնությամբ: Կազմակերպվեցին նաև մարզական մրցույթներ, և երբ ասացի, որ անհրաժեշտ է կշեռք, որպեսզի ըստ քաշային կատեգորիաների անցկացվեն մրցումները, Սամվել Մկրտչյանն անձամբ գնեց կշեռքը: 

Մնում է միայն զարմանալ, թե ինչու օբյեկտիվ քննություններ չեն իրականացվել բանտում տասնամյակներ շարունակ տարօրինակ ինքնասպանությունների, խոշտանգումների փաստերի կապակցությամբ, և չեմ հիշում որևէ նման դեպք, որ ՔԿՀ որևէ պետի ձերբակալեն: Տարիներ շարունակ բարձրաձայնել եմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անորակ սննդի, ինչպես նաև այն մասին, որ ազատազրկվածներին չեն տրամադրում կառավարության կողմից սահմանված անհրաժեշտ սննդամթերքները: Սակայն Սամվել Մկրտչյանը այն միակ պետն էր, ով լուրջ վերաբերվեց այս հարցին և բարձրաձայնած խնդիրը դիտարկելով որպես հաղորդում հանցագործության մասին` օրենքով սահմանված կարգով ընթացք տվեց դիմումիս: Հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով: Նախաքննությունը մի քանի անգամ երկարացվեց, ինձ համար ակնհայտ էր դառնում` քննչական և դատախազական մարմինները պարզապես ժամանակ են ձգում: 2019թ. դեկտեմբերին քննիչը ասաց, որ անփոփել է և որոշում կայացնելու համար գործը ուղարկում է դատախազին: Գրավոր դիմեցի, որ ինձ տուժող ճանաչեն և տրամադրեն գործի նյութերը` ծանոթանալու համար: Այդ վերջին հանդիպումից հետո քննիչը այլևս չեկավ, և մինչ օրս ինձ` հանցագործության մասին հաղորդում տված անձիս, այդպես էլ չեն տեղեկացնում այս գործի ճակատագրի մասին: Մոտ երկու ամիս առաջ դիմեցի անմիջապես ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Մեկ ամիս անց հերթով ստացա գրություններ` ՀՀ գլխ. դատախազությունից դիմումիս կապակցությամբ գրություն են ուղարկել Երևան քաղաքի դատախազություն, այդտեղից` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն, իսկ այստեղից էլ` նույն վարչական շրջանի քննչական բաժին: Բոլոր գրությունների վերջում մի մարմինը մյուսին հրահանգում է. «… արդյունքների մասին հայտնել դիմումատուին», այսինքն`ինձ: Եվ մինչև այսօր որևէ արդյունքի մասին ինձ չեն հայտնում: Համոզված եմ, որ այս քրեական գործը վաղուց կարճել են, և իմ կարծիքով չեն կատարվել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որպեսզի պարզվի, բացահայտվեն այն անձինք, ովքեր մեղավոր են 24 տարի շարունակ ազատազրկված անձանց սննդամթերքի մեծ մասի յուրացման և վատման մեջ: Հավանաբար զուգադիպեց այն, որ այս քրեական գործի հարուցումից հետո ՔԿՀ-ում ազատազրկվածների սննդի պատրաստման բոլոր հարցերով սկսեց զբաղվել մասնավոր կազմակերպություն, և անհամեմատ բարելավվեց վիճակը:

Շոշափելով այս հարցերը չեմ կարող շրջանցել նաև այն, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 24 տարի շարունակ ազատազրկվածներիս ջուրը միացնում էին միայն մեկական ժամով առավոտյան և երեկոյան և խցերում հակահիգիենիկ պայմաններ էր, ստիպված բազմաթիվ շշերով էինք ջուր հավաքում: 2018 թվականի մայիսյան իրադարձություններից ամիսներ անց սկսեցին 24 ժամ ջրով ապահովել, սակայն պաշտոնական տեղեկատվության համաձայն միշտ է «Նուբարաշեն» ՔԿՀ-ին շուրջօրյա ջուր մատակարարվել: Հարց` ու՞ր էր գնում այդ ջուրը տարիներ շարունակ:  

Ժամանակը և պատմությունը գնահատական կտան 2018 թվականի մայիսյան, ինչպես նաև հետագա իրադարձություններին: Քաղաքական և պատմական գնահատականը ձևավորվելու է փաստերի հիման վրա: Օրինակ` ի՞նչ ճակատագիր են ունենում ակնհայտորեն հարստացած և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին իշխանությունների պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործերը`արդյո՞ք այդ անձինք ենթարկվում են քրեական պատասխանատվության` պատժի, թե երկար ու ձիգ դատական պրոցեսները չեն բերում դատապարտման, կամ մեղադրյալները անխափան հեռանում են երկրից: Օրինակ` ինչպե՞ս են հետապնդվում անձինք, ովքեր փորձում են իրական հեղափոխություն իրականացնել այս կամ այն ոլորտում:

Այսօր չեմ կարող չհիշել նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական ծառայության պետ Հրանտ Մուրադյանին, ով լինելով մեծատառով Բժիշկ և Մարդ` փորձում էր բժշկությունը բանտում բարձրացնել պատշաճ մակարդակի, բայց համակարգն ամեն կերպ խոչընդոտում էր: 25 տարիների ընթացքում հանդիպել եմ նաև այլ աշխատակիցների, ովքեր փորձել են քրեակատարողական համակարգը դարձնել առավել քաղաքակիրթ, որպեսզի ամեն բան հիմնված լինի իրավունքի գերակայության, օրենքի առջև բոլորի հավասարության և մարդասիրության սկզբունքների վրա:

Իմ զորակցությունն եմ հայտնում խոշտանգման ենթարկվածներին, անարդար դատվածներին, Վահագն Աբգարյանին, ինչպես նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ Սամվել Մկրտչյանին`պարզապես ներքին համոզմունք ունենալով, որ նա չէր կարող բռնությանը առնչվել: Ինչպես արդեն ասացի` խոշտանգումները պետք է առհասարակ բացառվեն, և տվյալ գործով ու առհասարակ թող միշտ բացահայտվեն իրական մեղավորները: Միևնույն ժամանակ ինքս բանտում բռնության ենթարկված լինելով, նաև անարդար դատապարտված լինելով`լավ գիտեմ, թե ինչպես կարող են անմեղ մարդուն հետապնդել և ամեն կերպ խոչընդոտել ճշմարտության բացահայտմանը: 

Եվ վերջում`հեղափոխությունը պահանջում է արմատական փոփոխություններ, և դանդաղկոտությունը կհանգեցնի պարտության, իսկ հեղափոխության նվիրյալներին պետք է չթողնել, որ չեզոքացնեն, ինչպես նաև պետք է բացահայտել պետական կառույցներում նախկին ռեժիմին ծառայող ծպտված կոռուպցիոներներին, ովքեր հեղափոխության դիմակներ են հագել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter