Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4 միլիոնը
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4 միլիոնը։ Այդ մասին սեպտեմբերի 5-ին Նյու Դելիում հայտարարել է Հնդկաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը։ Վերջին երկու օրվա ընթացքում այդ երկրում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը գերազանցել է 80 000-ը, իսկ միայն վերջին երկու շաբաթում՝ 1 միլիոնը։
Ընդհանուր առմամբ Հնդկաստանը, ԱՄՆ-ից (ավելի քան 6 միլիոն) և Բրազիլիայից (ավելի քան 4 միլիոն) հետո, աշխարհում երրորդն է կորոնավիրուսի ցուցանիշներով։ Վարակման ամենաշատ դեպքերը հայտնաբերվել են Հնդկաստանի արևմուտքում գտնվող Մահարաշտրա, ինչպես նաև հարավային Անդհրա-Պրադեշ, Կառնատակա և Թամիլ Նադու նահանգներում։
Կորոնավիրուսի ցուցանիշներով չորրորդ հորիզոնականում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 020 310 դեպք։ Վերջին մեկ օրվա ընթացքում նոր դեպքերի թիվն ավելացել է 5 205-ով։ Կորոնավիրուսից մահացել է գրեթե 18 000 մարդ, որից 110-ը վերջին մեկ օրվա ընթացքում։
Գերմանիայում էլ վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 378 նոր դեպք։ Այդ մասին հայտնել է Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը։ Ընդհանուր առմամբ այդ երկրում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 248 997-ի։ Կորոնավիրուսից մահացել է 9 324 մարդ, որից 2-ը վերջին մեկ օրվա ընթացքում։
Վերջին տվյալներով աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 26 միլիոն 953 հազարի, մահացել է մոտ 881 400 մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցել է 19 միլիոնը։
Լուսանկարը՝ PTI-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել