HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

17 մահը՝ վիճակագրություն

Կարծես ողջ խորությամբ չընկալեցինք՝ ինչ տեղի ունեցավ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ի միջակայքում: ՀՀ 17  քաղաքացի մահացավ, բժիշկների գնահատմամբ, ալկոհոլային թունավորումից, երկու քաղաքացի կուրացել է:
Պետության համար սա սարսափելի աղետ է՝ մեկ օրում, խաղաղ պայմաններում, 17 քաղաքացու՝ 49-70 տարեկան տղամարդկանց կորուստը:

Նախնական վարկածի համաձայն` մարդկանց տարբեր խմբեր անհայտ ծագման օղի են գնել՝ մեթիլ սպիրտի պարունակությամբ, որը նրանց վաճառել են իբրև սովորական օղի: Մասնագիտական հոդվածներում նշվում է՝ մեթանոլի 0,1 գրամից ավելի օգտագործումը կյանքի համար վտանգավոր է:

Կառավարությունում արագ հավաքվեցի՞ն, փորձեցին հասկանալ՝ այս ահավոր կորուստի մասշտաբը, պարզեցի՞ն՝ ինչպե՞ս է, որ հարկային մարմինները տեղյակ չեն եղել ապօրինի ձեռնարկատիրության այս դեպքից. Աշոտ Հովսեփյանը, որի վաճառած օղուց էլ գրանցվել են թունավորման դեպքերը, վաղուց է զբաղվում այդ գործով: Հարևաների վկայությամբ՝ օղու վաճառքով զբաղվել է նաև Աշոտ Հովսեփյանի հայրը, և անգամ պաշտոնյաներն էին նրանից խմիչք գնում:

Կառավարությունում պարզեցի՞ն՝ ինչպե՞ս է, որ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը տեղյակ չի եղել օղու ապօրինի արտադրությունից և հիմա  տոկունություն է մաղթում արմավիրցիներին: Պարզվե՞ց, թե ինչու ոստիկանները ևս չեն նկատել ապօրինի ձեռնարկատիրության այս դեպքը: Եվ, ամենակարևորը, պարզե՞լ են՝  ինչպե՞ս էր մեթիլ սպիրտը վաճառվել որպես ցորենից պատրաստված սպիրտ: Ու՞ր է տանում գնման շղթան: Ինչպե՞ս էր հնարավոր մեթիլ սպիրտը շփոթել ցորենի սպիրտի հետ. մեթիլ սպիրտի շշի վրա նշվում է՝ «անգույն, թունավոր հեղուկ»: Ազատ վաճառքում այսօր կա՞ մահաբեր այդ խմիչքից:

Թունավորումների ու մահերի շղթան կանգնեցնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում: Այս հարցերի պատասխանները չկան:

Թերևս այն պատճառով, որ իշխանությունը կարծես համարժեք չընկալեց կատարվածի ողբերգությունն ու վտանգավորության մասշտաբը:

Սեպտեմբերի 3-ի Կառավարության նիստը վարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Գուցե հարցերից մեկով գոնե այս խնդիրների՞ն անդրադառնար:  Օրակարգի 38 հարցերից ոչ մեկն այս թեմայով չէր:

Պետական մակարդակով ախուվախից այնկողմ գործը դեռ չի հասել: Իշխանությունը վստահ է՝ իրենից ոչինչ կախված չէ. եթե Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանը սխալմամբ սպիրտի մեջ մեթան է լցրել, կարո՞ղ էին վարչապետը, Առողջապահության նախարարը, պատկան մյուս մարմինները նրա ձեռքը բռնել: Իհարկե՝ ոչ:

Հատկապես, եթե վարչապետն ու Առողջապահության նախարարը շարունակում են արձակուրդը և իդիլիա ցուցադրող լուսանկարներ տեղադրում սոցցանցերում՝ իբրև թե կյանքն, այնուամենայնիվ, հիասքանչ է:

Տպավորություն է, թե այն լուրերին, որոնք վարչապետն իր ասուլիսներում չի կարող ներկայացնել հաջողությունների հարյուրակում, իշխանությունը չի արձագանքում:

Փաստորեն, ըստ Աշոտ Հովսեփյանի փաստաբանի, դեռևս պարզված չէ՝ ով է այն անձը, որը տեխնիկական սպիրտը վաճառել է որպես մաքուր ցորենի սպիրտ։

Արմավիրցիներն իրենց վարկածն ունեն:

Զրուցեցի Արմավիրի բնակիչներից մեկի հետ, որի ամուսինը՝ թունավորվել, իսկ ազգականը մահացել էր Աշոտ Հովսեփյանից գնած օղուց: Տիկինը խնդրեց իր անունը չհրապարակել:

Նրանք Հովսեփյանից երկու ամիս է՝ ինչ օղի են գնել: Պլաստմասսայե շշով, լիտրը՝  1000 դրամով, գնում էին՝ շաբաթը մեկ անգամ. «շատ լավ օղի էր»:  Օգոստոսի 31-ին ամուսինը, օղին խմելուց հետո, լավ չի զգացել: Շտապ տեղափոխել են «Արմենիա» ԲԿ, որտեղ, տիկնոջ վկայությամբ, հինգ րոպեն մեկ շտապօգնության մեքենաները թունավորվածներին էին  բերում: «Արյան անալիզում թունավոր նյութ են հայտնաբերել: Բժշկական օգնություն ստանալուց հետո, արդեն չորրորդ անալիզի ժամանակ, արյունը մաքուր էր: Ո՞վ մեր գլխին էս փորձանքը բերեց: Հիմա էլ ասում են՝ թուրքն է արել»,- ասում է զրուցակիցս:

Արձակուրդը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է: Բայց կան իրավիճակներ, երբ արձակուրդում գտնվող պաշտոնյաներն ընդհատում են արձակուրդը: Դա նաև բարոյական ուղերձ է քաղաքացիներին՝ իշխանությունը պատկերացնում է կատարվածի մասշտաբն ու րոպե առաջ կանգնում իր քաղաքացիների կողքին:

Իսկ երկրում մահերի թվով սա աննախադեպ շրջան էր՝ 17 զոհ՝ թունվորումից, 2 զոհ՝ Պռոշյանի կոնյակի գործարանում տեղի ունեցած պայթյունից և 4 վիրավոր՝ բժիշկների գնահատմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակում: Գումարած՝ կորոնավիրուսից գրանցված մահերը:

Սա միայն վիճակագրություն չէ: Դեմոգրաֆիկ խնդիր ունեցող Հայաստանի համար սա մեծագույն աղետ է: Հատկապես՝ եթե դեռևս կանխված չէ հնարավոր շարունակությունը՝ քանի հոգի է գնել այս թույնը՝ որպես օղի:

Այս ողբերգությունը կանխել հնարավոր չի եղել, սակայն ողբերգության արձագանքը գոնե պետք է համարժեք լինի: Չի կարող այս ծանր օրերին երկրի ղեկավարի օրվա խնդիրը լինել Հայաստանի գեղատեսիլ վայրերի ու անձնական երջանկության ցուցադրությունը՝ սոցցանցում: Սա այդ դեպքը չէ:

Նման աննրբանկատ վերաբերմունքը քաղաքացիների վշտի հանդեպ ստիպում է մարդկանց միայնակ մնալ իրենց վշտի, անզորության հետ:

Հեղինակությունը շարունակում է իշխանությունից զգալի հեռավորության վրա լինել:

Մեկնաբանություններ (1)

Զավեն
Իսկ մտածե՞լ եք արդյոք, որ մեթիլ սպիրտից թունավոր ձեր մատից ծծած անտեղի ու անհիմն մեղադրանքները կարող են լինել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter