HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հավաքականի հին ու նոր անդամները մերվելու, կես քայլից իրար հասկանալու որոշ ճանապարհ պիտի անցնեն

Հայաստանի ազգային հավաքականը թարմացված կազմով առաջին խաղում երեկ պարտվեց Հս. Մակեդոնիային 1-2 հաշվով, բայց հանդիպմանը հետեւածները կարող են փաստել, որ հաշիվը չի արտացոլում այն, ինչ տեղի ունեցավ խաղադաշտում: Չենք ասում, թե մեր թիմը մի գլուխ բարձր էր մրցակցից, բայց որոշակի առավելություն ուներ, սակայն պաշտպանությունում տարրական սխալները եւ հարձակման գծում ոչ այնքան սուր գործողությունները թույլ չտվեցին այդ առավելությունը վերածել նյութականի:

Ազգային հավաքականի մեկնարկային կազմում երեկ 11-ից 5 հոգին նորեկներ էին՝ դարպասապահ Յուրչենկոն, ձախ պաշտպանի դիրքում հանդես եկած Սերոբ Գրիգորյանը, հենակետային Անգուլոն, ինչպես նաեւ գրոհային կիսապաշտպաններից ձախում խաղացող Բայրամյանն ու կենտրոնական ենթահարձակվող Արշակ Կորյանը:

Առաջատարներից Մխիթարյանի, Ղազարյանի ու Ադամյանի բացակայությամբ մեր թիմի հատկապես առջեւի գիծը անսովոր տեսք ուներ: Եթե պաշտպանությունում Գրիգորյան-Չալըշըր-Հարոյան-Համբարձումյան քառյակը կարելի էր անակնկալ չհամարել (իհարկե, այստեղ կարելի էր սպասել նաեւ Հայկ Իշխանյանին կամ Կամո Հովհաննիսյանին), ու ինչ-որ տեղ սպասելի էր նաեւ այն, որ Արտակ Գրիգորյանին հենակետայինի գոտում զույգ կկազմի Վբեյմար Անգուլոն, ապա կիսապաշտպանության գրոհային թեւը Կապառոսը արմատական փոփոխության էր ենթարկել:

Անակնկալ էր, բայց աջ եզրայինի դիրքում խաղում էր Կամո Հովհաննիսյանը եւ ոչ թե Տիգրան Բարսեղյանը: Քանի որ Կամոն իր արագացումներով ու վտանգավոր պահերի ստեղծումով այդ թեւում աչքի չընկավ, իսկ առաջին կեսից հետո էլ հաշիվը 2-0 էր՝ հօգուտ դաշտի տերերի, Կապառոսը վերադարձավ հին տարբերակին՝ այդ գծում դաշտ դուրս բերելով Բարսեղյանին, իսկ Կամոյին հետ քաշեց ձախ պաշտպանի գոտի: Հարկ եղավ ակտիվացնել նաեւ ձախ եզրային կիսապաշտպանի դիրքը՝ Բայրամյանին փոխարինելով Բաբայանով: Այդուհանդերձ, պետք է նշել, որ Խորենը առաջին կեսում մեր թիմի կազմում ամենաակտիվներից էր, այլ հարց է, որ թե՛ նրա, թե՛ մյուսների կատարմամբ ավելի շատ վազք ու պայքար էինք տեսնում, քան արագ, սուր եւ կտրուկ, ոչ ստանդարտ գործողություններ: Սա, թերեւս, կարող ենք բացատրել նրանով, որ թիմի հին ու նոր անդամները մերվելու, կես քայլից իրար հասկանալու որոշ ճանապարհ պիտի անցնեն: Հուսանք՝ դա երկար չի տեւի:

Եթե կարող ենք ասել, որ Ալեքսանդր Կարապետյանը մեր հարձակման գծում ունի իր կայուն տեղը, ապա ենթահարձակվող-դիսպետչերի օղակում եւս մեկ անակնկալ պետք է համարել Արշակ Կորյանի ներկայությունը: Բնականաբար, վերջինս շատ հեռու է ոչ միայն Մխիթարյանին, այլեւ այդ դիրքում, օրինակ, Մարկոսին փոխարինելուց, բայց ունենք այն, ինչ ունենք:

Մեր պարտության հիմքում կային օբյեկտիվ եւ սուբյեկտիվ տարրեր: Օբյեկտիվ էր 37-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանի խախտումից հետո 11-մ հարվածի նշանակումը: Փորձառու Համբարձումյանը, ճիշտ չգնահատելով մեր տուգանայինում գտնվող Էլմասի դիրքն ու դեպի վերջինս եկող գնդակի հնարավոր հետագիծը, մակեդոնացու թիկունքից անտեղի ցատկեց, սակայն գնդակը հեռացնելու փոխարեն տապալեց մրցակցին, ու բոսնիացի մրցավար Իրֆան Պելտոն իրավացիորեն նշանակեց 11-մ հարված, որը 39-րդ րոպեին դիպուկ իրացրեց Նեստորովսկին՝ հաշիվը դարձնելով 2-0:

Բայց Պելտոն կասկածելի 11-մ նշանակեց արդեն 3-րդ րոպեին, երբ անկյունայինի իրացման ժամանակ Հարոյանի հետ պայքարում խոտածածկին հայտնվեց նույն Էլմասը: Նույնիսկ կրկնապատկերը հստակություն չմտցրեց, թե արդյոք կար խախտում: Հարոյանը թե՛ այդ ժամանակ, թե՛ հետագայում մրցավարին շարունակում էր հավաստիացնել, որ չի խախտել կանոնները: Այդուհանդերձ, հենց այդ չարաբաստիկ դրվագի հետեւանքով մերոնք հենց 5-րդ րոպեին 11-մ-ից ընդունեցին առաջին գոլը. հավաքականում իր առաջին խաղն անցկացնող Յուրչենկոյի դարպասը գրավեց Ալիոսկին:

Հետաքրքիրն այն  է, որ 2018 թ. սեպտեմբերի 9-ին՝ Ազգերի լիգայի առաջին խաղարկության ժամանակ, Սկոպիեում կայացած խաղում նույն Ալիոսկին 14-րդ րոպեին կրկին 11-մետրանոցից բացեց հաշիվը, իսկ 59-րդ րոպեին Պանդեւը կրկնապատկեց. մեր թիմը պարտվեց 0-2: Ընդ որում՝ այն ժամանակ էլ 11-մետրանոցի դրվագը կասկածելի էր:

Երեկվա խաղից հետո կազմակերպված ասուլիսում առաջին 11-մետրանոցի մասին կասկած հայտնեց նաեւ Խոակին Կապառոսը:

Հետաքիրքիր վիճակագրություն. Հս. Մակեդոնիա-Հայաստան դիմակայությունում խփված գոլերի հարաբերակցությունն այս պահին այսպիսին է՝ 15-16: Մակեդոնացիները 15 գոլից 5-ը խփել են 11-մետրանոցից, իսկ մերոնք՝ 16-ից միայն 1-ը: Սա խոսուն փաստ է:

Մեկ այլ հետաքրքիր վիճակագրություն է այն, որ 1994-ից Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների ընտրական փուլերին եւ Ազգերի լիգայի խաղարկությանը մասնակցող մեր թիմն այդ պաշտոնական խաղերից ոչ մեկում 2 անգամ 11-մետրանոցից գոլ չէր ընդունել: Ավելին՝ մերոնց մասնակցությամբ չի եղել մի խաղ, որ բոլոր գոլերը խփվեն 11-մետրանոցից:

Նշենք եւս մի հանգամանք: ՖԻՖԱ-ի մրցավարները չեն սպասարկում իրենց երկրների հավաքականների մասնակցությամբ պաշտոնական հանդիպումները, եւ այս առումով թվում է, թե բոսնիացի Պելտոյի նշանակումը Հս. Մակեդոնիայի հանդիպմանը նորմալ է: Իրականում նորմալ է թղթի վրա, բայց կյանքը ցույց է տվել, որ այսպիսի դեպքերում, երբ մրցավարը հարեւան երկրի կամ նախկին «եղբայրական» հանրապետության (Բոսնիա եւ Հերցեգովինան ու Հս. Մակեդոնիան նախկին Հարավսլավիայի կազմում էին) ներկայացուցիչ է, շատ եւ շատ դեպքերում կա սուբյեկտիվ տարր՝ որոշակի համակրանք մրցավարի կողմից: Օրինակ՝ դեպքեր են եղել, որ Երեւանում մեր ազգային թիմի մասնակցությամբ ընկերական խաղերը դատել են վրացի մրցավարները, եւ ոչ միայն մրցակցի խաղացողների ու մարզիչների, այլեւ մեզ՝ հայերիս է նկատելի եղել հարեւանի համակրանքը մեր հանդեպ:

Հետաքրքիր է, որ մեր խմբի մյուս՝ Էստոնիա-Վրաստան հանդիպումն էլ երեկ սպասարկում էր լիտվացի մրցավարը, չնայած վրացիները հաղթեցին 1-0:

Բոսնիացի մրցավարի ներկայությունը դաշտում, ինչպես ասում են, գուցե չերեւար, եթե նա հենց խաղասկզբից չսկսեր անընդհատ սուլել ի վնաս հայերի: 3-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցի մասին նշեցինք, դրանից հետո էլ եղան դրվագներ, երբ մակեդոնացիներից, ասենք, նույն Էլմասը, որը 2 անգամ 11-մ վաստակեց, թիկունքից սահանկումներով միտումնավոր խափանեց մեր ֆուտբոլիստների առաջխաղացումը, սակայն այդպես էլ դեղին քարտ չստացավ, Կարապետյանը մի դրվագում չդիպավ դիմային գծից դուրս եկող գնդակին, սակայն մրցավարը անկյունային չնշանակեց, փոխարենը բոսնիացին տուրք էր տալիս խոտածածկին հայտնվող մակեդոնացիների խորամանկություններին: Բնականաբար, այս պարագայում դժվարանում է գործդ. ստիպված ես լինում ոչ միայն շատ զգույշ գործել պաշտպանությունում, որ որեւէ առիթ չտաս մրցավարին՝ ի վնաս քեզ սուլելու, այլեւ հարձակման թեւում այնպես խաղալ, որ մրցավեճը դատողը հիմք չգտնի՝ մրցակցի օգտին որոշում կայացնելու համար: Թերեւս, այդպիսին էր խաղի հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին մակեդոնացիների դարպասին նշանակված 11-մետրանոցը, երբ Վելկոսկին ակնհայտ գցեց Բալեկյանին, ու մրցավար Պելտոն չէր կարող խախտումը չարձանագրել: 11-մ հարվածը դիպուկ իրացրեց Տիգրան Բարսեղյանը՝ խփելով հավաքականում իր 6-րդ գոլը: Դա կարելի է միայն սփոփանք համարել, քանի որ խաղը փրկելու ժամանակ էլ չէր մնացել:

Բայց չենք կարող չնշել նույն Բալեկյանի կոպիտ վրիպումը վերոնշյալ դրվագից առաջ, երբ Բաբայան-Բարսեղյան-Բալեկյան խաղարկումից հետո վերջինս, անպաշտպան դարպասից 2-3 մետր հեռավորության վրա լինելով, բարձր ուղարկեց գնդակը: Հնարավորություններ ուներ նաեւ Էդգար Բաբայանը, որի հարվածները կա՛մ թույլ էին, կա՛մ շեղ: Մակեդոնական ակումբային ֆուտբոլին քաջածանոթ Բարսեղյանն էլ անընդհատ ցանկանում էր աչքի ընկնել, սակայն էլի շեղ էր հարվածում:

Երեկվա խաղում մերոնց կատարմամբ պաշտպանությունում թույլ տված ճակատագրական սխալներից բացի՝ կարող ենք առանձնացնել նաեւ նորեկներից Անգուլոյի վրիպումները հենակետայինի այնպիսի պատասխանատու դիրքում, երբ գրոհ սկսելիս գնդակը չէր կարողանում ճիշտ հասցեագրել խաղընկերոջն, ու գնդակը խլած մրցակիցը իր վտանգավոր հակագրոհն սկսելու հնարավորություն էր ստանում: Այդպիսի առնվազն 3 դրվագ եղավ:

Ընդհանրապես, Հայաստանի հավաքականի խաղում կարող ենք նշել պայքարելու միտումը. տղաները վազում էին, գնդակի համար մենապայքարներում չէին զիջում (այստեղ առանձնացնենք Բայրամյանին), սակայն դա բավարար չէր կարող լինել գոլ խփելու համար: Առաջին կեսում մերոնք միայն 2 լավ պահ ունեցան. մի դեպքում Կարապետյանի գլխով հարվածը դարապասապահը շեղեց, մյուսում Սաշան բարձր հարվածեց, չնայած այդտեղ նրան խանգարեց մրցակիցը: Երկրորդ կեսում՝ Բարսեղյանի ու Բաբայանի ներկայությամբ, գրոհային եզրերն ավելի ակտիվ էին, բայց էլի պակասում էին դիպուկ եւ ուժեղ, հեռահար հարվածները, սուր եւ անակնկալ անցումներով գրոհները:

Տպավորություն էր, որ մերոնք դեռ ամբողջական տոնուսի մեջ չեն, դաշտում մի փոքր ծանր են տեղաշարժվում: Այստեղ նաեւ պետք է առանձնացնենք Սկոպիեի մարզադաշտի ահավոր վատ խոտածածկը, որից գնդակն անդրադառնում էր տարօրինակ հետագծերով, նաեւ գցում հարվածների որակը:

Հայ-մակեդոնական 9-րդ պաշտոնական մրցավեճում հաղթեցին մակեդոնացիները: Սեփական հարկի տակ 5 խաղերից նրանք հաղթել են 3-ում, մեկում գրանցվել է ոչ-ոքի, մեկում էլ հաղթել են մերոնք: Երեւանում մակեդոնացիները մեկ անգամ հաղթել ու ոչ-ոքի են խաղացել, բայց վերջին 2 խաղերում պարտվել են 1-4 ու 0-4 հաշիվներով: Այս վիճակագրությունը հուսանք չի խախտվի, ու նոյեմբերի 18-ին «Հանրապետականում» Հայաստանի հավաքականը կրկին ռեւանշ կվերցնի բալկանցիներից երեկվա պարտության դիմաց, որը չենք կարող մրցակցի վաստակած հաղթանակ համարել:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի տվյալներով՝ Հայաստանի հավաքականը խաղային առավելություն ուներ գրեթե բոլոր առումներով: Մրցակցի 8 հարվածներին մերոնք պատասխանել են 14-ով, գնդակին տիրելու տոկոսային հարաբերությունը՝ 48-52՝ հօգուտ հայերի:

Ինչպես նշեցինք վերեւում, երեկ Էստոնիա-Վրաստան հանդիպումն ավարտվել է հյուրերի նվազագույն առավելությամբ՝ 0-1: Սեպտեմբերի 8-ին՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, կկայանան Հայաստան-Էստոնիա եւ Վրաստան-Հս. Մակեդոնիա հանդիպումները:

Առաջին լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter