HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մինսկում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել «Միասնության երթի»

Սեպտեմբերի 6-ին Մինսկում կայացել է «Միասնության երթ» բազմահազարանոց ակցիան, որի մասնակիցներն արդեն չորրորդ շաբաթն է չեն ընդունում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։ Երկրի ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ զգուշացրել էր, որ քայլեր կձեռնարկի՝ «կանխելու հակաօրինական գործողությունները»։ Առավոտից քաղաքում հայտնվել է լրացուցիչ հատուկ տեխնիկա, կենտրոնական պողոտաներ են դուրս բերվել  ոստիկանության ուժեղացված ջոկատներ։

Անկախության հրապարակը, որտեղ ի սկզբանե նախատեսում էին հավաքվել ցուցարարները, շրջափակվել է օմօնականների կողմից։ Մյուս հրապարակները նույնպես զբաղեցրել են ուժայինները և փակել փշալարերով։ Ցուցարարները Մինսկի կենտրոն են եկել խմբերով՝ քաղաքի տարբեր վարչական շրջաններից։ Ոստիկանությունը, դեռ ակցիայից առաջ, սկսել է բերման ենթարկել ցուցարարներին։ Տեղի ժամանակով մոտ 14:30-ին ակցիայի մասնակիցները միավորվել են Անկախության պողոտայում՝ ամբողջությամբ զբաղեցնելով այն։ Դեպի հրապարակ մուտքը փակվել էր օմօնականների կողմից։ 

Դրանից հետո ցուցարարները շարժվել են Լենինի փողոցով դեպի «Հերոս քաղաք Մինսկ» հուշարձան-համալիր, իսկ այնտեղից էլ դեպի Անկախության պալատ, որը հանդիսանում է Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրը։

Երբ ցուցարարները մոտեցել են նախագահի նստավայրին, նրանց դիմավորել են օմօնականների ջոկատը, փշալարերը և տասը ԲՏՌ։ Անհայտ է մնացել այն հանգամանքը, թե արդյոք Լուկաշենկոն գտնվում է պալատում։ Չնայած ուժեղ անձրևին, ցուցարարները չեն ցրվել և վանկարկել են «Թող քո մոտ տաքանանք», «Մեզ ոչ ոք չի վճարում» արտահայտությունները։ Ցուցարարները խաղաղ վարքագիծ են դրսևորել, սակայն ակցիայի վերջում, երբ ցուցարարների մեծ մասը հեռացել էր, որոշ մասնակիցներ ցենզուրայից դուրս արտահայտություններ են գրել օմօնականների վահաններին, որից հետո ուժայինները արցունքաբեր գազ են կիրառել։

«Интерфакс»-ի և «Tut.by»-ի հաշվարկներով՝ «Միասնության երթին» մասնակցել է ավելի քան 100 000 մարդ։ «Голос» առցանց հարթակը, որը հատուկ չաթ բոտի միջոցով ցուցարարներին առաջարկում է իրականացնել էլեկտրոնային հաշվարկ, սեպտեմբերի 6-ին ողջ երկրում հաշվել է առնվազն 150 հազար ցուցարարի։ Բելառուսի ՆԳՆ-ն դեռևս չի հրապարակել իր տվյալները։ Վերջինս միայն հայտարարել է, որ ընդդիմության բողոքի ցույցի ժամանակ արտակարգ դեպքեր չեն գրանցվել և «իրավիճակը վերահսկելի է»։

Բողոքի ցույցից հետո ոստիկանությունը սկսել է ձերբակալել և բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։ Բացի այդ, փողոցներում հայտնվել են քաղաքացիական հագուստներով և դիմակներով անհայտ անձինք, որոնք հետապնդել են ցուցարարներին և նրանց հարվածել փայտերով։ Նեմիգա փողոցում նրանք ջարդել են սրճարաններից մեկի ցուցափեղկը, որտեղ թաքնվում էին խաղաղ ակցիայի մասնակիցները։ «Весна» իրավապաշտպան կենտրոնի տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում Մինսկում ձերբակալվել է առնվազն 179 մարդ։

Բողոքի ցույցեր են կազմակերպվել նաև Բելառուսի մյուս քաղաքներում՝ Գրոդնոյում, Մոգիլյովում, Բրեստում, Վիտեբսկում, Գոմելում։ Հայտնի է, որ ձերբակալություններ են տեղի ունեցել Բրեստում և Գրոդնոյում։ ՆԳՆ տվյալներով՝ Վիտեբսկում ձերբակալվել է 10 մարդ։ Ոստիկանության մամուլի քարտուղարն էլ «РИА Новости»-ին հայտարարել է, որ երկրի ողջ տարածքում ձերբակալվել են հարյուրավոր մարդիկ, իսկ ձերբակալվածների իրական թիվը խոստացել հայտնել սեպտեմբերի 7-ին։

Լուսանկարը՝ Sputnik / Виктор Толочко

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter