HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նորայր Փանոսյանն ինքնամեկուսացած է. նրա և Հրայր Թովմասյանի վերաբերյալ նիստը հետաձգվեց

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի և նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց: Փանոսյանն օգոստոսի 27-ից ինքնամեկուսացման մեջ է: Նրա պաշտպաններից Վարազդատ Բադալյանը դատարան գրություն էր ուղարկել այն մասին, որ Փանոսյանի մոր մոտ կորոնավիրուս է ախտորորոշվել, իսկ Փանոսյանին ցուցված է ինքնամեկուսացման ռեժիմը պահպանել 14 օր: Այսինքն՝ Փանոսյանը կշարունակի ինքնամեկուսացումը մինչև սեպտեմբերի 11-ը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 14-ին:

Հիշեցնենք, որ 2010 թվականից մինրև 2014 թվականը որպես արդարադատության նախարար պաշտոնավարած Հրայր Թովմասյանն, ըստ մեղադրանքի, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Բացի այդ՝ Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել արդարադատության նախարարության և Նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի մեղադրանքը ևս այս դրվագների վերաբերյալ է։ Նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Դեռևս գործի նախաքննության ընթացքում Հրայր Թովմասյանը  հայտարարել է, որ օրվա իշխանության խնդիրը իրենից՝ որպես ՍԴ նախագահ արագ ձերբազատվելն է։

Նշենք, որ Թովմասյանն այժմ ՍԴ նախագահ չէ:

ԱԺ-ն Սահմանադրության մեջ փոփոխություն է կատարել, ըստ որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված և պաշտոնավարումը՝ դադարում։ Նույն կերպ դադարում էին մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի լիազորությունները:

Այսպիսով, Հրայր Թովմասյանի լիազորությունները որպես ՍԴ նախագահ դադարել են, իսկ ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը չեն պաշտոնավարում:

Նրանք, սակայն, այդ փոփոխության իրավաչափությունը չեն ընդունում` պնդելով, որ Սահմանադրությունը չի կարող փոխվել առանց Սահմանադրական դատարանի մասնագիտական եզրակացության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter