
Ֆրանսիայի մրցակցային մարմնի նախագահը հաճելիորեն զարմացած է Հայաստանի կառավարության քայլերով
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի մրցակցային մարմնի նախագահ Բրունո Լասերին: «Այսօր Հայաստանի Հանրապետությունում մրցակցային դաշտի կարգավորումը և վերահսկողությունն ամենաարդիական խնդիրներից մեկն է: Վերջին տարիներին մենք էապես ուժեղացրել ենք տնտեսական մրցակցության հանձնաժողովը, ընդունել ենք օրենքներ, որոնցով ընդլայնել ենք այս մարմնի լիազորությունները»,- հանդիպման ժամանակ ասել է Տիգրան Սարգսյանը:
Բրունո Լասերը նշել է, որ հաճելիորն զարմացած է կառավարության այն քայլերով, որոնք ուղղված են մրցակցային դաշտը հսկող մարմնի իրավասությունների ամրապնդմանը և մրցակցային բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը:
Ֆրանսիայի մրցակցային մարմնի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայաստանցի գործընկերներին՝ մրցակցային օրենսդրության բարելավմանն ուղղված բարեփոխումների, ՏՄՊՊՀ-ի ինստիտուցիոնալ կարողությունների, նաև տնտեսական մրցակցության քաղաքականության զարգացման գործընթացում:
Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ Հայաստանի և Ֆրանսիայի մրցակցային մարմինների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրն օգտակար կլինի ՀՀ ՏՄՊՊՀ-ի գործունեության համար:
ՀՀ վարչապետի կայքի հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են նաև տնտեսական մրցակցության քաղաքականության խթանմանը վերաբերող մի շարք հարցեր:
Մեկնաբանել