HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արա Բաբլոյանին թույլատրվեց մեկնել Հայաստանից, իսկ Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկանի, այսօր որոշեց վերացնել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը։

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Արսեն Բաբայանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ վճարելով դրամական միջոցներ՝ յուրաքանչյուրը 500 հազար դրամի չափով։ Այս գումարները կվերադարձվեն երաշխավորներին։

«Դատարանը գտնում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում նշված հիմքերը վերաբերելի են ոչ միայն կալանավորման, այլ խափանման միջոցի բոլոր հիմքերին, իսկ դատարանում սույն քրգործով սույն փուլում այդ հիմքերը բացակայում են»,- ասաց դատավոր Հարություն Մանուկյանը։ Այսինքն՝ դատարանը համարում է, որ այս փուլում առկա չէ Արսեն Բաբայանի նկատմամբ անձնական երաշխավորություն խափանման միջոց կիրառելու հիմք։

Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունը ներկայացրել էր նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը։ Դատախազությունն առարկել էր միջնորդության դեմ՝ պնդելով, թե առկա են խափանման միջոցը կիրառելու հիմքեր։

Այն ժամանակ, երբ դատարանը դեռևս Արսեն Բաբայանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու համար հեռացել էր խորհրդակցական սենյակ, Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դատախազությունն առհասարակ պետք է հրաժարվի իրենց մեղադրանքից։

«Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի վերջին իրադարձությունները, Սահմանադրության ապօրինի փոփոխությունները, այս գործի քննությունն ընդհանրապես չպետք է շարունակվի, դատախազությունը, երևի թե, պետք է իր մեջ ուժ գտնի, թույլտվություն ստանա Նիկոլ Փաշինյանից, որպեսզի ընդհանրապես հրաժարվի այս մեղադրանքից, որովհետև հիմա շարունակվում է այն, ինչը սկսվեց իշխանությունը յուրացնելու, սահմանադրական կարգը տապալելու այս ամբողջ հանցավոր գործընթացում՝ իշխանությունում ներկայացված հանցավոր բանդայի կողմից»,- ասաց Արսեն Բաբայանը։ Վերջինս նշեց, որ սահմանադրական փոփոխություններով, այնուամենայնիվ, իշխանությունների ցանկությունն արդեն բավարարվել է ու ժամանակն է, ինչպես Բաբայանը ձևակերպեց, կամաց-կամաց հրաժարվել այդ ամբողջ պրոցեսի պոչերից։

Արսեն Բաբայանին, ինչպես նաև Արա Բաբլոյանին վերագրվող արարքների նպատակն, ըստ մեղադրանքի, եղել է այն, որ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ նշանակվի հին՝ 2005  թվականի Սահմանադրությամբ ու հնարավորություն ունենա պաշտոնավարել մինչև 70 տարին լրանալը։

Այժմ, սակայն, Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ։ ԱԺ-ն Սահմանադրության մեջ փոփոխություն է կատարել, ըստ որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված և պաշտոնավարումը՝ դադարում։ Նույն կերպ դադարում էին մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի լիազորությունները: Այսինքն՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները որպես ՍԴ նախագահ դադարել են, և, ըստ էության, այս հանգամանքը նկատի ունի Արսեն Բաբայանը, երբ նշում է, թե իշխանությունների ցանկությունը բավարարվել է։

Այսօրվա դատական նիստի ընթացքում դատարանը որոշեց նաև ԱԺ նախկին նախագահ, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Արա Բաբլոյանին թույլատրել սեպտեմբերի 14-ից մինչև հոկտեմբերի 4-ն աշխատանքային այցով մեկնել Հայաստանից։

Դատարանը նշեց, որ հաշվի է առնվում Բաբլոյանի անձը, ընտանեական դրությունը, կապը Հայաստանի Հանրապետության հետ, զբաղեցրած պաշոնը, նախաքննության և դատաքննության ընթացքում դրսևորած վարքագիծը, ինչպես նաև այն հանգամանքը, որ դատախազը դեռևս Բաբլոյանի և Բաբայանի վերաբերյալ գործի նախաքննության ընթացքում Բաբլոյանին երկրից որոշ ժամանակով բացակայելու թույլտվություն է տվել, սակայն նա չի մեկնել։

Լուսանկարում՝ ձախից Արա Բաբլոյանը, աջից՝ Արսեն Բաբայանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter