HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մարիա Կոլեսնիկովան և ընդդիմադիր երկու այլ գործիչներ անհետացել են Մինսկում. Կոլեսնիկովան ձերբակալվել է, իսկ Կրավցովը և Ռոդնենկովը Ուկրաինայում են (թարմացված)

Բելառուսի համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովայի և ընդդիմադիր երկու այլ գործիչների՝ Իվան Կրավցովի և Անտոն Ռոդնենկովի գտնվելու վայրը շարունակում է մնալ անհայտ։ Նրանք կորել էին սեպտեմբերի 7-ի առավոտյան։ Այդ մասին գրում է «BBC»-ն։

Մարիա Կոլեսնիկովային, որը նաև Վիկտոր Բաբարիկոյի շտաբի ղեկավարն է, անհայտ անձինք գողացել էին Մինսկի կենտրոնից։ Նրանք ստիպել են նրան նստել միկրոավտոբուսներից մեկը և տարել անհայտ ուղղությամբ։ Թե ովքեր են եղել այդ մարդիկ և արդյոք պատկանում են պետական ուժային կառույցներին, դեռևս անհայտ է։ Բելառուսի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ տեղեկատվություն չունեն ընդդիմադիր գործչի հնարավոր ձերբակալման մասին։

Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան Կոլեսնիկովայի, Ռոդնենկովի և Կրավցովի անհետացումն անվանել է ընդդիմությանը վախեցնելու նպատակ հետապնդող գործողություն, որը միտված է համակարգող խորհրդի աշխատանքների տապալմանը։

Կոլեսնիկովայի անհետացման կապակցությամբ իրենց մտահոգություններն են հայտնել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է, որ «Լուկաշենկոյի ռեժիմը իր գլխավոր առաջնահերթությունը պետք է դարձնի նրա անվնաս վերադարձը։ Ռեժիմը պետք է դադարեցնի ցուցարարների դեմ բռնությունները, ազատի քաղբանտարկյալներին և երկխոսություն սկսի ընդդիմության հետ»։

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասն էլ հայտնել է, որ ԵՄ-ն աշխատում է Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցների փաթեթի վրա և հավելել. «Մենք շատ ենք անհանգստանում տիկին Կոլեսնիկովայի համար։ Ընդդիմության վրա, որը պատրաստ է երկխոսության, բռնաճնշումների մեծ ալիք է թափվում, ինչն անընդունելի է»։

Մարիա Կոլեսնիկովան Սվետլանա Տիխանովսկայայի միացյալ նախընտրական շտաբի երեք ղեկավարներից մեկն էր։ Մյուս երկուսը՝ հենց ինքը Սվետլանա Տիխանովսկայան և Վերոնիկա Ցեպկալոն, ընտրություններից հետո, ստիպված լքել են Բելառուսը։ Համակարգող խորհրդի ձևավորման փաստով, որի կազմում ներառվել է նաև Կոլեսնիկովան, Բելառուսում հարուցվել է քրեական գործ։

Մարիա Կոլեսնիկովան առևանգվել է սեպտեմբերի 7-ի առավոտյան ժամը 10:05-ին՝ Բելառուսի ազգային պատկերասրահի մոտից։ Մինսկի Անաստաստիա անունով բնակչուհին, որը դարձել է առևանգման ականատես, ճանաչել է Կոլեսնիկովային և նշել, որ լսել է գետնին ընկած հեռախոսի ձայն, որից հետո շրջվել է և տեսել, որ քաղաքացիական հագուստներով դիմակավորված անձինք Մարիային նստեցնում են միկրոավտոբուսը։ Այդ մարդկանցից մեկը վերցրել է Կոլեսնիկովայի հեռախոսը, նստել միկրոավտոբուսը, որից հետո միկրոավտոբուսը մեկնել է։ Ականատեսի խոսքերով նա չի համարձակվել տեսանկարահանել կատարվածը, քանի որ շատ մոտ է եղել դիմակավորված անձանց և վախեցել, որ իրեն նույնպես կառևանգեն։ «Tut.by»-ը գրում է, որ Կոլեսնիկովայի հեռախոսը հասանելի է, սակայն ոչ մեկ չի վերցնում հեռախոսը։

Բելառուսի համակարգող խորհրդի մամլո ծառայությունը նաև հայտարարել է, որ չեն կարողանում կապի դուրս գալ նաև համակարգող խորհրդի մամլո քարտուղար Անտոն Ռոդնենկովի և գործադիր քարտուղար Իվան Կրավցովի հետ։ Վիկտոր Բաբարիկոյի շտաբի մամուլի քարտուղար Գլեբ Գերմանը հայտարարել է, որ իրավաբանները զբաղվում են որոնումներով։ Ըստ նրա՝ պաշտպանության համապատասխան ծանուցումները շուտով կուղարկվեն ՊԱԿ և Քննչական կոմիտե։ Ըստ Գերմանի՝ Ռոդնենկովը և Կրավցովը կարող էին ձերբակալվել, երբ գնացել են Կոլեսնիկովայի տուն, որպեսզի պարզեն վերջինիս ճակատագիրը։

Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են 2020 թվականի օգոստոսի 9-ին։ Նույն օրը բողոքի ցույցեր են սկսվել ընդդեմ ընտրությունների արդյունքների։ Ըստ ԿԸՀ տվյալների՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկիրը ղեկավարում է արդեն 26 տարի, հավաքել է ձայների 80,1 %-ը, իսկ հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ մոտ 10 %։

Բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել են հազարավոր ցուցարարները, առնվազն երեքը մահացել, ևս 60-ը համարվում են անհետ կորած։ Հարուցվել են քրեական գործեր։ Ընտրությունների արդյունքները ճանաչել են Ռուսաստանը և հետխորհրդային մի քանի երկրներ, այդ թվում նաև Հայաստանը։ Եվրոպան և Միացյալ Նահանգները չեն ճանաչում արդյունքները, Բալթյան երկրները պատժամիջոցներ են սահմանել Լուկաշենկոյի և նրա շրջապատից ևս 30 այլ անձանց նկատմամբ։

Թարմացում. «TACC» գործակալությունը, հղում կատարելով Բելառուսի սահմանապահ կոմիտեին, հայտնել է, որ սեպտեմբերի 8-ի գիշերը Մարիա Կոլեսնիկովան, Անտոն Ռոդնենկովը և Իվան Կրավցովը հատել են Ուկրաինայի սահմանը։ «Белта» պետական գոծակալության տվյալներով՝ ընդդիմադիրները «փորձել են անօրինական ճանապարհով լքել Բելառուսի տարածքը»։ Կոլեսնիկովան ձերբակալվել է, իսկ Ռոդնենկովը և Կրավցովը գտնվում են Ուկրաինայում։

Ավելի ուշ, Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը «Белсат» հեռուստաընկերությանը հայտնել է, որ Կրավցովը և Ռոդնենկովը ժամանել են Ուկրաինայի սահմանային անցակետ, իսկ Կոլեսնիկովան՝ ոչ։

«Белта»-ի տելեգրամյան ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ Իվան Կրավցովը հայտարարում է, որ որոշել է լքել Բելառուսը։

Բելառուսի ընդդիմության աղբյուրները «Интерфакс»-ին հայտնել են, որ Կոլեսնիկովան, Ռոդնենկովը և Կրավցովը չէին պատրաստվում մեկնել Բելառուսից։ Գործակալության զրուցակցի խոսքերով՝ Բելառուսի հատուկ ծառայությունները կարող էին նրանց մեկուսարանից տեղափոխել Ուկրաինայի սահման, որից հետո ստիպել լքել երկիրը։ Աղբյուրը հաստատել է, որ Կոլեսնիկովան ձերբակալվել է սահմանը հատելու ժամանակ։ Ըստ նրա՝ տեղի ունեցածը Բելառուսի հատուկ ծառայությունների բեմադրությունն է։

Լուսանկարը՝ «Tut.by»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter