HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում պաշտոնապես գրանցված է 179.257 հաշմանդամ

Վաղը տեղի կունենա հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական ընդլայնված նիստը, որի ժամանակ կներկայացվեն ԱՄՆ ՄԶԳ-ի «Աշխատանքի մատչելիություն հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագիրը և Երևանի ու մարզային հանձնաժողովների նախագահների հաշվետվությունները՝ 2011թ. կատարած աշխատանքների մասին:

«Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագիրը Հայաստանում կխթանի հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար աշխատանքային պայմանների ապահովումը:

Հայաստանում պաշտոնապես գրանցված է 179.257 հաշմանդամ: Նրանց մեծ մասը շարունակում է դիմակայել հասարակության կողմից հաշմանդամության թյուր ընկալմանը, կանոնակարգերի ոչ պատշաճ կիրառմանը և աշխատավայրում խտրականության դրսևորումներին: Բացի դրանից՝ հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ բավարար տեղեկություններ չունեն իրենց իրավունքների վերաբերյալ:

Թեև Հայաստանում նկատելի բարեփոխումներ են իրականացվել, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հիմնականում բավարարված չեն, և ամբողջական մոտեցում ցուցաբերելու կարիք կա՝ հաշմանդամությունը պատշաճ կերպով դասակարգելու, մեծամասշտաբ մասնագիտական վերապատրաստումներ և աշխատանքին համապատասխանեցման ծառայություններ ապահովելու նպատակով:

ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ «Սեյվ դը չիլդրեն»-ի կողմից իրականացվող նոր ծրագիրն իր նպատակի իրականացման համար կկիրառի հետևյալ ուղղությունները.

ա/ հաշմանդամություն ունեցող անձանց անհատական զարգացում՝ գնահատման, հմտությունների խթանման և աշխատանքի տեղավորման միջոցով,

բ/ ծառայություններ մատուցողների, հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների, գործատուների և միջին մասնագիտական կրթական հաստատությունների կարողությունների զարգացում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հոգալու համար,

գ/ լրատվամիջոցների, ինտերնետի և համաժողովների միջոցով հանրային իրազեկության բարձրացում և հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդմամբ՝ ծրագիրը կիրականացվի Երևանի 10 համայնքում և Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում:

Վաղը տեղի ունենալիք միջոցառմանը մասնակցում են հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱՍՀ նախարար Արթուր Գրիգորյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման, «Սեյվ դը չիլդրեն»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Իրինա Սաղոյանը, ՀՀ կառավարության, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների, տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Մեկնաբանություններ (1)

Գոհար Արշակյան
Ամեն անգամ ,,հաշմանդամություն ունեցող անձ,, արտահայտությունը լսելիս սղոցվում են նյարդերս ու ականջներս... սա դեռ ոչինչ, իսկ մեր մայրենի՞ն, ինչ աստիճան է ոտնահարվում,չէ որ 3 բառի փոխարեն ունենք 1 բառ` հաշմանդամ, ինչու՞ են այս աստիճանի տուրք տալիս այլալեզվին,ինչու՞ են կատարում լոկ տեխնիկական թարգմանություն ու փորձում խաբել հանրությանը, թե ,,հաշմանդամ,, ասելով իբր վիրավորում են հաշմանդամներին, այն բարեհունչ չէ...իսկ ի՞ նչն է փոխում 3 բառի կիրառությունը, ուր դարձյալ գործածում ենք հաշմանդամ բառը, ոչինչ, պարզապես ոտնահարում ենք մայրենին ու մեր խոսակցականում ամրագրում ոչ հայեցի ևս մի արտահայտություն...Կարծում եմ այս առիթով իր հեղինակավոր խոսքը վաղուց պետք է արտահայտած լիներ լեզվի պետական տեսչությունը...Ակնկալում եմ վերջինիս արձագանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter