Պետական մարմիններին ամրացված անշարժ գույքի վիճակի մոնիթորինգ կիրականացվի
Պետական գույքի կառավարման կոմիտեն նախատեսում է պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վիճակի մշտադիտարկում իրականացնել: Կոմիտեն նաև գույքի օգտագործման բարելավման վերաբերյալ առաջարկություններ պետք է ներկայացնի։
Նման որոշման նախագիծ այսօր հանրայն քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Նախագծի նպատակն է պետական գույքի կառավարման և դրա օգտագործման արդյունավետության բարձրացման հիմնական ուղղությունները բացահայտել:
«Վերջինս չափազանց կարևոր գործիքակազմ է պետական գույքի հետագա կառավարման ժամանակ հիմնավորված որոշումներ ընդունելու համար։ Դրա հետ կապված անհրաժեշտ է հնարավոր սեղմ ժամկետում ստեղծել նաև անշարժ գույքի մոնիթորինգի համակարգ, որը մինչ օրս գոյություն չունի և որի պատճառով չի կատարվել անշարժ գույքի օգտագործման արդյունավետության գնահատում։ Նոր գործիքակազմը հնարավորություն կտա պարզել անշարժ գույքի վիճակը, բացահայտել տեղ գտած բացթողումները, թերությունները, օգտագործողի կողմից կատարված խախտումների բացահայտումը»,- գրված է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագծում:
Մշտադիտարկումներ անցկացնելու մոնիթորինգի համակարգի շնորհիվ հնարավոր կլինի պարզել՝
- չօգտագործվող կամ ոչ արդյունավետ օգտագործող պետական գույքի մակերեսները և բնութագրիչները
- մասնավոր անձանց օգտագործման հանձնված պետական գույքի օգտագործման վիճակը և օգտագործումից ստացված արդյունքների դինամիկան և միտումը
- պետական մարմիններին և կազմակերպություններին ամրացված և օգտագործման հանձնված անշարժ գույքի պահպանման և օգտագործման վիճակը
- պետական մարմիններին և կազմակերպություններին ամրացված և օգտագործման հանձնված անշարժ գույքի օգտագործման համապատասխանությունը մարմնի կանոնադրական գործառույթներին
-պետական գույքի բոլոր տարրերի վերաբերյալ նախորդ ժամանակահատվածի համեմատությամբ տեղի ունեցած փոփոխությունների դինամիկան, այդ փոփոխությունների դրական կամ բացասական միտումները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել