HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կազմակերպությունների` ներքին արտադրության համար կիրառվող որոշ հումքերի ներմուծումն ազատել ակցիզային հարկից. Կառավարության առաջարկը

Կառավարությունն առաջարկում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ներքին արտադրության համար անհրաժեշտ որոշ հումքերն ու նյութերն ազատել ակցիզային հարկից:

Փոփոխություններն առաջարկվում են «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքի և Հարկային օրենսգրքի նախագծերում:

Ըստ հիմնավորման` փոփոխությունները հարկավոր են մշակող արդյունաբերության ոլորտում անհրաժշտ ապրանքների ներմուծման համար, որպեսզի ընկերությունների ֆինանսական բեռը թեթևանա:

Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ հարցը վարչապետի հանձնարարությամբ քննարկվել է նաև մշակող արդյունաբերական ոլորտների ներկայացուցիչների հետ (ինչպես նաև Ծաղկաձորում բիզնեսի ներկայացուցիչների հետ վարչապետի հանդիպմանը), որտեղ վերջիններս բարձրացրել են նշված խնդիրը և համապատասխան առաջարկություններ ներկայացրել ցանկի անհրաժեշտ ապրանքները ներառելու վերաբերյալ:

Ցանկում ապրանքների ընդգրկումը կատարվել է հիմք ընդունելով արդյունաբերական ձեռնարկությունների կողմից ներմուծվող և բացառապես արտադրանք թողարկելու համար անհրաժշտ սարքավորումներն ու հումք-նյութերը: Ուսումնասիրվել են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրի շրջանակներում ներերմուծվող ապրանքների կազմը և ներառվել են սարքավորումներ ու հումք-նյութերը, որոնք Հայաստանում չեն արտադրվում և միջնաժամկետ կտրվածքում չեն արտադրվելու, ուստի անհրաժեշտություն է լինելու, այն պարբերաբար ներմուծել արտերկրից:

Ինչպես` քիմիական նյութեր, մորթիներ, բրդյա և բամբակյա գործվածքներ, թելեր, ճարմանդներ և այլն, որոնք օգտագործում են տեղական թեթև արդյունաբերության ոլորտի ընկերությունները հագուստի արտադրության համար, երկաթյա հարթ գլանվածքներ, որոնք հիմնականում օգտագործվում են երկաթյա խողովակների արտադրության համար: Տարբեր տեսակի մետաղներ և դրանցից կիսապատրաստուկներ, թափոն և ջարդոն` մետալուրգիական և մետաղամշակման ձեռնարկությունների համար, տարբեր տեսակի սարքավորումներ` արտադրական պրոցեսների հսկման և չափման համար ջերմոցային տնտեսությունների համար  անհրաժեշտ քիմիական նյութեր, բժշկական դիմակների արտադրության համար անհրաժեշտ նյութեր:

Նշվում է նաև, որ նախագծում ներառվել են ներմուծվող սարքավորումների և հումք-նյութերի ցանկի մի մասն այն պատճառով, որպեսզի կարճաժամկետ կտրվածքում չառաջացվի որոշակի հարկային բեռ պետական բյուջեի համար: Կառավարությունում չեն բացառել, որ հետագայում ներմուծվող այլ ապրանքներ կընդգրկվեն ցանկում:

Նախագծում ընդգրկված ապրանքատեսակների ներմուծման ծավալները 2018-ին եղել են 61 մլրդ դրամ, իսկ 2019` մոտ 70 մլրդ դրամ:

Ըստ գործադիրի հիմնավորման` փոփոխությունները հավասար պայմաններ կստեղծեն բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար, որովհետև բոլոր արտադրողները (անկախ ներդրումային ծրագրի առկայությունից) կարող են վերը նշված ապրանքները ներմուծել հավասար պայմաններով:

Նախագիծը մշակվել է հաշվի առնելով շահագրգիռ պետական մարմինների` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության, Առևտրաարդյունաբերական պալատի, առանձին կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի առաջարկությունները: Նախագծերի փաթեթը շրջանառության մեջ է դրվել սեպտեմբերի 4-ին, սակայն այն դեռևս պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը` լիագումար նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter