
Սերգո Դավթյան. «Մենք աշխատելով ենք հմտանում հյուրատնային բիզնեսի մեր գործի մեջ»
Սերգո Դավթյանը 2013թ.-ին իր բիզնեսը սկսել է սեփական առանձնատան 2 սենյակով: Առանձնատանը բնակվում էր նաեւ ընտանիքը: 2014թ.-ին Սերգո Դավթյանը նկատել է, որ հյուրատնային բիզնեսում իր ընտանիքը ձեռք է բերել որոշ հմտություններ և որոշել է այդ գործում առաջ գնալ:
«Օձուն» հյուրատունը 2014թ.-ից հետո ամեն տարի հյուրերի 20 տոկոս աճ է ունեցել, իսկ 2019թ.-ին 920 գիշերակացով հյուր է ընդունել և 16, 6 մլն դրամի շրջանառություն ապահովել: Հյուրատունը 2020թ.-ի հյուրընկալության համար գրանցել է 1020 պատվեր, որը, սակայն, չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:
«Հյուրատան այս տարվա պատվերների չեղարկման հետևանքով 20-22 մլն դրամ շրջանառու միջոցից զրկվել ենք»,-ասում է Սերգո Դավթյանը: «Օձուն» հյուրատանն այս պահին գործում է 8 սենյակ և կարողանում է հյուրընկալել 16 հոգու:
Սերգո Դավթյանը 2019թ.-ին ստացած եկամուտը համարել է հուսադրող և նույն տարվա գարնանը սկսել է հյուրատան նոր շենք կառուցել: Այն նույնպես ունենալու է 8 սենյակ։
«Թոռնիկ ունեցանք, մտածեցի մեր առանձնատանը երեխայի աղմուկը կարող է խանգարել հյուրերին, որոշեցի կառուցել առանձին հյուրատուն»,-պատմում է Սերգո Դավթյանը:
Ս. Դավթյանի խոսքով, իր հյուրատան նոր շենքը պետք է բավարարի զբոսաշրջիկների պահանջմունքները: Շենքի կառուցման համար գործարարը նաև 25 մլն դրամ վարկ է վերցրել:
Ս. Դավթյանի խոսքով՝ եթե հյուրատունը տնտեսական այս տարում աշխատեր նորմալ ռիթմով, ներդրումային իր գործը կթեթևանար:
Չնայած «Ակբա–Կրեդիտ Ագրիկոլ» բանկը Ս. Դավթյանի վարկի մայր գումարի մարումը հետաձգել է մեկ տարով, այնուամենայնիվ, կորոնավիրուսի վարակի պայմաններում Ս. Դավթյանի սկսած հյուրատան նոր շենքի կառուցումը բարդացել է:
«Օձուն» հյուրատունն այս պահին հյուրեր է ընդունում Հայաստանի տարբեր վայրերից: Հյուրատունը հարմարեցվել է հակահամաճարակային պայմաններին: Ս. Դավթյանի պատմելով, կորոնավիրուսի պայմաններում գնի հարցում երբեմն կարճ սակարկություն են ունենում հյուրերի հետ: «Մենք հարմարվում ենք մեր հյուրերի հնարավորություններին»,-ասում է նա:
Հյուրատան սննդակարգում ներառված է հիմնականում էկոլոգիապես մաքուր սնունդ, որի մի մասն արտադրում է ինքը՝ Ս. Դավթյանը, մյուս մասն էլ գնում է Օձունի գյուղացիներից:
«Ամեն տարի 4 մլն դրամի գյուղմթերք եմ գնում օձունցիներից։ Կորոնավիրուսի վարակի պայմաններում հյուրատանը մատուցում ենք նաև այնպիսի սննդամթերք, որը կնպաստի հյուրերի իմունիտետի բարձրացմանը: Նախընտրում ենք նախաճաշին մատուցել մեղր, տանը պատրաստված անարատ կարագ, պանիր, ձու, մրգային տարբեր մուրաբաներ, բանջարեղեն և շուկայից ձեռք բերված մրգեր: Առաջարկում ենք նաև թեյի տարբեր տեսակներ, որպես նախաճաշ մատուցում ենք նաև հյուրի պահանջած ճաշատեսակը»,- պատմեց Ս. Դավթյանը:
Հյուրատան հյուրերը երբեմն իրենք են ուզում պատրաստել իրենց սնունդը: Ս. Դավթյանի բացատրությամբ, դա յուրահատուկ ծառայություն է, այդ ժամանակ հյուրին իրենք տալիս են ճաշ պատրաստելու հնարավորություն և սառնարան:
«Անում ենք ամեն ինչ՝ ամենաքմահաճ հյուրերի հանգստի պայմաններն ապահովելու համար: Ինչքանով է դա մեզ հաջողվում, արդեն կասեն մեր հյուրերը»,-ասում է Ս. Դավթյանը:
Բացի հյուրատնային գործից, Ս. Դավթյանն իր 2000մ տնամերձ հողամասում զբաղվում է հողագործությամբ: Հյուրերին մատուցում է իր աճեցրած վարունգը, լոլիկը, բազուկը, կանաչ լոբին ու այլ բանջարեղեն:
Սերգո Դավթյանը զբաղվում է նաև մեղվապահությամբ: Մեղվի 22 փեթակ ունի: Նա հյուրերին մեղրի արտադրության դասեր է տալիս, կազմակերպում է մեղրի համտես:
Հյուրերը համտեսում են նաև մրգային թունդ ըմպելիքներ: «Մեղրից էլ եմ օղի թորում, այս տարի շատ լավ էր արտադրանքը, զբոսաշրջիկները դրանով հետաքրքրված են։ Հյուրին չենք նայում որպես հաճախորդի: Չնայած դա աշխատանք ու բիզնես է և որոշակի շահույթ է հետապնդում, մենք հյուրատան հյուրին վերաբերվում ենք մեր անձնական հյուրի պես: Դա մեր բիզնեսում իմ ընտանիքի առաջին մոտեցումն է»,- ասում է գործարարը։
Ընտանեկան իրենց բիզնեսի հաջողության գլխավոր դերակատար Սերգո Դավթյանը համարում է կնոջը՝ ֆրանսերենի ուսուցչուհի Ազնիվ Ասրյանին:
«Ես իմ կնոջ օգնականն եմ: Ազնիվը մեր ղեկավարն է»,- ասում է նա:
Ազնիվ Ասրյանը տիրապետում է երկու օտար լեզվի՝ ֆրանսերենի և անգլերենի։
«Տղաս տիրապետում է անգլերենին, հարսս՝ գերմաներենին: Ամուսինս՝ բոլոր լեզուներին»,-ասում է տիկին Ազնիվը: Իր համար՝ որպես տանտիրուհու հաճելի և հեշտ էաշխատել ֆրանսիացի հյուրերի հետ: «Ֆրանսիացիների հետ դառնում ենք ընտանիքի անդամներ, նրանք հատկապես շատ ոգևորվում և զարմանում են, որ հայկական գյուղական ընտանիքում կա իրենց մայրենի լեզվով խոսող տանտիրուհի»,- պատմում է Ազնիվը:
Օձունում զբոսաշրջիկներին հետաքրքրում է ամեն ինչ: «Շրջում են գյուղում, այցելում են 6-րդ դարի կառույց, Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցի: Քայլող խմբեր կան, որոնք ոտքով գնում են Օձունից 1,5 կմ հեռավորության վրա գտնվող 8-րդ դարի կառույց «Հոռոմայր» և Հարավկովկասյան երկաթուղու Քոբեր կայարանի բարձրադիր վայրում գտնվող միջնադարի կառույց «Քոբայր» վանքեր»,- պատմում է Ս․ Դավթյանը:
Սերգո Դավթյանը մասնագիտությամբ ֆիզիկայի ուսուցիչ է։ Նա երկրորդ մասնագիտությամբ տնտեսագետ է: Ասում է՝ ինքը և ընտանիքի մյուս անդամները հյուրատնային բիզնեսում հմտանալու համար պարբերաբար մասնակցում են տարբեր սեմինարների և թրեյնինգների:
«Ինչքան սովորում ենք, այնքան նկատում ենք, որ հյուրատնային բիզնեսի արվեստից դեռ շատ բան չգիտենք: Մենք աշխատելով ենք հմտանում հյուրատնային բիզնեսի մեր գործի մեջ»,- ասում է գործարարը:
Մեկնաբանել